Ստեփանակերտ քաղաքում հունվարի 21-ից հովհարային անջատումներն իրականացվում են օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Քաղաքում ձևավորվել է պայմանական 3 խումբ, անջատումները սկսվում են առավոտյան ժամը 8-ից: Էլեկտրաէներգիայի միջոցով ջեռուցվող տներում հատկապես դժվարին վիճակում են փոքրիկներ ունեցող ընտանիքները: Երիտասարդ մայրիկ Նարինե Խաչատրյանը 3,5 և 2 տարեկան երեխաների հետ տանը միայնակ է, ամուսինը դիրքերում է: Առայժմ որպես տաքանալու այլընտրանքային միջոց ծառայում են միայն տաք հագուստն ու վերմակները, մյուս կողմից փորձում են լուծել գազով ջեռուցման խնդիրը, որը նույնպես հեշտ չի ստացվում:
«Լույսը արդեն որ ժամով ա՝ մրսում են էրեխեքը: Էս պահին էլ հիվանդ են արդեն: Քնում ենք հյուրասենյակում, որ տաք լինի: Դռները փակում եմ, որ լույսերը անջատում են՝ վերմակներով ծածկում են, որ չմրսեն: Որ անջատում են՝ իրենք արդեն գիտեն, ասում են՝ վերջ, լույսերը գնաց: Իրենք գնում են իրենց վերմակները վերցնում, գալիս նստում: Փոքր երեխաներ են, ի՞նչ արձագանքեն, չեն հասկանում ոչ մի բան դեռ: Գազի վառարանն էլ ուզում էինք դնել, բայց խնդիրներ են առաջացել խողովակների հետ: Ասում են՝ երկար խողովակ չի կարելի քաշել: Եթե խոհանոցից հասցնենք մինչև հյուրասենյակ՝ այդքան չեն թույլատրում»։
5 երեխաների մայր Նունե Մովսիսյանը և՛ էլեկտրաէներգիայի խափանումների, և՛ վառելափայտի սակավության խնդրին միաժամանակ է բախվել: Ջեռուցման կաթսան աշխատում է փայտով, սակայն դրա գործարկման համար էլեկտրաէներգիան նույնպես պարտադիր է:
«Մեր տունը մեծ տուն է, որպես բազմազավակ ընտանիք՝ ստացել ենք պետությունից: Տունը լրիվությամբ բետոնից է կառուցված, այսինքն՝ տաքացնելու հետ մեծ խնդիր ունի: Հիմա խնդիրը այն է, որ մենք մինչև հասցնում ենք կաթսան միացնենք և տան օդը հասցնում է գոնե մի թեթև փոխվի, գալիս է ույսերն անջատելու ժամը: Լույսերն անջատելուց առաջ մենք արդեն պետք է նախորոք կաթսան անջատենք, որովհետև վտանգավոր է, կարող է ինչ-որ խողովակներ պայթեն: Հիմա, այ հենց էս պահին երեխաները մրսում են: Խալաթներով, տաք շորերով նստում են: Վառելափայտ, ճիշտն ասած, էս քանի օրը մի երկու մետր ձեռք ենք բերել պարտքով, բայց դա էլ, եթե տեղյակ եք, կաթսայի համար մի երկու օրվա պատմություն է»։
44-օրյա պատերազմի ընթացքում անտառաշատ Հադրութն ու Քարվաճառը կորցրած Արցախը ցուրտ ձմռան պայմաններում կանգնած է նաև վառելափայտի հայթհայթման լուրջ խնդրի առաջ: Բացի այդ, վառելիքի բացակայությունը դժվարացնում է նույնիսկ առկա վառելափայտի հասանելիությունը մարդկանց համար: Մեկնել որևէ գյուղ և տեղում լուծել վառելափայտի ձեռքբերման խնդիրը՝ պակաս բարդ խնդիր չէ: Ինչպես «Արցախ» լրատվականին հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից, վառելափայտի կարիք ունեցող քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն քաղաքապետարան: Դիմումներն այնուհետև փոխանցվելու են ջրային կոմիտե, որը պետք է զբաղվի բավարարվող դիմումների ընտրությամբ: Մեկ այլ խնդիր է, որ գազով ջեռուցվող տների տերերն այլևս մշտական անկայունության ու ամեն րոպե տհաճ անակնկալների սպասումով են արթնանում: Ոչ ոք չգիտի՝ Ադրբեջանը էլ ե՞րբ «ձախ ոտքից կարթնանա» ու նորից կխափանի Արցախը սնուցող միակ գազատարը: Այս պահին մասամբ վերականգնված գազամատակարարումն էլ ոչ միշտ է բավարարում բազմանդամ ընտանիքների կարիքները: Արցախի տոտալ շրջափակման 41-րդ օրը 41-րդ անգամ ավարտվում է անթիվ մտահոգություններով, բայց այդպես էլ չմարող հույսով: