Իրականում Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականի փետրվարից շփվում են ադրբեջանական կողմի հետ: Այս մասին «Արցախ» լրատվականին ասաց Ջրային կոմիտե ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը՝ մեկնաբանելով հանդիպման մասին տեղեկատվությունը։
«44-օրյա պատերազմից հետո մենք ունեինք լուրջ խնդիրներ թե՛ ոռոգման համակարգերում, թե՛ խմելու ջրի մատակարարման հետ։ Հարցերը համատեղ լուծելու համար խաղաղապահ ուժերի հետ հանդիպումներ ենք սկսել ադրբեջանական կողմի հետ, մտահոգիչ որոշ հարցեր լուծվել են տեղում»:
Այո, նախաձեռնությունը մեր կողմից էր, հաստատում է Ջրային կոմիտեի տնօրենը, քանի որ խնդիրները լրջագույն էին, իսկ ընթացքում ադրբեջանական կողմն էլ իր առաջարկություններն է ներկայացրել։
«Նաև եղել է իրենց կողմի առաջարկությունը Սարսանգի ջրերի օգտագործման հարցում, քանի որ համակարգն այնպես է կառուցված, որ Սարսանգի ջրերից չենք կարողանում Արցախի տարածքում ոռոգման ջուր ստանալ, այլ օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով»։
44-օրյան բարդագույն խնդիրներ է առաջացրել Արցախի համար․ նոր իրողություններում պետք էր փորձել մարդկանց նվազագույն կենցաղային պահանջները բավարարել, ու փորձել տնտեսության մեջ առկա նոր մարտահրավերներին դիմակայել՝ ստեղծված իրավիճակն է մեկնաբանում մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ Այս պայմաններում ստիպված ենք համագործակցել․
«Սարսանգը մեր հսկողության տակ է, բայց Սարսանգ մտնող ջրային ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի։ Քանի դեռ այս իրավիճակում ենք, Ադրբեջանի հետ պետք է փորձենք համագործակցել։ Մենք պետք է հնարավորություն ունենանք վերահսկելու, վերանորոգելու այդ հատվածը։ Դա հնարավոր է եղել 2021 թվականի ընթացքում ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և Ադրբեջանի հետ եկել ենք ընդհանուր հայտարարի։ Նրանք էլ հասկանում են, եթե խնդիրներ ստեղծեն մեզ համար, մենք էլ իրենց համար կարող ենք հարցեր առաջացնել»։
Արցախյան վերջին պատերազմից ընդամենը 25 օր առաջ Հանրապետության նախագահը հայտարարել էր Թարթառի ջրերը տեղափոխելու նախագծի մասին, այն որակելով դարի նախագիծ՝ իր ծավալների ու տնտեսական կարևորության համար։ Նախագիծը պիտի տնտեսական անկախություն ապահովեր և գյուղոլորտի զարգացման խթանիչ ուժը դառնար։ Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։
«Թարթառի հոսքը պիտի տեղափոխվեր թե՛ Մարտակերտի շրջան, թե՛ Ակնայի։ Հիմա, Ադրբեջանական կողմն առաջարկում է համատեղ օգտագործել ջրամբարը, ինչպես այն աշխատում էր սովետական տարիներին: Մենք դա ընդունելի ենք համարում, քանի որ բխում է մեր ժողովրդի շահերից։ 5000 հա ոռոգովի տարածքներ կարող ենք ստանալ»։
Առաջնահերթությունը, Գեորգի Հայրիյանի խոսքով, միանշանակ տրվում է էլելկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու խնդրին։ Այդ հանդիպումներին նաև «Արցախհէկ» ընկերության ներկայացուցիչներն են ներկա լինում։
«Վերջին հանդիպումը օգոստոսի 22-ին կազմակերպել ենք Սարսանգում, քանի որ նրանք ուզում էին տեսողական մոնիթորինգ անցկացնել, այսինքն կասկածներ ունեն, որ ջրամբարի տեխնիկական վիճակը, պատվարը ոչ բարվոք վիճակում է»:
Այս ամենը չպետք է քաղաքականացվի․ հիմա տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ բազմաթիվ հարցեր լուծվում են նման հանդիպումների միջոցով՝ ասում է Գեորգի Հայրիյանը։ Սարսանգը տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածք է․ Սարսանգի ջրերի համատեղ օգտագործման առաջարկներ, քննարկումներ եղել են անցած տարիներին նույնպես։ Նաիրի Հոխիկյանի կարծիքով փոխգործակցությունն անխուսափելի է և նորմալ․
«Այդ առումով կարևոր է նշել, որ եթե մենք կարողանում ենք վերահսկել, նորոգել Քարվաճառի շրջանում գտնվող ջրային ռեսուրսները, նույն հնարավորությունը պիտի տանք Ադրբեջանին»։
«Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ, քանի որ շատ բաներից տեղյակ չեն՝ խուճապային տրամադրություններ մեջ են ընկնում։ Սա համատեղ օգտագործում է այն առումով, որ Սարսանգի ջրամբարից դուրս եկող ջուրը նորմալ վիճակում հասնի Ադրբեջանին, և նույնկերպ համատեղ օգտագործումն այն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառից Սարսանգի ջրամբար եկող ջուրը նորմալ վիճակում հասնի մեզ»,-եզրափակում է Հոխիկյանը։