«Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը» բազմաթիվ ծրարգրեր է իրագործել պատերազմից հետո։ Շրջափակումից հետո` ուշադրության կենտրոնում են հատկապես մանկահասակ երեխաները։ Հիմնադրամը բարերարների հանգանակության և կամավորների օգնությամբ մանկական սնունդ է տրամադրում Արցախում ապրող երկու տարին չլրացած երեխաներին։ Լսենք Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը։
Ստեփանակերտի Թումանյան 54 հասցեում գտնվող «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի» գրասենյակի դիմաց հավաքվածների շարքում էր նաև Արցախի շրջափակումից երկու օր անց ծնված Ասրին։ Ինն ամսական փոքրիկը համբերատար, զննող հայացքով նայում է անընդհատ ավելացող հերթին, հայացքն աշխուժանում է միայն զինվորական հագուստով անցորդներին տեսնելիս։ Ասրիի հայրը դիրքերում է, երկու շաբաթից ավել է հայրիկին չի տեսել, շատ է կարոտում, ասում է մայրը՝ Լարիսան, պատմում շրջափակմանը համընթաց փոքրիկին պահելու դժվարությունների մասին։
«Շատ դժվար ենք պահում Ասրիին, ծնված օրվանից նա սնվում է միայն արհեստական կաթնախառնուրդով, կրծքի կաթ չի կերել։ Չնայած Ասրին դեռ շատ փոքր է, բայց այս ծանր հոգեբանական մթնոլորտը ազդում է նաև նրա վրա, հատկապես, երբ հայրը տանը չէ։ Ծնված օրվանից սկսած դժվարություններ ենք հաղթահարում, բալիկս դեռ չգիտի` ինչ է բանանը։ Այսօր արդեն ամեն ինչն է խնդիր՝ սնունդ գտնելուց մինչև հիգիենայի պարագաների հայթայթում»։
Փոքրիկի համար շրջափակման պայմաններում հավեյալ սնունդ գտնելն էլ խնդիր է, հատկապես վերջին շրջանում։ Ասրին այստեղ է` ստանալու «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի» կողմից տրամադրվող իր բաժին շիլան։
Երեք անչափահաս երեխաների հայր՝ Սասուն Ներսիսյանը, նույնպես սպասողների շարքում էր, ասում է մանկիկն ինն ամսական է, կինը չի կարողանում հերթերում կանգնել, ստիպված ինքն է հերթից հերթ շտապում։ Շրջափակումից հետո կորցրել է աշխատանքը՝ վարձակալած խանութ էր աշխատեցնում, հիմա` եկամտի միակ աղբյուրը երեխայի համար տրամադրվող նպաստն է։ Այսօրվա հերթի ցուցակում 40-րդն է՝ ասում է, եթե բախտը բերի հաց էլ տուն կտանի։ Արհեստական հերթեր չստեղծելու համար իր առաջարկն ունի հիմնադրամին։
«Երեխայիս համար այս շիլաները միշտ գնում էի, բայց քանի որ հիմա դեղատներում չկան եկել եմ այստեղ, առավոտվանից եմ այստեղ, հետո էլ պետք է հասցնեմ հացի հերթ պահել, որ տուն հաց հասցնեմ։ Առաջարկում եմ յուրաքանչյուր երեխայի հասանելիք սնունդը տալ տեղամասային բժշկին, նրանք էլ բաժանեն մեզ»։
Շիլաների տրամադրման օրն ու ժամը նախորոք հայտարարված էր։ Գիտեին, երբ են տրամադրելու, պարզապես մի քանի ժամ շուտ են եկել, ցուցակագրվելու համար, ասում է երկու երեխաների մայր՝ Գայանե Մարտիրոսյանը ։
«Առավոտ ժամը 9-ից ամուսինս եկել և հերթագրվել է, որ կարողանանք նշված ժամից արդեն ստանալ շիլան։ Սա երկրորդ անգամն է, որ օգտվում եմ ծրագրից, առաջին անգամ` օգոստոսին ՝ 1 տարեկան 10 ամսական բալիկիս համար վարսակի փաթիլներ եմ ստացել, հիմա եկել եմ 7 ամսական բալիկիս համար շիլա ստանալու։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ այս նեղ պայմաններում կարողանում են ինչ-որ կերպ մեզ օգնել»։
Սա հիմնադրամի հերթական ծրագրերից է, որի օգնությամբ աջակցություն է տրամադրվում Արցախում ապրող բնակիչներին: Հիմնադրամը ծրագրեր է իրագործել, նույնիսկ մինչև պետական կարգավիճակ ստանալը, երբ դրա տնօրենը դեռ Սոֆյա Հովսեփյանն էր. այս պահին նա ֆիզարձակուրդում է, ասում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Հայրապետյանը։
«Հիմնադրամն ստեղծվել էր նրա համար, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, պայմաններից ելնելով ստեղծենք զբաղվածություն բնակչության համար։ Սկզբնական շրջանում կարիքների ու կարողությունների գնահատում կատարեցինք, հետո արդեն յուրաքանչյուրին տվեցինք իրեն համապատասխան գործիքն ու հնարավորությունը, որպեսզի կարողանա գումար վաստակել։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրագործել և շրջափակումից առաջ և դրա ընթացքում՝ ունեինք համապատասխան ռեսուրսներ»:
Շրջափակումից հետո, սակայն, հիմնադրամի գործելաոճում որոշակի փոփոխություներ են կատարվել։ Ավելացել է հումանիտար օգնության՝ բարեգործության ճյուղը։ Անցած գարնանը հիմնադրամը իրականացրել է երեք խոշոր ծրագիր, ասում է Արշակ Հայրապետյանը։
«Բարերարների միջոցով և պարզապես մտահոգ քաղաքացիների՝ հիմնադրամին ուղարկած գումարների միջոցով գնել ենք մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սնունդ, գարնանը բնակիչներին է տրամադրվել 23 անուն սերմ, ինչը բնակիչները ցանել են իրենց այգիներում և այս օրերին երբեմն հիմնադրամի աշխատաողներին էլ են բաժին հանել։ Նաև տրամադրել ենք մոտոբլոկ, ինչի շնորհիվ գյուղացին կարողացել է և իրենց այգում աշխատել և օգնել ուրիշներին»։
Հիրմանդրամը շարունակական աշխատանքներ է տանում՝ հատկապես այս շրջանում օգնելու մանկահասակ երեխաներին։ Վարսակի փաթիլների, մանկական շիլաների տեսքով օգնություն տրամադրելով 4 ամսականից մինչև մեկ տարեկան, և մեկ տարեկանից մինչև 2 տարեկան երեխաներին։
Հիմնադրամի ֆեյբուքյան էջով բնակչությանը պարբերաբար իրազեկում են տրամադրվող աջակցության ձևի, կարգի և ժամանակի մասին` ասում է Արշակ Հայրապետյանը։
«Հունվարից մենք տրամադրում ենք մանկական սնունդ՝ կաթնախառնուրդներ, շիլաներ։ Երեխաների այդ տարիքն ենք ընտրել, որովհետև մի փոքր մեծերը հավելյալ սնունդ կարողանում են օգտագործել, իսկ այդ տարիքի երեխաները` ոչ։ Հիմնադրամը նաև հոգեբանական խորհրդատվություններ է տրամադրում հատկապես այն մայրերին, որոնք բնական կաթով կերակրելու խնդիրների առաջ են կանգնած»։
Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է ներկայանան հիմնադրամ իրենց հետ տանելով երեխայի ծննդյան վկայականը, ծնողներից մեկի անձնագիրը, մինչև մեկ տարեկան երեխայի կաթնախառնուրդ ստանալու համար` նաև մանկաբույժից տրամադրվող համապատասխան տեղեկանք։ Ծրագիրը շարունական կլինի այնքան ժամանակ, ինչքան հնարավորությունները թույլ տան՝ ասում է հիմնադրամի տնօրենը։