Նոյեմբերի 22, 2024

Դահրավում ապրելը դժվար է, Դահրավից հեռու՝ ավելի

By Անի Աբաղյան Մարտի 19, 2022

Դահրավի համայնքապետարանի շենքի պատշգամբից ուղիղ տեսարան է բացվում դեպի Հակոբյանների տունը։ Այդ տեսարանում աչքի ընկնողը  2 թե 3 լվացքի պարանններն են՝ բեռնված տարբեր գույների ու չափերի շորերով։      Արևոտ օրերին ընտանիքն օրվա մեծ մասը բակում է անցկացնում։ Հյուրերին էլ ընդունում-ճանապարհում են բակից։ Ընտանքի  ցավոտ խնդիրներից մեկը՝  ջրի խնդիրը երևում է հենց բակում․   մի կողմում ջրատար բաք է դրված, մյուս կողմում դույլերը՝ առանց ջրի։

«Տանը ջուր չունենք ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման, սեփական տուն չունենք»։«Չենք էլ ուզում, կուշտ ենք»։«Դե ուշադրություն չեն դարձնում։ Ամուսինս երկու պատերազմների մասնակից է , քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ էլ վիրավորվել է։ Ոչ մեկ չի օգնում, աջակցում, մենակ գյուղապետն ու դպրոցի տնօրինությունն են աջակցել»։

Պատերազմը փոխել է Արկադիին, հիմա շատ զգայուն է՝ ասում է կինը։ Փոխարենը ես եմ պնդացել։ Պատերազմից և հետևանքներից խոսելիս աչքերը թաքցնում ու լռում է։ Չնայած առողջական խնիրներին, կնոջ համար լավ օգնական է։

«Երեխաս թոքաբորբով հիվանդ էր, 10 օր հիվանդանոցում էինք, ինքը երեխաներին լողացնում էր, շորերը փոխում, միասին դասերն անում և ուղարկում դպրոց։ Երբ հարցնում էի ինչպես են երեխեքը, գյուղի կանայք ասում էին «քեզնից մաքուր ա պահում»»։

Երբ ընտանիքը սեղանի շուրջ է հավաքվում ու ճաշը քչություն է անում, ծնողներն այնպես են անում, որ երեխաները չնկատեն։ Արագ ինչ-որ բան են պատրաստում ու միանում նրանց։ Տան առջև փոքր հողատարծք ունեն, ուզում էին հարևան տարածքն օգտագործելով ջերմոց կառուցել, բայց․․․

«Ուզում էի հարևան տարածքում էլ ջերմոց պատրաստեմ էդ էլ շտաբ են դարձնում։ Բոլոր անհրաժեշտ պարագաները բերել էի, որ սկսեմ։ Որ իմացա շտաբ են դարձնում, հիասթափվեցի»:

Արկադին պատերազմի 34-րդ օրն է վիրավորվել թոքերից։ Երևանում երկար բուժում ստանալուց հետո են Դահրավ վերադարձել։ Զինհաշմանդամության թոշակի համար դեռ չի դիմել։

«Հաշմանդամության կարգ չունեմ ու չեմ էլ հետաքրքվել։ Ինձ առողջ եմ պատկերացրել»։

Տան  ամբողջ կահկարասին կազմում են  յոթ մահճակալը,  մեկ պահարանն  ու  սեղանը։ Հակոբյանների տանը պակաս իրեր շատ կան, փոխարենը  աղմկոտ են երեկոները։ Այստեղ   երեխաներով են հարուստ։

«ՄԵնք տանը շատ ենք խաղում, ուրախանում, հատկապես  արջուկներով։   Դրսում էլ ենք խաղում։ Հողի վրա  կամ   Աննայի ալբոմի մեջ  նկարչություն ենք անում, սրտիկներ ենք նկարում»։

Հիմա հաստատված գրաֆիկ ունի Արկադին․ մեկ շաբաթ «առողջ» է ու աշխատանքի, մյուս շաբաթ տանն ու վատառողջ։ Կինը՝ Նաիրան, տարվա բոլոր օրերին է տանը․ առավոտյան երեխաներին դպրոց ուղարկելը, տան փոքրիկների չարաճճիությունները դիմանալն ու նրանց հետևից հավաքելն է տանտիկնոջ կարևոր գործը։   Նրանց ամենամեծ ցանկությունը ուշադրությունն է առաջին հերթին պետության կողմից, հետո նաև  հարևանների ու  ընկերների։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ