Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ չի մասնակցելու բյուջեի քննարկումներին: Հավատարիմ մնալով դիրքորոշմանը՝ նիստի մեկնարկին խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ԱԺ պատգամավորներից ստացվել է 2 առաջարկություն: Երկուսն էլ ներկայացրել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը: Առաջարկությունների քննարկման արդյունքում պետական բյուջեում փոփոխություններ չեն իրականացվել: Նախարարը ներկայացրել է նախագծով առաջարկվող 2023 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները:
«Սեփական եկամուտների թիվը կազմելու է 49 մլրդ. 850 մլն. դրամ , ծախսերը՝ 215 մլրդ 171.3 մլն դրամ: ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը կազմում է 136 մլրդ. դրամ: Ընդհանուր եկամուտները կազմելու են 185 մլրդ 850 մլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 29 մլրդ. 321 մլն. դրամ»:
2023 թ.-ի բյուջեով՝ նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում՝ հայտնել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով այն կարծքիներին, թե 2023 թվականի բյուջեն նախորդի կրկնօրինակն է:
«Կարող եք ասել, որ սա նախորդ տարվա բյուջեն է, բայց այդպես չէ: Օրինակ, նախորդ տարվա բյուջեում բռնի տեղահանվածներին տրամադրվող 40 000-ականների ծրագիրը ամրագրված չէր: Տարբերվում է նաև նրանով, որ 2023 թվականի հունիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում: Որքանով ես հասցրել եմ ծանոթանալ, այս երկու կետով 2023թ. բյուջեն տարբերվում է նախորդից»:
2023 թ. պետական բյուջեի քննարկումն ընդմիջվեց մինչև դեկտեմբերի 29-ը: Առաջիկա 24 ժամվա ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» «Բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ լրացումների կատարելու մասին օրենքների նախագիծերը ընդունվեցին միաձայն: Օրակարգով նախատեսված էր նաև ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ներկայացրել է Արսեն Սամվելի Սառաջյանի թեկնածությունը: Թեկնածուի ելույթից հետո տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում 23 կողմ, 8 դեմ ձայներով Արսեն Սառաջյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Հաջորդիվ ներկայացվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Կարծիքներ ու հարցեր չհնչեցին: Օրինագծերը միաձայն ընդունվեցին որպես օրենք: ««Զբոսաշրջության և զբոսաշրջանային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց: ԿԳՄՍ նախարարի պաշրոնակատար Հասմիկ Մինասյանի խոսքով՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ցանկի ընդլայնմամբ և որակավորման կարգի հստակեցմամբ: Պատերազմից հետո հանրապետությունում գործող հյուրանոցային օբյեկտների մեծ մասը տրամադրվել է բռնի տեղահանվածներին իսկ դրանց սեփականատերերին տրամադրվել է համապատասխան աջակցություն: Բայց արձանագրվել են դեպքեր, երբ այդ օբյեկտները չեն համապատասխանել որոշ չափորոշիչների: Հարուցվել են քրեական գործեր՝ պետական բյուջեից գումարներ կորզելու հատկանիշներով: Պատգամավոր Դավիթ Գալստյանը մտավախություն է հայտնել, որ տվյալ օրենքի ընդունումը կմեղմի արդեն հարուցված քրեական գործերը:
«Ոորովհետև օրենքը ընդունելուց հետո մեղմացուցիչ հանգամաներքները նաև հետադարձ ուժ ունեն: Ես խնդրում եմ խոր մտածենք այս հարցի շուրջ, որովհետև հետադարձ ուժով հնարավոր է՝ մենք նպատսում ենք, որ այդ գումարները չվերադարձվեն»:
Պատգամավորների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ: Օինագիծը 2 դեմ, 27 կողմ ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ հաջորդ նստաշրջանին հարցը քննարկելու պայմանով: