Ինչպե՞ս են գոյանում գներն, ու որքանո՞վ է արդարացված արձանագրված գնաճը։ Խնդիրը քննարկելու նպատակով հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 3-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Ինչպես տեղեկացնում են պետնախարարի աշխատակազմից՝ Գուրգեն Ներսիսյանն անթույլատրելի է համարել չհիմնավորված թանկացումները:
«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ բողոքներ են ներկայացվել անձամբ ինձ ու պետական նախարարի աշխատակազմին, որը վերաբերում էր շուկայում տիրող անվերահսկելի իրավիճակին, չհիմնավորված թանկացումներին: Այս առումով բավականին տեղին է քաղաքացիների դժգոհությունը: Նման երևույթները չպետք է լինեն, քանի որ մենք գտնվում ենք հավասար դժվարությունների մեջ, հատկապես այսպիսի պայմաններում բևեռացումը մեծ հարված է հասցնում մեր ներքին կյանքի խաղաղությանը»:
Պետնախարարի կարծիքով՝ պետությունը պետք է միշտ կարգավորիչ դերակատարություն ունենա: Բայց ինչպես Ներսիսյանն է ընդգծում՝ շուկայական հարաբերությունների, հատկապես գների կարգավորման գործընթացում պետությունը որոշակի քիչ մասնակցություն է ցուցաբերել:
«Ինչպես հասկանում են ինքնակարգավորման հնարավորությունը և այդ ազատությունը կարծես՝ տեղին չէր: Պետությունը այս պարագայում պարտադիր պետք է միջամտություն ունենա: Մենք պետք է ամբողջ գործընթացը բերենք իրավական կարգավորման դաշտ, անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտները պետք է ենթարկվեն տույժի, որի հնարավորությունն այս պահին դեռ չկա, իսկ բարեխիղճ տնտեսվարողները հակառակը՝ խրախուսվեն»:
Գուրգեն Ներսիսյանը նկատել է նաև, որ հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, թե գնագոյացման ներկա պայմաններում պետությունը վնաս չի կրում, սակայն մոռանում ենք, որ անհիմն գնագոյացման արդյունքում ամենամեծ վնասը հասցվում է մեր քաղաքացիների գրպաններին, իսկ դա չի կարող չվնասել պետությանը:
«Հասարակությունը պետք է զգա, որ պետությունը ունի այն գործիքակազմն ու հնարավորությունը, որ թեկուզ այս պայմաններում, շուկայական հարաբերությունները դարձնի այնպիսին, որ հանրության շրջանում դժգոհությունների առիթ չստեղծի: Ոչ իրավական առումով ասած՝ այս թալանը, այս կողոպուտը պետք է մենք բոլորս միասին փորձենք վերացնել ու դադարեցնել, որ մեր քաղաքացիները ստիպված չլինեն նվազագույն հնարավորությունների պայմաններում ծախսեն անհամեմատ մեծ գումար»:
Շուկայում իրացվող ապրանքի առավելագույն գինը պետք է սահմանի պետությունը, որը գերազանցող վաճառք իրականացնողը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ու պատասխանատուներին հանձնարարել է մեկ օրում նախագծել համապատասխան իրավական ակտը, այն ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո հարկ է արագ իրազեկել հանրությանն ու անցնել դրա կիրառումը ամենժամյա վերահսկելու գործին։ Պետնախարարը հավաստիացրել է, որ անձամբ է հետևելու նրանցից յուրաքանչյուրի կողմից իրենց գործառույթների կատարման պատշաճությանը։