Շրջափակման պայմաններում Արցախում ապրանքների արձանագրված սղությունն ու դրան զուգահեռ շուկայում հայտնված ապրանքների գնաճն արդեն հատում են թույլատրելիի սահմանը՝ դժգոհությունների տեղիք տալով և նպաստելով սոցիալական լարվածության մեծացմանը։ Թեմայով երեկ խորհրդակցություն էր հրավիրվել նաև հանրապետության պետնախարարի մոտ։
«Լավա թա հըմանչում չըն, է՞տ հինչ գներա»։
«Ժողովուրդ, մարդիկ փողն աշխատում, խընգարումեք»։
«Իսկական թալանա, մոմենտա, բիզնեսն անում»։
«Վեշմին հսկողություն կա վե՞չ, հուվ հինչ գին օզում ա՝ տինում ա»։
«Էս հինչ գներա, ասումս՝ խե՞ թանգա, ռուսներին անավն քցում, ռուսնեն էլ մահնայն, հա՞»։
«Էտ հիմնադրամին միրգ-բանջարեղենը հօրա՞ է պա»։«Դե եկ ճօկե՝ վերնա հիմնադրամինը, վերը՝ լեվին»։
Սա սոցցանցերում հրապարակված մեկնաբանություններից մի փոքրիկ քաղվածք է ընդամենը։Մենք նաև հարցախույզ ենք անցկացրել Ստեփանակերտում՝ պարզելու թե ինչպիսին է իրավիճակն իրականում։ Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցի միրգ-բանջարեղենի խանութներից մեկում ապրանքն առատ էր․ պոմիդոր՝ 3800, վարունգ, բիբար՝ 2800 դրամ, տանձ՝ 3000, անանաս՝ 4000 դրամ։ Դրա կողքին՝ կարտոֆիլ, կաղամբ, սոխ, խնձոր՝ համեմատաբար մատչելի։ Հերթ չկար, գնորդների ձեռքին քիչ քանակությամբ ապրանք կարելի էր տեսնել, մեկ փունջ բրոկոլի, 2 պոմիդոր, մեկ վարունգ։ Ի՞նչ անենք, տանը երեխա կա, հիվանդ ունենք՝ ասում է գնորդներից մեկը՝ տիկին Անահիտը՝ ձեռքի պարունակությունը դնելով կշեռքին։
«Նման գներին մեր աշխատավարձերը չեն ձգում, բոլորս էլ գիտենք, թե դրանք ինչքան ցածր են։ Գները շատ բարձր են, դրա մասին խոսք լինել չի կարող։ Այն, ինչ կտրոնով է, էլի որոշակիորեն մատչելի է, դե հասկանում ենք, ձմեռային սեզոն է, թանկ է լինում, բայց դե կան մարդիկ, որ առիթից օգտվում են։ Դա մենակ բանջարեղենի մասով չէ, մթերային խանութներում էլ շատ թանկ է ապրանքը։ Բայց չենք կարող չառնել»։
Տիկին Անահիտն էլ Արցախում ապրող շատ-շատերի նման փորձում է ընբռնումով մոտենալ, ապրանք բերելը դժվարացել է, և պահեր են լինում, երբ գուցե և համաձայն են, որ շուկայում լինեն դրանք․ ծայրահեղ իրավիճակներ կան, երբ մարդը պատրաստ է անգամ ամենաթանկ գնով այն ձեռք բերել։ Բայց պետությունը պիտի վերահսկի գնագոյացման պրոցեսը՝ ասում է տիկին Անահիտը։
«Չգիտեմ՝ որքանո՞վ է սա ճիշտ, ու՞ր են նայում պատկան մարմինները, որ չեն հետևում այս գնաճին։ Եթե իսկապես կան մարդիկ, որոնք գումար են շորթում մեր տնտեսվարողներից, ապա թող նրանք պատասխանատվության ենթարկվեն, քանի որ, երբ տնտեսվարողներին բողոքում ենք, ասում են՝ ինչ անենք, քիչ-քիչ էլ գոնե վերցնում են մարդիկ։ Որ ճիշտը ասեմ՝ չգիտեմ ում մեղադրել։ Պետք է պարզաբանել՝ որտեղից է գալիս այս թանկությունը»։
Իսկ թե որտեղից է գալիս թանկությունը՝ կոնկրետ այդ խանութում, աշխատողը՝ Անին, այսպես է մեկնաբանում․
«Ապրանքը, որ ներմուծվում է պետության կողմից, ավելի էժան է լինում, քանի որ հավելավճար մենք չենք տալիս, բայց եթե մենք ենք ձեռք բերում, հավելյալ գումար ենք մուծում դրա համար ապրանքը բերողներին։ Մեքենաներով բերում են, ու մեզանից հավելյալ գումար են ուզում, չենք կարող նույն գներով վաճառենք, ստիպված թանկ ենք դնում, որպեսզի վնասով դուրս չգանք։ Բողոքները շատ են լինում, բայց դե մարդիկ էլ կան, որ ասում են, գոնե այս ձևով լինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում առնենք»։
Այս գնաճը ապրանքային շուկայում գների բարձրացմամբ չէ պայմանավորված, ասում է Անին, այլ միայն այդ հավելավճարներով։
Արթուր Ֆարամազյանը Կարմիր Շուկայից է․ եկել է Ստեփանակերտից որոշ քանակությամբ ապրանք տանելու՝ վերավաճառելու նպատակով։ Հարցինք՝ թանկ չէ՞, ի՞նչ գնով պիտի վերավաճառեք։ Ի՞նչ անենք, փակե՞նք խանութը, իհարկե թանկ է, բայց ապրել պետք է։
«Բերող չկա, մենք ենք գալիս տանում։ Հարմարված ապրում ենք էլի։ Որիշ տարբերակ չկա։ Պակաս ապրանքը շատ է, եղածն էլ թանկով է ճարվում։ Միրգ-բանջարեղեն էլի բերում էին, մի շաբաթ է, էլ չեն բերում։ Մենք ենք գալիս տանում, թանկով։ Ժողովուրդն էլ բողոքում է։ Տեղին, բայց դե մեր մեղքը ո՞րն է »։
83 օր Արցախը շրջափակման մեջ է, մի կերպ կազմակերպվում է բնակչության նվազագույն պարենային խնդիրների լուծումը, և տնտեսությունը լրիվությամբ չկազմաքանդելու նպատակով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրականացնել որոշակի ապրանքների վաճառք՝ հայտարարվել է պետնախարարի կողմից՝ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Պետնախարարի աշխատակազմը ուսումնասիրություններ է կատարել․ բողոքները տեղին են և ԱՀ կառավարությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել առկա դժգոհություններին:
«Այս իրավիճակում հանրության մոտ օբյեկտիվորեն կարող է կարծիք ձևավորվել, որ պետությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում այս հարցում կամ մենք չունենք բավարար գործիքակազմ, որ այս հարցում ունենանք կարգավորիչ բավարար դերակատարություն»,- նշել էր Գուրգեն Ներսիսյանը՝ անթույլատրելի համարելով շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, ինչի արդյունքում լուրջ վտանգներ է ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Իսկ տնտեսվարողներից մեկը, որը թշնամու քթի տակ է ապրում՝ Կարմիր Շուկայում, այսօր Ստեփանակերտ էր եկել իր մարդատար ավտոմեքենայով, շատ թանկ գնով ապրանք տանելու և ավելի թանկ գնով վերավաճառելու, որովհետև Կարմիր Շուկայում ապրող իր երեխան, ու նրա երեխան, ով իրենից այդ թանկ ապրանքը գնելու է, ուտել են ուզում։
«Մինչև ճանապարհը չբացվի՝ այս վիճակն այսպես շարունակվելու է, բողոքներն էլ զուգահեռ լինելու են», - ասում է զրուցակիցս՝ ապրանքը տեղավորելով փոքրիկ մարդատար ավտոմեքենայի բեռնախցում ու սրահում․ սահմանամեձ գյուղում սպասում են այդ ապրանքին։ Սա շրջափակման հարուցած բազնաթիվ խնդիրներից մեկն է իրականում, որը պետական կարգավորման է սպասում։