Դեկտեմբերի 03, 2024

Սուրճ, պանիր, ձու․․․ եթե կա, ապա կրկնակի գնով

By Անի Աբաղյան Հունվարի 27, 2023
Մերօրյա Ստեփանակերտի փողոցներում հազվադեպ են հանդիպում մարդիկ՝ դատարկ ձեռքով՝ առանց մեծ ու փոքր տոպրակների։ Բնակիչները մեծ հերթերի դեպքում խանութ մտնում են դռնապահի թույլտվությամբ, այդ պահին պատահածը, անկախ նրանից, անհրաժե՞շտ է, թե՝ ոչ, գնում, տեղավորում այն մեծ կամ փոքր տոպրակներում ու շարունակում փնտրտուքը խանութից խանութ, ընթացքում էլ հասցնում են ծանոթ-հարևանի կամ ընկերոջը բողոքել թանկացումներից, «փոխանակվել» տեղեկություններով՝ թե որ խանութ ինչ ապրանք է ստացել ու ինչ գնով։ Այս անվերջ թվացող վազքից հետո էլ հաճախ տոպրակները կիսադատարկ են մնում, իսկ դրամապանակները դատարկ այնպես, ինչպես բանկոմատի հերթում սպասելիս էր եղել։ 
 
«Գյուղից ըմ եկալ, տըսալ մոստեն յըրա պաներ ըն ծախում, ասում քանե ա, ասում ա 3800, դե եր ըմ կալալ, քինամ ըմ»։
«Առաջ որ այդ նույն սուրճը 250-300 դրամ էր, հիմա 500-ից պակաս չկա, կիլոգրամով սուրճը, որ 2500 դրամ էր, հիմա 7500-8000 է, քաղցրեղենն էլ է թանկ՝ օրինակ սնիկերսը ,եթե գտնում ենք, 550 դրամ է մինչդեռ առաջ 250 դրամ էր, մանակական կերերն ու տակդիրներն էլ են թանկացել»։
«Ճիշտն ասած, որ ասում են սուրճը թանկ ա, քաղցրեղենը՝ Snickers, Twix, Mars, չեմ վերցրել բարեկամներից եմ լսել ու տենց թանկ ոչ մի ապրանք էլ չեմ գնել»։
«Եթե ապրանքը դիֆիցիտ ա, պարզ ա, որ գներն էլ բարձր ա լինելու»։ «Ապրանքները բերել են եռակի թանկ են ծախում, ծխախոտը՝ թանկ, պանիրը՝ թանկ, ամեն ինչը՝ թանկ․ էլ ո՞րը ասեմ։ Հիմա մենք ի՞նչ անենք, ասա՛»։ 
 
Որոշ խանութներում սուրճի, պանրի, ծխախոտի և մի շարք այլ ապրանքների գներ տեսնելով՝ հաճախորդները սկզբից մտածում են՝ շփոթմունք է, կամ էլ ինչպես իրենք են կատակում՝ մի՞թե մեկ ամիս միրգ-բանջարեղեն չուտելը այսքան վնասել է առողջությանը, որ աչքերին երևա։ Վաճառողներից շատերն էլ պնդում են՝ ապրանքը չի թանկացել։ 
 
«Մեզ մոտ ընդհանրապես թանկացումներ չկան, օրինակ՝ պանիրը վաճառում ենք 2950 դրամով, բայց այլ խանութներում մի տեղ 3200, կենտրոնական շուկայում 3500, 4000 դրամ՝ մի ուրիշ խանութում, բայց մեզ մոտ թանկացումներ չկան, ձուն 55 դրամ է, թեյ, սուրճ չենք ստացել, իսկ ծխախոտները նույն գներով են»։ 
 
Մեկ այլ խանութպան, որ չցանկացավ ներկայանալ, նշում է, որ մատակարարներն իրեն առաջարկել են օրինակ՝ «Լուսակերտ» տեսակի սուրճը՝ 450 դրամով, որը, ըստ զրուցակցիս, Հայաստանից 160 դրամով են ձեռքբերում։ Խանութպանի խոսքով՝ այս ժամանակավոր իրավիճակում չի պատրաստվում աստղաբաշխակական գներով առաջարկվող սուրճ կամ այլ ապրանքներ գնել և ավելի թանկ վաճառելով իր հավատարիմ հաճախորդներին հիասթափեցնել։ Բայց այսպես են վարվում շատ քչերը, դրա համար էլ բնակիչների բողոքները շարունակվում են։ 
 
«Երեխաների համար շոկոլադե Snickers, Twix, Bounty 550 դրամ է, որ առաջ 250 էր, հիմա որտեղ կա, գները բարձրացրած է։ Գիտեն, որ առնում ենք, պետք է։ Ձուն երեկ 55 դրամ էր, նորմալ էր, բայց տնականը 250 դրամով են վաճառում»։ 
«Ստեփանակերտում նկատել եմ, որ կարագն ա թանկացել․ եթե գտնում ենք, շատ թանկ գնով ենք գտնում, սուրճը հենց նոր գնեցինք 0,5 կիլոգրամը 2000 դրամով։ Դեռևս այդքանն եմ նկատել»։ 
«Վաճառականի կողքին կանգնած էի, երբ դդումը 350-ով գնեց, մի 2-3 օրից հետո գնացի, որ ես գնեմ իրենից, հարցրի՝ ի՞նչ արժե կիլոգրամը, ասում է՝ 1000 դրամ։ Ասում եմ՝ չեք ամաչում, մեծ կին եք, միթե այդ աստիճան կորցրել եք Ձեր խիղճը, 1992 թվականին մեկ հացը կիսել, կերել ենք, բա հիմա՞։ Այսօր մի քիչ «խնջլոզ» եմ գնել, գինը՝ 500-600 դրամ, կնձմնձուկը չափարի տակից պոկում, բերում են՝ թե 600 դրամ, աղավնու ձվի չափ ձուն՝ 250, 220 դրամով վաճառում են, հաստատ 200 դրամից պակաս չեն վաճառում։ Գիտեմ, որ վերջում լավ է լինելու, բայց դե պիտի կարողանանք համբերել»։
 
 Խանութների փեղկերին «պատվավոր» տեղերը այսօր համեմունքներն են զբաղեցնում, սոուսները, ալկոհոլային խմիչքներն ու վերջին անհրաժեշտության պարագաները, որ երկար ժամանակ է գնորդի են սպասում, իսկ անհրաժեշտ ապրանքները՝ թանկ, թե էժան, կայծակնային արագությամբ են սպառվում։ Բնակիչների բողոքներին երեկ արձագանքել են հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը՝ նշելով, որ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ առևտրային օբյեկտներում հայտնված ոչ բոլոր ապրանքների գներն են վերահսկելի․ պատճառն այն է, որ ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով։
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 27 Հունվարի 2023 16:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ