-Տավարի միս ստացալ ե՞ք։ -Ոչ։
Արդեն մի քանի օր է, մսի շուկայում տավարի մսի սղություն է նկատվում։ Գրեթե բոլոր խանութներում նույն պատկերն է՝ սառնառաններում միայն խոզի միս է առկա։ Բնակիչները նկատում են՝ եղած միսն էլ թանկացել է։
«Տավարի միս գրեթե չկա։ Խոզի միս եմ գնել, սա «частный» միս է դրա համար 4300 դրամով եմ գնել, բայց մսավաճառները 4500-ով են վաճառում»։ «Խոզի միս եմ գնել, կարծես 4300 դրամ էր։ Դե իհարկե թանկ է։ Համ բլոկադա է, համ էլ թանկացել է։ Բլոկադայի պայմաններում, հակառակը, պետք է էժան լինի»։
Մենք շրջել ենք մի քանի խանութներով, զրուցել մսավաճառների հետ, որոնք ասում են, թե տավարի միս արդեն որոշ ժամանակ է չեն ստանում։ Մանր եղջերավորների մսի բացակայությունն էլ, նրանց համոզմամբ, պայամանավորված է սեզոնայնությամբ։
«Շրջափակման պայմաններում շատ խնդիրներ չեն առաջացել։ Միայն տավարի մսի բացակայությունն է խնդիր։ Գնային փոփոխություններ եղել են։ Մինչև շրջափակումը խոզի միսը 4000 դրամ էր, հիմա՝ 4300։ Տավարի միսը 3500-էր, դե հիմա ընդհանրապես չկա։ Գառան ու ոչխարի մսի բացակայությունն էլ սեզոնային է»։
Ինչո՞վ է պայմանավորված շուկայում տավարի մսի սղությունն ու մյուս մսատեսակների գնաճը։ Այս հարցով դիմեցինք հանրապետության գյուղատնտեսության նախարարություն։ Նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանն է պարզաբանում։
«Տավարի մսի սղությունը պայմանավորված է, նախևառաջ, սեզոնայնությամբ, քանի որ ձմռան սեզոնին, կենդանիների նիհար լինելու պատճառով, մորթ չի իրականացվում։ Այս ամենով հանդերձ, բացասական հետևանք է թողել նաև շրջափակումը։ Բայց իրավիճակը տավարի մսի շուկայում՝ թե՛ քանակի, թե՛ գնային առումով կատաստրոֆիկ համարել չի կարելի։ Ինչ վերաբերում է մսի գնաճին, իրոք, տավարի և գառան մսի գնաճ նկատվում է։ Իսկ խոզի միսը վաճառվում է նույն գնով, ինչ մինչև շրջափակումը՝ 3800-4200 դրամ՝ կախված մսի տեսակից»։
Խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակը, տարեսկզբի համեմատ, նվազել է 1,5-2 տոկոսով, խոզերի քլխականակը՝ 1 տոկոսով։ Շրջափակման պայմաններում, երբ շուկայում այլ մթերքների բացակայության դեպքում մսամթերքն ունի մեծ պահանջարկ, անասնագլխաքանակի նվազեցման ցուցանիշներն այդքան էլ բարձր չեն՝ ասում Տիգրան Առստամյանը։ Սակայն, շրջափակման շարունակման դեպքում, խոզի մսի շուկայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Գլխավոր պատճառը անասնակերերի բացակայությունն է։
«Որովհետև խոզերը հիմնականում կերակրվում են խտացրած հատիկային կերերով, որոնք ներկրվում էին ՀՀ-ից։ Արցախում առկա կերերի պաշարներն արդեն սպառվում են, ինչի հետևանքով կարող է իրականացվել խոզերի մասայական մորթ։ Իսկ դա ինքնին կբերի անասնագլխաքանակի նվազեցման։ Իհարկե, հուսով ենք, որ շրջափակումը կավարտվի և նման խնդիրների հետ չենք առնչվի»։
Վերջերս առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կովերի շրջանում կատաղության դեպքեր են արձանագրվել։ Բնակչության շրջանում որոշակի անհանգստություն էր առաջացել, և մարդիկ խուսափում էին տավարի միս գնել։ Տիգրան Առստամյանի խոսքով՝ իրավիճակը վերահսվում է նաև գյուղատնտեսության նախարարության կողմից։
«Իսկապես նման դեպք եղել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Հիվանդության դեպք է արձանագրվել երկու բակում։ Մասնագետների կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Վարակվածության մեջ կասկածվող կենդանիները ոչնչացվել են, տարածքը ախտահանվել է համապատասխան նյութերով։ Շրջվարչակազմի համապատասխան որոշմամբ՝ տվյալ համայնքում սահմանվել են սահմանափակումներ, արգելվել է կենդանիների մորթը և վաճառքը։ Հանրապետության մնացած համայնքներում նման դեպքեր չեն արձանագրվել։ Իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ։ Մարդիկ կարող են հանգիստ մնալ․ մսի շուկայում հիվանդ մսի հայտնվելը բացառվում է»։
Շուրջ մեկ ամիս է չի գործում Մարտունու թռչնաֆաբրիկայի արտադրամասը։ Սա նույնպես շրջափակման հետևանք է, քանի որ թռչունների կերը նույնպես ներկրվում էր ՀՀ-ից։ Տիգրան Առստամյանի խոսքով՝ մարտի սկզբին խանութներում վաճառքի կհանվի Մարտունու թռչնաֆաբրիկայում արտադրված թռչնամսի համապատասխան խմբաքանակ։ Բայց, շրջափակման շարունակման դեպքում, տեղական շուկայում կառաջանա հավի մսի լուրջ դիֆիցիտ։