Նոյեմբերի 22, 2024

Ինչպե՞ս են ջեռուցվում Արցախի հիվանդանոցները

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 20, 2023

Գազամատակարարման խափանումը խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում:  Պետությունը մեխանիզմներ է մշակում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։ Կրթական գործընթացը, փաստացի, դադարեցվել է։ Մի շարք հիմնարկներ անցել են աշխատանքի արտակարգ՝ ավելի խնայողական  ռեժիմի։   Բուժհաստատությունների  դեպքում խնդիրն ավելի բարդ է: Բժիկներն օնլայն աշխատել, իսկ բուժառուներն օնլայն բուժվել չեն կարող: Գազամատակարարման ու էներգամատակարարման խափանումների հետ կապված   առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններն անցել են այլընտրանքային ռեժիմի՝ ասում է Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը: 

«Հանրապետական բժշկական կենտրոնն անցել է այլընտրանքային ռեժիմի: Կոնկրետ մեր բուժհաստատությունում ջեռուցումն իրականացվում է Առողջապահության նախարարության և Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված դիզվառելիքով: Պետք է նշեմ, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է»: 

Առողջապահության նախարարությունն ու Օպերատիվ շտաբը դիզվառելիքով ապահովոում են նաև հանրապետության մյուս բժշկական հաստատություններին: Մարտակերտի շրջանային բուժմիավորումն, օրինակ, դիզվառելիքից բացի, օգտագործում է նաև փայտի վառարաններ: Բուժմիավորման տնօրեն Գագիկ Օհանյանի խոսքով՝ իրավիճակին հարմարվելու համար նաև այլ փոփոխություններ են արել: 

«Փառք Աստծո, մենք հնարավորություն ունեինք և կարողացել ենք որոշակիորեն  անցնել փայտով ջեռուցման: Կառուցվածքային փոփոխություններ ենք կատարել շենքային պայմաններում, մի քիչ կրճատել ենք տաքացվող սենյակների թիվը:   Հաշվի առնելով ճգնաժամը, մենք պոլիկլինիկական մասնաշենքը  փոքրացրել, սենյակները տեղափոխել ենք ստացիոնար: Հերիքում է։ Այնպես ենք արել, որ աշխատանքը չտուժի»: 

Եթե անգամ գազամատակարարումն ու էներգամատակարարումը հանրապետությունում ամբողջությամբ վերականգնվի, փաստ չէ, որ այն նորից չի խափանվելու, դիզվառելիքն էլ սահմանափակ է. պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Ի տարբերություն շրջանների բժշկական հաստատությունների Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը փայտով ջեռուցելը դժվար կլինի՝ ասում է Մհեր Մուսայելյանը: 

«Փայտով ջեռուցելու համար բավականին մեծ է մեր կենտրոնը: Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև մեծ դժվարություն կլինի  մեր հիմնարկը փայտով տաքացնելը»:

 Ծանր ու մաքսիմալ խնայողությունների պայմաններում է աշխատում նաև «Արևիկ» բուժմիավորումը: Բուժմիավորման կաթսայատունն աշխատում է միայն գազով: Դիզելային գեներատորն էլ ծանրաբեռնվածության պատճառով խափանումներով է աշխատում՝ ասում է բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը: 

«Առողջապահության նախարարությունը և Օպերատիվ շտաբը   շատ մեծ   ջանքեր են գործադրում իրավիճակը մեղմելու համար, բայց հասկանալով, որ բոլորս ենք նույն  վիճակում, մենք փորձում ենք անցնել   մաքսիմալ խնայողության: Այն սենյակներն ու այն ծառությունները, որոնք հնարավորություն ունեն աշխատելու կրճատ ժամային օրով, փորձում ենք նրանց մաքսիմալ շուտ տուն ուղարկել»:

 Սարքավորումների հետ կապված «Արևիկ» բուժմիավորումն առնչվում է 2 խնդրի: Կարեն Մելքումյանի խոսքով՝ ժամանակակից սարքավորումները   զգայուն են և էլեկտրաէներգիայի տատանումները շատ հեշտ վնասում են այդ դրանք: 

«Որոշ սարքավորումներ, ինչպիսին է նարկոզի ապարատը, արհեստական շնչառության ապարատը,    խիստ կախված են էլեկտրաէներգիայից: Էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում, երբ անցնում ենք դիզելային գեներատորների, մենք չենք կարող անջատել այդ սարքավորումները, որովհետև դրանք կյանք փրկող սարքավորումներ են»: 

  Առողջապահության համակարգն առանց այն էլ աշխատում էր արտակարգ պայմաններում՝ կապված դեղորայքի ու հիգիենայի պարագաների սակավության, Հայաստանում մնացած բուժանձնակազմի բացակայության հետ։ Էներգետիկ ճգնաժամը հերթական լուրջ փորձությունն է սպիտակ բանակի համար, որն այս ծանրածանր օրերին էլ դիմակայում ու պայքարում է՝ բոլոր ուժերը լարումով։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ