Երեկ իտալական «la Repubblica»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է Հայաստանի տարածքների նվաճմանը և Արցախի հայաթափմանը։ Մարտի 21-ին եգիպտական «AlQahera News» լրատվականին հարցազրույց էր տվել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել էր նաև Բերձորի միջանցքի արգելափակման, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական նկրտումներին։
«Գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը»։
Միջազգային ասպարեզում վերջին ժամանակներում փորձ է արվում արցախյան հիմնախնդիրը և Արցախի ինքնորոշման գործընթացը փոխկապակցել այլ տարածքային խնդիրների հետ։ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում նման համեմատությունը։ «Արցախ» լրատվականի հետ զրույցում նա նշում է․
«Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին համարվել է ինքնահռչակ անկախ պետություն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմա - իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ կա հալածվող ազգերի ինքնորոշման միջազգային իրավական հաջողված փորձ և պետք է ձգտել այդ փորձը կիրառելու ուղղությամբ, այլ ոչ թե փորձել համեմատության եզրեր գտնել ձախողված լուծումների հետ․
«Այդ օրինակները, որոնք բերվել են Ռուսաստանի արտգործնախարարության կողմից, դրանք չաշխատած օրինակներ են։ Այսինքն՝ դա հղում էր Դոնեցկի հետ կապված մինսկյան պայմանավորվածություններին, որոնք չաշխատեցին և ի վերջո այդ փաստաթղթի քննարկումը բերեց և հանգեցրեց լայնածավալ պատերազմի, և հազարավոր ու տասնյակ հազարավոր զոհեր են կրում երկու կողմերն էլ։ Այն առաջարկները, որ կան միջազգային հանրության շրջանում՝ արցախահայության համար, բացարձակ չեն համապատասխանում Արցախի հայության ձգտումներին, 30 տարվա պայքարին և նպատակներին։ Եթե, օրինակ, խոսվում է միջազգային նախադեպերի մասին, կարծում եմ, կան շատ ավելի հաջող նախադեպեր, որոնք համապատասխանում են մեր ձգտումներին, օրինակ, հենց նույն Կոսովոյի անկախության ճանաչումը շատ լավ նախադեպ է։ Բայց մեզ չի առաջարկվում անկախությունը ճանաչել, այլ առաջարկվում են Կոսովոյի և Սերբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Կոսովոյի տարածքում բնակվող սերբերին»։
Մատնանշելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նշում է, որ թեև Ադրբեջանը հայտարարում է խաղաղ գոյակցության մասին, բայց գործնականում ցույց է տալիս, որ էթնիկ զտման նպատակ է հետապնդում․
«Առաջինը՝ տնտեսական շրջափակում և կենսական պայմանների վերացում, երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումը․ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, առ այսօր, կիրառում է ռազմական ուժ և ցուցադրում ուժ կիրառելու սպառնալիք։ Մենք ուժի կիրառման ականատեսը եղանք ընդամենը օրեր առաջ՝ մարտ ամսվա սկզբին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին, սպանեցին Արցախի Հանրապետության ոստիկանության 3 զինծառայողի և մեկին վիրավորեցին։ Երրորդ գործողությունը՝ արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, անիշխանության և առհասարակ՝ անորոշության վիճակ ստեղծելը։ Երբ այդ ամենին զուգահեռ Ադրբեջանն սկսում է խոսել ադրբեջանցիների ու Արցախում ապրող հայերի խաղաղ գոյակցության մասին, ամբողջությամբ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի ողջ նպատակը և նրա ծրագրերը»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ ինտեգրման անվան տակ զինաթափել Արցախի բնակչությանը և վերջնականապես հայաթափել Արցախը․
«Միանշանակ՝ ինտեգրացիան անհնար է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչ է լինում, երբ անպաշտպան հայ քաղաքացին հայտվում է ադրբեջանցիների կամ թուրքերի իշխանության ներքո, ուժի սպառնալիքի ներքո։ Եթե որևէ մեկը դա ընդունելի տարբերակ համարի, պետք է նաև ընդունելի համարի, որ Արցախը լավագույն դեպքում հայաթափվելու է։ Բայց ավելի մեծ վտանգ կա՝ բնակչության կոտորածը։ Դրա համար «ինտեգրացիա»-ն ցեղասպանության օրակարգն է։ «Ինտեգրացիա» ասելով պետք է հասկանանք հայերի կոտորած և ուրիշ ոչ մի բան։ Ինչքան էլ դա սիրուն փաթեթավորեն, տարբեր ձևերով ներկայացնեն, խոսեն միջազգային միջնորդների և այլնի և այլնի մասին, միանշանակ կարող եմ ասել, որ «ինտեգրացիա»-ն ցեղասպանություն է»։
Արցախյան հիմնախնդրի մոտ մեկդարյա պատմությունը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակը եղել և մնում է հայերի ոչնչացումը, իսկ դրան հակազդելու աշխատող միակ տարբերակը շարունակում է մնալ հայրենի երկրամասի շենացումը և այն պաշտպանելու պատրաստակամությունը։