Նոյեմբերի 22, 2024

9-ամյա Կարոն առանց դեղորայքի է մնացել

By Էթերի Մոսյան Հունվարի 10, 2023

Արդեն երեսուն օր փակ է Արցախի կյանքի ճանապարհը։  Խանութների  ցուցափեղկերը վաղուց դատարվել են։ Դեղատներում որոշ դեղեր դեռ հնարավոր է գտնել։ Բայց 9-ամյա Կարոյի դեղերն առանց շրջափակման էլ դժվար էին գտնվում։  Այժմ՝ առավել ևս։  Կարոն  մի շարք ծանր  հիվանդություններ ունի: Նրան հատուկ դեղեր ու սննդակարգ է անհրաժեշտ։  Կարոյի մայրը՝ Նարինե Դանիելյանն է պատմում։ 

«Փոքր տարիքից արդեն հիվանդանոցի ճանապարհին էինք: 2 տարեկան 6 ամսական էր, երբ երեխայիս մոտ ախտորոշեցին մուկովիսցիդոզ հիվանդությունը: Մինչև 5 տարեկանը մենք 10 օրը մեկ հիվանդանոց էինք այցելում: Ու երբ մնացած երեխաները գիտեին խաղալիքն ինչ է կամ խաղալն ինչ է, ապա ինքը դրա ժամանակը չի ունեցել ու երևի դրա համար էլ ժամանակից շուտ է մեծացել: Հետո երեխայիս մոտ ախտորոշվել է նաև էպիլեպսիա:   Այս 2 հիմնական հիվանդությունների հետևանքով երեխայիս մոտ նաև առաջացել է շաքարային անկանոնություն, ոսկորային և արյան խնդիրներ: Այդքանով հանդերձ ինքը շատ խելացի երեխա է ու գիտի, որ Աստված դժվար փորձությունները միայն ուժեղներին է տալիս»:

Ընտանիքի կյանքը Երևանի ճանապարհին է անցնում։ Նեղ մասնագետները, որոնք անհրաժեշտ են  որդուն, Արցախում չկան։ Ճանապարհի փակումից առաջ էլ Երևանում էին, եկել էին՝ մի քանի օրից  վերադառնալու պայմանով։  Այժմ նորից ստուգման գնալու ժամանակն է, բայց չեն կարող։ 

«Մինչև ճանապարհը փակվելը երեխաս Երևանում բժիշկների հսկողության տակ էր ու սպասում էինք մի քանի անալիզի պատասխանի: Երբ հասկացանք որ պատասխաններն ուշանում են խնդրեցինք բժշկին, որ մեզ դուրս գրի: Երեխաներիս հետ եկանք Ստեփանակերտ ու մնացինք այստեղ: Հիմա պետք է նորից հիվանդանոց գնանք, բայց չենք կարողանում: Ճանապարհը փակվելուց հետո մի շարք խնդիրների առաջ ենք կանգնել՝ անհրաժեշտ դեղերը չկան, որովհետև պատվիրում էինք: Բացի այդ էլ մուկովիսցիդոզի մասնագետ այստեղ չկա»:

Կարոյի մայրիկն ասում է, որ բացի դեղերից, լուրջ խնդիր է նաև  համապատասխան սննդի հայթայթումը։    Դեղատներում անհրաժեշտ վիտամինները չկան,   միրգ-բանջարեղենն  էլ վաղուց սպառվել է: Խանութներում երբեմն հայտնվող քիչ քանակությամբ մթերքները Նարինեն գնել չի կարող։ Երեք անչափահաս երեխաների մայրը հերթերում կանգնելու ժամանակ ու հնարավորություն չունի։  

«Ինքը հատուկ սննդակարգ ունի: Քանի որ արյան ու ոսկորների հետ խնդիր ունի, իր սննդակարգում ամեն օր պետք է լինեն մրգեր ու բանջարեղեն: Բազուկը, գազարը, նարինջն ու խնձորը պետք է նրա սննդակարգում միշտ լինեն: Այս պահին թեկուզ մեկ գազարը մեծ բան է երեխայիս համար։ Ու, երբ հանկարծ գտնվում է,  ինքն էլ է ասում՝ մամ ինչ լավ է, որ այսօր էլ ուտելիքս գտնվեց»:

Այդ ամենով հանդերձ Կարոն ու իր մայրիկը չեն  հուսահատվում: Ամենաշատն ուզում են, որ բացվի իրենց ու Արցախի Կյանքի ճանապարհը։   Ընտանիքի հայրը փակ  ճանապարհի մյուս  կողմում է մնացել։ Կարոտել են շատ։ 

«Ես վեշմին պեն օզում չում: Մենակ թող ճանապարհնեն պեցվի վեր իմ պապաս կյա: Մաման ասում ա վեչինչ մին քանի օր սպասե պեցվելուվա, բայց   տի էլ պեց չն անում: Ես էլ սպասում մինչև պեցվի ու պապաս կյա տոն, որովհետև շատում կարոտալ»:

Փորձությունները մարդու համար են։ Ուժեղ փորձությունները՝ ուժեղ մարդկանց համար։ Դանիելյանների ընտանքիում հավատում են՝ սա էլ կանցնի։  Փորձությունների հետ Աստված մարդուն նաև ուժ է տալիս։ 

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 11 Հունվարի 2023 07:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ