Գազի բացակայությունը, բացի կենցաղային դժվարություններ հարուցելուց, նաև մեկ այլ կողմ ունի․ երեխաները հեշտությամբ մրսում, հիվանդանում են։ Իսկ դեղատներում դեղերը, մեղմ ասած, սահմանափակ են։ Քանի՞ օր կհերիքի Արցախում առկա դեղերի պաշարը։ Առողջապահության նախարարի օգնական Մայա Ազատյանի փոխանցմամբ, հանրապետության դեղատները հիմնականում մասնավոր են։ Ի տարբերության լայն սպառման այլ ապրանքատեսակների, այս ոլորտին պետությունը որևէ գործիքակազմով չի միջամտում։ «Արցախ» լրատվականը եղել է Ստեփանակերտի մի քանի դեղատներում։ Կենտրոնական դեղատներից մեկի աշխատող Արման Խաչատրյանը պատմում է, թե որ դեղորայքներն են վերջացել, որոնք են արագ սպառվում և ինչպես են դրանք տրամադրում մարդկանց։
«Մանկական Նուրոֆենը,Պարացետամոլները, բոլոր ջերմիջեցնողները, ցավազրկողները վերջացել են: Մարդ կա միանգամից 20 Նիմեսիլ է ուզում, բայց մենք փորձում ենք գոնե 5-5 տալ: Արագ են սպառվում նաև քրոնիկ հիվանդությունների, սրտային հիվանդությունների համար նախատեսված դեղերը»:
Նարինե Տոնյանը Մարտունուց է։ Ամուսինը սրտային հիվանդություն ունի և արդեն մի կերպ է գտնում անհրաժեշտ դեղորայքները։
«Ամուսինս սրտային հիվանդություններ ունի: 3 անգամ ինֆարկտ է տարել: Օգտագործում է տրիֆազ,տրոմբո աս, կոնկոր, պլավիքս,տրիտացին դեղամիջոցները: Դեղերն այսօր մի կերպ 10 օրվա համար գտել ենք տարբեր դեղատներից: Նա եթե չօգտագործի այդ դեղերը իրեն վատ կզգա, բայց արդեն որոշ դեղեր՝ Տրտացեն,տրոմբոլիֆը և ռոզոլիպը չկան»:
Մաշտոցի պողոտայում գտնվող մեկ այլ դեղատան աշխատակից՝ Անահիտ Սաֆարյանը նույնպես ասում է, որ դեղորայքների պահանաջարկն ավելացել է։ Իսկ մանկական կերերն ընդհանրապես սպառվել են:
«Ճնշման բոլոր դեղերը վերջացել են, իսկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկա: Մանկական սնունդն է վերջացել: Արդեն վաճառքի չունենք»:
Դեղերի ու մանկական կերերի ու դեղերի խնդիրն արտացոլվում է նաև Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան էջում։ Մայրիկները դիմում են միմյանց օգնությանը մանկական սնունդ գտնելու հույսով: Այդ մայրիկների շարքում է նաև Անին:
«Երեխաս 3 ամսական 15 օրական է: Ունի ընդհամենը 2 օրվա սնունդ: Բոլոր դեղատներում նայել ենք ոչ մի տեղ չկա: Հումաննա 1 ենք տալիս երեխային: Արցախի մայրիկների ակումբում հայտարարություն ենք տվել: Ասացին, որ մի դեղատնում կա, բայց մինչև գնացինք, արդեն սպառված էր: Չգիտեմ, եթե այսպես շարունակվի ինչ ենք անելու, ոնց ենք պահելու մեր երեխաներին: Չգիտեմ՝ ով է սրա պատասխանը տալու»։
Մայրիկների ակումբ էջում մանկական սնունդ փնտրող յուրաքանչյու հայտարարության հաջորդում է պատասխան գրությունը՝ «Արդեն գտնվել է, շնորհակալություն»: Այդ աջակցող մայրիկներից է Արցախուհին:
«Արցախում կա կաթի փոշու պակաս, մանավանդ վերջին 2 օրերին: Տանը ունեի իմ փոքրիկի համար նախատեսված առաջին և երկրորդ համարի Սիմելակ կաթի փոշի, որը ես չէի օգտագործում: Տեսա, որ մայրիկները դրա կարիքն ունեն, և ես որոշեցի դրանք տալ այդ մայրիկներին: Ցանկացողները շատ էին և նույնիսկ մինչև հիմա էլ ինձ գրում են»։
Մեկը մյուսին օգնելով ենք հաղթահարելու այս փորձությունը։ Այդ է վկայում այն միմյանց օգնելու պատրաստակամությունը, որ նկատվում է ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ առօրյա կյանքում։