Նոյեմբերի 23, 2024

Աստղաշենում կազմակերպվել է առանձնատների վիճակահանություն

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 03, 2022
Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք արդեն գիտի իր նոր տան հասցեն: Տեղահանված ընտանիքների համար Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցված առանձնատների բաշխման նպատակով երեկ կազմակերպվել է վիճակահանություն: Մեկ րոպե լռությամբ մեկնարկեց տների վիճակահանության արարողությունը: Օրհնության խոսքում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորել է ժողովրդագրական աճը: Սրբազանի խոսքով՝ այսօրինակ միջոցառումները ցույց են տալիս, որ Արցախն ապրում է, և հակառակ մեր բոլոր տեսանելի և անտեսանելի թշնամիների՝ պիտի հզորանա Աստծով: 
 
«Արցախը հզորացնելու համար նախ և առաջ պետք է բազմանալ։ Այսօր պետության կողմից հնարավորություն է տրվել աճելու, բազմանալու և Արցախը շենացնելու, որովհետև միայն հզոր Արցախը կարող է դիմակայել թշնամուն»։
 
 Պետական միջոցներով նոր բնակավայրում շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ ևս այստեղ տուն կստանան։ Արցախը հայկական պահելու համար պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի արցախցին ցանկություն ունենա ապրել այստեղ՝ նշել է  պետական նախարար Արտակ Բեգլարյանը: 
 
«Մենք կորցրածի դիմաց բազմապատիկ անգամ կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարմամբ կարողանանք Արցախը հայկական պահել: Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել կառուցելիս այս տները, նաև այն տեղահանված ընտանիքներին, որոնք իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել այս գործում»:
 
  Իր խոսքում Արտակ Բեգլարյանն ընդգծել է նաև Բնակարանային հարցերի կոմիտեի թիմի աշխատանքը. մեկամյա գործունեության ընթացքում Կոմիտեն 1000-ից ավելի բնակարան է տրամադրել համապատասխան շահառուներին: Բաղձալի ապագային հասնելու համար կարևոր է միասնականությունն ու պայքարելու անկոտրում կամքը՝ համոզմունք է հայտնել  Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Ըստ նրա՝ նորակառույց տների վիճակահանությունը ժամանակից շուտ կազմակերպելն իր պատճառներն ունի: 
 
«Վիճակահանության վաղ կազմակերպումը պայմանավորված է նրանով, որ  Ձեր ցանկությամբ գաք և մասնակցեք առանձնատների կառուցման աշխատաքներին, կարողանաք զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով: Մենք այս քայլով աշխարհին ասում ենք, որ մեր համայնքների ավանդույթները պահպանում ենք հենց մեր հողում, որովհետև Արցախից դուրս ՝ մենք ապրելու տեղ չունենք»:
 
 Համայնքի նոր բնակիչները լիահույս են, որ այս բնակավայրն աշխուժությամբ կլցնեն ու կապրեն խաղաղության ներքո: Բնակարանամուտի հանդիսավոր բացումն առաջիկայում կլինի. բոլոր տները, համապատասխան գույքով ու կահավորմամբ, շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ