Նոյեմբերի 23, 2024

Նոր կտրոնները կտրամադրվեն փետրվարի 18-ից

By Սրբուհի Վանյան Փետրվարի 15, 2023

Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն: Ոչ պարենայինից կտրոնով կտրամադրվի նաև լվացքի փոշի։Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանն է մանրամասնում․ 

«Փետրվարի 21-ից կտրոններով կվաճառվեն նաև այլ ապրանքատեսակներ․ ձու՝ յուրաքանչյուր անձի համար 10 հատ ամսվա կտրվածքով, լվացքի փոշի՝ 1 տուփ, միրգ և բանջարեղեն՝ 15 օրվա համար ընդհանուր 5 կգ»։ 

Արմեն Մանգասարյանի խոսքով, կտրոնային համակարգի լիարժեք գործարկման համար տվյալների տեղեկատվական բազան արդեն հավաքագրված է, տեխնիկապես այն լրիվ պատրաստ է, և մտահոգությունները, որ լիազոր մարմինը չի հասցնի ժամանակին  տրամադրել դրանք՝ հիմնավորված չեն։ Փետրվարի 18-ից 2-3 օրվա ընթացքում կիրականացվի կտրոնների տրամադրումը՝ ասում է նախարարը։  

«Իհարկե, նախորդ ամսվանից համակարգը ամբողջությամբ ներդրված է, և ինչպես ես ասել էի նախորդ անգամ, սա մեկանգամյա ծրագիր չէ, այն արվել է ֆորս մաժորային իրավիճակներում գործարկելու նպատակով։ Այս ամիս էլ կտրոններ մեր հայրենակիցներին տրամադրվելու են»։ 

Նոր ապրանքատեսակների համար սահմանված կտրոնների հետ տրամադրվելու են նաև արդեն հաստատված՝ 5 ապրանքատեսակների համար նախանշված կտրոնները։ Ի տարբերություն անցած ամսվա, նախատեսված կես կգ-ի փոխարեն կտրամադրվի 1 կգ պարեն։ Կտրոնային համակարգը թույլ է տվել որոշ կարգավորումներ մտցնել ապրանքային շուկայում, խուսափել խնդիրների սրացումից։ 

«Համակարգի ներդրմամբ մի շարք խնդիրներ արդեն իսկ լուծվել են։ Ապրանքը համաչափ է բաշխվում, և կարգավորվում են գները։ Այս անգամ էլ մեր քաղաքացիներին հորդորում ենք անիմաստ հերթեր չգոյացնել, քանի որ արդեն համոզվել են, որ կտրոններ հասնում են բոլորին։ Անհրաժեշտ է հանգիստ մոտենալ սպասարկման կետեր  և ստանալ   հասանելիք կտրոնը»։ 

Կտրոնային համակարգի անցնելուց հետո խանութներում նույնիսկ բրնձի և հնդկաձավարի ավելցուկ է նկատվում։ Արմեն Մանգասարյանն ասում է, որ եթե պահանջարկը նվազի, հնարավոր է, որ կտրոնով բաշխվող ապրանքատեսակներից որոշները հանվեն կտրոնային համակարգից՝ դրանց փոխարեն ներառելով պահանջարկ ունեցող այլ ապրանքատեսակներ։ 

«Եթե չլինի կարիքը, տվյալ ապրանքատեսակը կհանվի կտրոնային համակարգից։ Այս ամսվա համար ցանկը որոշված է։ Հույս ունենանք, որ հաջորդ ամիս կտրոնների կարիք չի լինի, բայց եթե նման հարց լինի, ապա ցանկը կարող է և վերանայվել։ Ձեր նշած բրինձն ու հնդկաձավարը, այո, բավարար չափով կա, և հնարավոր է, որ հանվի կտրոնային համակարգից»։ 

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թիվ 2 մասնաշենքը՝ Կնունյանցների 1 հասցեում երևի չսպասարկի կտրոն ստացողներին, քանի որ այնտեղ զբաղված կլինեն գերատեսչության այլ ծրագրերի իրականացմամբ։ Սպասարկման մյուս  կետերը կգործեն այնպես, ինչպես նախորդ անգամ էր՝ ասում է։ Փորձը ցույց է տվել, որ համակարգն արդարացնում է իրեն։ Այն հնարավորություն է տալիս միաժամանակ և ապրանքերի համաչափ բաշխում իրականցնել, և ճիշտ գնային քաղաքականություն վարել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ