Նոյեմբերի 21, 2024

Ջրի խնդիրը քայլ առ քայլ լուծվում է

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 25, 2022

Մարտունու շրջանի Ծովատեղ, Քարահունջ, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքներում ավարտին են մոտենում նոր  ջրագծերի ու ներքին ցանցերի կառուցման աշխատանքները: Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայիրյանը ներկայացնում է այն համայնքները, որտեղ նախատեսվում կամ արդեն մեկնարկել  են կառուցման աշխատանքները:

«Տարբեր համայնքներում խմելու ջրի մատակարարման համակարգեր են կառուցվում: Մարտունու շրջանի Նորշեն գյուղում կառուցվում է խմելու ջրի ներքին ցանց: Ջրամատակարարման աշխատանքները շարունակվում են Ասկերանի շրջանի Իվանյան, նախատեսվում՝ Խանցք գյուղում: Մարտակերտի շրջանում շարունակվում են Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Ճանկաթաղ, Մոխրաթաղ համայնքների ջրամատակարարման աշխատանքները»:

Ամռան ամիսներին մի շարք համայնքներ ջուր էին ստանում  գրաֆիկով՝ օրական մի քանի ժամ: Կային նաև  համայնքներ, որոնք ընդհանրապես զրկված  էին խմելու ջրից: Գեորգի Հայրիյանի խոսքով՝ այս համայնքներում ջրամատակարարման խնդիրը լուծելուց հետո էլ Արցախում  ջրի հիմնախնդիրը լրիվությամբ չի լուծվում:

«Ներկա դրությամբ կենտրոնական ջրամատակարարում է իրականացվում 70 համայնքում: 40-ից ավելի համայնքներ դեռ մնալու են առանց կենտրոնացված ջրամատակարարման: Սակայն ջրի պաշարների սակավություն նկատվում է նաև այն 70 համայնքներում»:

Երկրում նկատվում է  ոչ միայն խմելու ջրի սակավություն:  Պակաս սուր չէ դրված նաև  ոռոգման ջրի խնդիրը: Մի շարք համայնքներում իրականացվում են ոռոգման ջրի մատակարարման աշխատանքեր՝ ասում է զրուցակիցս:

«Ոռոգման ջրի համար մեծ ծրագիր է իրականացվում Ասկերանի շրջանում: Ասկերան քաղաքի, Նախիջևանիկ, Խրամորթ, Խնապատ, Վարդաձոր համայնքների հողերն արդեն մեծամասամբ ոռոգելի են դարձել: Տարբեր տեղեր արտեզյան հորեր են փորվում: Աշխատանքներ են տարվում Սոս, Խնուշինակ, Գիշի, Բերդաշեն գյուղերում և Ճարտար քաղաքում»:

Պատարա գետի վրա կառուցվող ջրամբարի շինաշխատանքները  նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: 22-կիլոմետրանոց ջրագծի կառուցումը  նախատեսվում է  ավարտել ավելի շուտ՝ այս տարվա հուլիսին, որպեսզի Ստեփանակերտն ամռանը ապահովված լինի խմելու ջրով: Գեորգի Հայրիյանի խոսքով՝ ջրամբարի կառուցման աշխատանքները դեռևս 1-ին փուլում են:

«Կատարվում են ջրընդունիչի կառուցման և մինչև Ստեփանակերտ ջրատար խողովակի անցկացման աշխատանքները: Հաջորդ փուլում ջրամբարի կառուցումն է: Աշխատանքները պետք է ավարտել 3 տարի ժամկետում: Արդյունքների մասին պետք է խոսենք ամռանը»:

Ջրամբարը հնարավորություն կտա ոռոգել ավելի քան 2500 հա հող: Հետպատերազմական իրավիճակը ջրային կոմիտեի աշխատանքի համար  օրենսդրական   փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել: Ջրային կոմիտեի նախագահը ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել  առաջարկվող փոփոխությունները՝   «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ԱԺ օրենքի նախագիծը:  

«Ջրային կոմիտեին լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար ժամանակ էր տրված մինչև 2022 թվականը: Առաջարկում եմ օրենքի նախագծով ժամկետը երկարացնել ևս 5 տարով»:

Հանձնաժողովը օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել։ Այն կներառվի ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ