Նոյեմբերի 22, 2024

Արցախը սնուցող էլեկտրական գիծը վնասվել է, իսկ ներքին պաշարները սուղ են

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 11, 2023

Մայրաքաղաք Ստեփանակերտն և շրջաններն օրական 2 ժամով հոսանքազրկվում են: Պատճառը Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա տեղի ունեցած վթարն է: Վթարի պատճառը հայտնի չէ: Նման վթարներն, իհարկե, անխուսափելի են, բայց հարց է՝ արդյոք սա հերթական տեխնիկական վթար է: Հետպատերազմյան Արցախն ի վիճակի չէ լրիվությամբ բավարարել երկրի էներգետիկ պահանաջները: Բայց ստեղծված իրավիճակում մենք ստիպված ենք ապավինել միայն սեփական էներգետիկ ռեսուրսներին: Ադրբեջանում կարծում են, որ բոլոր միջոցներն արդարացված են նպատակին հասնելու համար: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, մասնագետները չեն բացառում, որ հենց Ադրբեջանն է վնասել գծը: Էներգետիկ անվտանգության մասնագետ Արթուր Ավետիսյան. 

«Հաշվի առնելով որոշ քաղաքական իրողություններ և Ադրբեջանում տարվող քաղաքականությունը, եթե իրենք վնասած չլինեին, ապա այնպես կանեին, որ մենք, միջազգային հանրությունը և Արցախի ու Հայաստանի բնակիչներն իրազեկվեին, որ դա իրենց ձեռքի գործը չէ և իրենք տեխնիկական խնդիրները կլուծեին, չէին էլ սպասի Արցախից մասնագետներ գնային՝ լուծեին: Այսինքն սա միանշանակ այն դեպքը չէ, որ վթարը եղել է և նրանք էլ իրավիճակից օգտվում են. հակառակը՝ նրանք ապահովել են վթարը, իսկ էլեկտրահաղորդման գիծը վնասելը դժվար գործ չէ»: 

Տեղորոշված հատվածը հասանելի չէ ո՛չ արցախյան, ո՛չ հայաստանյան կողմին՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Հաշվի առնելով եղանակային պայմանները և գծի ծանրաբեռնվածությունը վթար կարող էր լինել, բայց քանի որ հայկական կողմն այդ օդային գծի վրա անհրաժեշտ պրոֆիլակտիկ աշխատել է՝ գծի վնասումն առանց միջամտության քիչ հավանական է ՝ ասում է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: 

«2022 թ. առաջին կիսամյանկում այդ օդային գծի վրա բավականին երկար աշխատանք ենք տարել: Գիծը գտնվում էր բավականին բարվոք վիճակում, այսինքն վթարի հավանականությունը բավականին փոքր է: Չնայած այն բացառել հնարավոր չէ»: 

Ընկերության վթարավերականգնողական բրիգադի այցը համապատասխան վայր ապահովելու հարցով արդեն իսկ դիմել են ռուսական խաղաղապահ առաքելությանը: Ինչ-որ բանակցություններ տեղի են ունենում`ասում է Տիգրան Գաբրիելյանը, բայց առ այսօր որևէ արձագանք չկա: Եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, որ համապատասխան մասնագետներ այցելեն վթարի վայր, ապա սա ևս խոսում է այն մասին, որ վթարը հենց իրենք են կազմակերպել: «Համենայն դեպս մենք իրավունք ունենք այդպիսի ենթադրություն անելու, որովհետև, հակառակ դեպքում, պետք է մեզ թույլ տան, որպեսզի գնանք և վերացնենք վթարը»: Անկախ ամեն ինչից խնայողությունների հաշվին և համապատասխան սահմանափակումներով Արցախում դեռ բավարարում է էլեկտրաէներգիայի պահանջարկը: Դեռ պարզ չէ, թե ինչքան է շարունակվելու այս իրավիճակը, սակայն փաստերն իրար կողքի դնելով պարզ է դառնում, որ սա Ադրբեջանի հերթական սադրանքն է: Էկոսադրանքն, ինչպես պարզվում է, տարբեր բաղադրիչներ ունի. Սկզբում գազային տեռորն էր, հիմա էլ հերթը հասել է էներգետիկ տեռորին: Ստեղծված իրավիճակում մեղավոր ենք նաև մենք: 44-օրյա պատերազմից հետո պետք էր ձեռնամուխ լինել Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրները լուծելուն՝ ասում է էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը 

«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հիմա Արցախն էներգետիկ պահանջի միայն 57%-ն է ապահովվում, մնացածը մատակարարվում էր Հայաստանից: Հիմա քանի որ սկսել են հովհարային անջատումները և եթե ձմեռը խստաշունչ դառնա, ապա շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ հետո Արցախը էլեկտրամատակարարման խնդրի առջև կանգնի: Իրավիճակը, բնականաբար, բարդ է և սա չէ հիմնական խնդիրը. ապաշրջափակումից անմիջապես հետո պետք է ձեռնամուխ լինել իրական քայլերի: Հայաստանից մասնագետներ պետք է գան, ուսումնասիրեն առկա իրավիճակը և Արցախի մասնագետների հետ լուծումներ գտնեն: Լուծումներ կան, բայց դրանք երկարաժամկետ աշխատանք են պահանջում»:

 Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է սրվում: Էներգետիկ ճգնաժամից ու հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով «Արցախէներգո» ՓԲԸ-ն հորդորում է հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ