Լինում են դեպքեր, երբ փողոցով քայլելիս, անցորդը (անկախ տարիքից), մինչև չի տրորում կամ հարվածում դիմացինի ոտքը՝ չի նայում ճանապարհին։ Մարդիկ, հեռախոսից, համացանցից կախվածություն ձեռք բերելով դառնում են անզգույշ, կտրվում են իրական կյանքից։ ժամանակի կորուստ, առողջական խնդիրներ, ծնող-երեխա փոխհարաբերություններում վստահության կորուստ. ահա այս ամենին կարող է հանգեցնել հեռախոսից, համակարգչից , համացանցի տիրույթից երեխայի կախվածությունը՝ ասում են հոգեբանները: Իսկ ինչպես են վերաբերվում ծնողները և ինչ միջոցներ են կիրառում.
«Ինձ էլ թոռնիկ ունեմ, ամբողջ օրը հեռախոսը ձեռքին է։ Ինչքան ջղայնանում ենք, խոսում,մեկ է, չի օգնում ստիպված հեռախոսը փոխeլ ենք։ Հիմա հասարակներից է, որպեսզի համացանցից չկարողանա օգտվել»։
«Այսօրվա երեխաները, դե գիտեք, ամբողջ օրը հեռախոսի մեջ են․ նկարներ, վիդեոներ են նայում, խաղեր՝ խաղում, մեծերն էլ Facebook-ում են։ Ասում ենք տեսողությանդ վնաս է, քիչ օգտագործիր, դե․․․»։
Հարցումների ժամանակ հանդիպել ենք նաև երեխաների՝ հեռախոսով և առանց հեռախոսի: Լսենք նրանց։
«Ես հեռախոս չունեմ ու ազատ ժամանակ գրքեր եմ կարդում» «Ես հեռախոսով հետաքրքիր խաղեր եմ խաղում, օրինակ «Ո՞րն է ճիշտ»․ բառեր է գրում ու ես նշում եմ ճիշտը։ Հեռախոսը ձեռքիս պահում եմ օրական 1-2 ժամ»։
Համացանցն ու համակարգչային խաղերը դարձել են մեր օրերի ամենակարևոր ու միաժամանակ ամենավտանգավոր գործոններից մեկը: Երբեմն նույնիսկ անհնար է դառնում կտրվել այդ աշխարհից: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը մեզ հետ զրույցում փաստեց,որ հեռախոսից կախվածություն ունեն բնակչության մեծ մասը, բայց այն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Յարամիշյանի խոսքով՝ ծնողների՝ երեխաներից հեռախոսը խլելու, թաքցնելու քայլը ճիշտ չէ. կարելի է անմիտ նամակագրություններից, հաղորդումներից հեռացնելով երեխաներին ուղղորդել տարբեր հանրագիտարաններ, գիտելիքի այլ աղբյուրներ։
«21-րդ դարի մատուցած նորամուծություններից մեկը երեխաների չափից դուրս հրապուրվելն էր ժամանակակից կապի միջոցներից՝ հեռախոսներից, սոցիալական ցանցերից, որը իհարկե մեծերի տեսանկյունից դիտարկվում է որպես վնասական և բացասական երևույթ։ Դա իսկապես այդպես է։ Սոցիալական ցանցերում անընդհատ թափառելը, ժամանակի անիմաստ կորուստը երեխային կարող է հարուցել բավական դժվար կարգավորվող խնդիրներ»։
Այդ կախվածությունները երբեմն դժբախտ հանգուցալուծում են ունենում։ Տհաճ ու ողբերգական դեպքերից խուսափելու համար հոգեբան Յարամիշյանն իր տեսակետն ունի։
«Լավագույն խորհուրդս երեխային որևէ մարզաձևի տանելն է, նրա մոտ կարդալու սովորելու ցանկություն առաջացնելը։ Իսկ եթե պահանջը մեծ է սոցիալական ցանցերում լինելու, ապա ուսուցանել, սովորել, օգնել, որպեսզի օգտակարը հաճելիի հետ համատեղվի։ Ծնողները, մեծահասակները պետք է ուշադրության կենտրոնում պահեն իրենց երեխաներին ոչ միայն հեռախոսների, համացանցի հնարավոր վտանգներից խուսափելու, այլ 21-րդ դարի խելահեղ փոփողություններից»։
Համակարգչային կամ ինտերնետային կախվածության մասին սկզբում խոսում էին կեսկատակ, բայց հետագա իրականությունը ապացուցել է, որ կատակի մեծ մասը ճշմարտություն էր։ 1996 թ.-ից հոգեկան խանգարումների ախտորոշիչ վիճակագրական ձեռնարկում «կիբեռնետիկական խանգարում» անվամբ նոր ենթաբաժին է ավելացել և ավելի քան 25 տարի աշխարհի տարբեր ծագերում մարդկությունը պայքարում է այս նոր կախվածության դեմ։ Նման կախվածություն ունեցող մարդկանցից շատերը գիտակցում են իրենց, այսպես ասած, «հիվանդության» մասին, բայց նրանցից քչերն են պայքարում դրա դեմ։