Նոյեմբերի 21, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հուլիսի 22, 2023

Բրյուսելից Վիեննա և Մայրաբերդից Երևան, վերջին յոթ օրերը հարուստ էին Արցախի ներսում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով:

Մեկ շաբաթ առաջ, բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածեց հայտարարություն: Դրա մեջ հնչեց միտք, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է ապաարգելափակի Քաշաթաղի միջանցքը, այլ նաև` կարող է դեպի Արցախ մատակարարումներ սկսել բռնազավթված Ակնայից: Այդպիսով, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, ոչ միայն արժանի գնահատականի չարժանացավ, այլ` արցախյան հիմնախնդիրը, ըստ էության, ավելի հեռացվեց ինքորոշման ու ազգատյացության հարթությունից, և ավելի խորը տեղադրվեց պարենային մատակարարման հարթությունում: Իհարկե, այդ հարցում հարկ է նշել նաև ՀՀ վարչապետի անողնաշար դիրքորոշումը: Թեև Հայաստանը պաշտոնապես չի արտահայտվել` Ակնայից ենթադրյալ մատակարարումների թեմայով Միշելի արտահայտության վերաբերյալ, սակայն` իր անհակաճառությամբ, փաստացի, լեգիտիմացրել է այդ միտքը: Այնինչ` ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք է թույլ չտային այդ խոսույթը տարածել, այլ՝ պետք է բացառեին նույնիսկ դրա քննարկումը:

Ինչպես միշտ` Ադրբեջանի բռնապետը բանակցություններում հրապարակ է նետում որևէ կեղծ օրակարգ, որը հետագայում սկսում է պարբերաբար հոլովել ինքը, և իր` պալատական մունետիկները: Նման հարցերում հայկական կողմն առավելագույն համառություն և անզիջումություն պետք է դրսևորի:

Բացի այդ կտրականապես անընդունելի ու անպատասխանատու միտքը, Միշելի հայտարարությունում կային նաև դրական մտքեր: Եւ դրանցից ամենակարևորը` Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններն են՝ միջազգային միջնորդությամբ: Արցախի իշխանություններն իրենց մեջ կամք ու վճռականություն պետք է գտնեն և համաձայնվեն այդ ձևաչափին: Վերջ ի վերջո, եթե, օրինակ, Կոսովոյի ղեկավարները չվճռեին բանակցել Սերբիայի հետ, ոչ մեկը Կոսովոյին երբևէ անկախություն չէր նվիրի: Արցախը հնարավորություն ունի` օգտագործելով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունները, միջնորդավորված բանակցություններում ձևավորել անկախության ճանաչման գործընթաց: Բնականաբար, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ բանակցություններին ընդդիմանում է Ռուսաստանը, որը հենց բրյուսելյան բանակցությունների ընթացքում էլ շեշտեց` բանակցությունները պետք է ընթանան Երևանի և Բաքվի միջև: Եւ ամեն անգամ, երբ Երևանից, Փարիզից կամ այլ վայրից հնչում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության միտքը, Մոսկվան շտապում է հայտարարել, որ ինքը սատարում է Երևան-Բաքու բանակցություններին: Բնականաբար, եթե Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ ընթանան և Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանն ստիպված լինի ճանաչել Արցախի անկախությունը, Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախումբն այլևս անելիք չի ունենա այստեղ:

Թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի հայտարարությունները, թե՛ Երևանի ու Ստեփանակերտի վարանամտությունը վերջին շաբաթվա ընթացքում ավելի մեծ թափ հաղորդեցին ծավալված համազգային շարժմանը: Երևանում սկսվեցին իրազեկման ինքնաբուխ ակցիաներ: ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ սկսվել է շարունակական ակցիա, որի նպատակն է` մեծաքանակ պարեն հավաքել և ստիպել ՄԱԿ-ը, որպեսզի այն Արցախում գործադրի Պարենի համաշխարհային ծրագիրը և հավաքված պարենը հասցնի Արցախ: Երևանում կայացան հանրահավաքներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանությունների, ԵՄ ներկայացուցչության մոտ: Մեծ հանրահավաք տեղի ունեցավ երեկ` տեղահանված արցախցիների մասնակցությամբ: Արցախում ևս շարունակվում են ակցիաները: Ասկերանցիները, ի նշան բողոքի, բետոնե բլոկներով արգելափակեցին դեպի բռնազավթված Ակնա տանող ճանապարհը: Շարունակվում են ակցիաները նաև Իվանյանի օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան զորախումբը:

Համազգային այս զարթոնքը և ոգևորությունը պետք է ճիշտ հունը գցել: Հայոց միասնական պետականության գաղափարին իսկապես հավատարիմ ուժերը կարող են մի կողմ դնել երկրորդական տարաձայնությունները և միաբանվել Հայրենիքի հզորացման և վերամիավորման գաղափարի շուրջ: Եթե նույնիսկ հնարավոր լինի այս փուլում հասնել Արցախի անկախացման, այլ ոչ` Մայր Հայաստանի հետ վերամիավորման, ապա` դա պետք է լինի սոսկ անցումային քայլ և վերջնանպատակը պետք է մնա միասնական և հզոր Հայրենիքի վերակերտումը: Որովհետև՝ չկա Հայաստան առանց Արցախի, և չկա Արցախ առանց Հայաստանի: Խարխուլ պատերով տունը չի կարող կանգուն մնալ, ինչպես և չի կարող կանգուն մնալ այն պետությունը, որը կիսատված է տարբեր քաղաքական խարդավանքների պատճառով: Այն քաղաքական ուժերը, որոնց թելերը գնում են աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, և որոնք չունեն ձևավորած հստակ ազգային և պետական ծրագիր` պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից:

Արդ ստեղծվել է պատմական սակավագույն մի պահ, երբ հնարավոր է համազգային զարթոնքի և ոգևորության միջոցով կրկնել մոտ երեսուն տարի առաջվա` այն ժամանակ ցնորամտություն թվացողը: Սակայն, այս անգամ արդեն պետք է խուսափել այն ժամանակ արված սխալները կրկնելուց:

Last modified on Շաբաթ, 22 Հուլիսի 2023 14:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ