Նոյեմբերի 21, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Օգոստոսի 12, 2023

Ինչպես եղանակի դեպքում, այնպես էլ` արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները վերջին շաբաթվա ընթացքում բավականին թեժ են:

 

Հենց երեկ, ռուսաստանցի անանուն պաշտոնյան նշեց, որ իր երկիրը ջանքեր է գործադրում բռնազավթված Ակնայից դեպի Արցախ պարենի ներկրման ճանապարհ բացելու ուղղությամբ, հավելելով, որ իրենք անելու են այնպես, որ այն գործարկվի: Իհարկե, Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախումբը ոչ միայն չի կարող, այլ նաև` չի ուզում կատարել իր ստանձնած ուղիղ պարտականությունները և ապահովել Քաշաթաղի միջանցքի լինելությունը: Ռուսաստանն օգտագործում է Արցախի շրջափակումը որպես ճնշման ծանր լծակ Հայաստանի վրա` սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ուղղությամբ: Եւ դա առաջին հերթին ուղղված է Հայաստանը սեփական վեկտորում պահելուն: Ռուսաստանին կենսականորեն անհրաժեշտ է նաև ՀՀ տարածքով վերահսկելի տրանսպորտային ուղի դեպի Թուրքիա: Եւ այս հարցում Ադրբեջանի բռնապետը խաղում է օգտակար ապուշի դեր, որի ձեռքերով Ռուսաստանը փորձում է կրակից հանել շագանակները: Բնականաբար, Ռուսաստանը և Ադրբեջանն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փորձում են ներկայացնել ոչ թե Քաշաթաղի միջանցքին զուգահեռ մատակարարման ուղի, այլ` դրան համարժեք, կամ, նույնիսկ` այլընտրանք: Ավելորդ է նշելը, որ այդ տարբերակին համաձայնվելու դեպքում Արցախը վաղ թե ուշ լիովին կախյալ կդառնա Ադրբեջանից, բխող բոլոր հետևանքներով: Իհարկե, ապագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի հարգել Արցախի ինքնորոշման իրավունքը, սկսի ուղիղ բանակցություններ Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ հավասարը հավասարի սկզբունքով, դադարեցնի իր հայատյաց քաղաքականությունը, միգուցե և ընդունելի լինի Ադրբեջանի հետ առևտրային կապեր ստեղծելը: Բայց դա մոտ ապագայում տեսանելի չէ:

Իսկ այժմ՝ ժամանակը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից չէ: Ինչպես և Ալիևը, Պուտինը ևս ցայտնոտի մեջ է: Ուկրաինայում ռազմական անհաջողություններին գումարվել են ներքաղաքական խորացող ճգնաժամը և Ռուսաստանի միջազգային դիրքերի ահագնացող թուլացումը: Եւ ինչպես միշտ է լինում նման դեպքերում` արվում են հապճեպ քայլեր, որոնք ոչ միայն օգուտ չեն բերում, այլ՝ ավելի են բարդացնում դրանք անողի դրությունը:

Վստահաբար կարելի է ասել, որ Քաշաթաղի միջանցքի արգելափակման պարտիայում ռուս-ադրբեջանական հաջողված առաջնախաղին հաջորդեցին անաշխույժ միջնախաղը և պատային վերջնախաղը: Եւ արցախյան հիմնախնդրում իրավիճակն իրոք պատային է: Մի կողմը չգիտի ինչ խաղալ, մյուս կողմը` չգիտի խաղալ:

Արցախի շրջափակման ուղղությամբ միջազգային ուշադրությունը վերջին շաբաթում մեծապես աճեց: Սակայն, հայկական կողմի ջանքերը գլխավորապես ուղղված էին հարցի մարդասիրական կողմին: Այնինչ` Արցախի շրջափակումը ոչ միայն մարդասիրական, այլ` խորապես քաղաքական և իրավական խնդիր է: Զոհի կերպարը կարող է լինել միայն շղարշ` սեփական անվտանգության և իրավունքների համար պայքարելու համար: Հակառակ դեպքում, համակերպվելով զոհի կերպարին, «ցեղասպանություն» բառը տարբեր միջազգային դերակատարների բերանից հնչեցնելուց ցնծություն ապրելով անհնար է ձեռք բերել հարգանք` միջազգային հարաբերություններում: Ավելին, անհնար է հարգանք ակնկալել այն դեպքում, երբ ստեղծում ես ամեն անգամ փոցխի վրա կանգնողի` դարը մեկ կամ մի քանի անգամ ցեղասպանվողի կերպար: Կրկին` միջազգային հարաբերությունները խղճմտանքի տեղ չեն, և թշնամու ռազմական հանցագործությունները պետք է հմտորեն օգտագործել` սեփական աշխարհաքաղաքական շահի համար: Այնպես, ինչպես ցեղասպանության հանցագործության առկայությունն օգտագործվեցին Կոսովոյում, Արևմտյան Թիմորում, կամ՝ այլուր:

ՀՀ ԱԳՆ-ը վերջին շաբաթվա ընթացքում մեծացրել էր ջանքերը` Արցախի շրջափակման հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնելու ուղղությամբ: Եւ արդեն երեկ՝ դիմեց ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու պահանջով: Սակայն, կրկին` դա պետք է հստակ ձևակերպվի ոչ որպես սոսկ մարդասիրական, այլ, առաջին հերթին` Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների, հատկապես` ինքնորոշման իրավունքի խնդիր: Հայաստանի դիվանագիտությունն ակտիվ աշխատանք է տանում Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների հետ: Սակայն ԱԽ-ի հինգ մշտական անդամներից առնվազը երկուսից` Չինաստանից և Ռուսաստանից շատ բարդ է ակնկալել հայանպաստ դիրքորոշում այս հարցում: Իսկ խորհրդի մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք, որը թույլ է տալիս տապալել ցանկացած բանաձևի ընդունում: Սակայն, ինչպես ասացվածքն է ասում` երբեմն հաջողվում է շնից էլ մազ պոկել: Իհարկե, միջազգային հարաբերություններում պատահականության կամ բախտի վրա չի կարելի հույս դնել, և պետք է աշխատել նպատակաուղղված և գրագիտորեն: Արցախյան հիմնախնդրի իջեցումը մարդասիրական ճգնաժամի մակարդակի, թեև խիստ կարճաժամկետ կտրվածքով կարող է օգտակար լինել, սակայն երկարաժամկետ կտրվածքով կարող է վերջնականապես տապալել Արցախի ինքնորոշման համար պայքարը:

Վերջին շաբաթվա ընթացում նկատվում է նաև հայկական արտաքին քաղաքական և պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ: Երևանից արվող հայտարարությունների երանգները և տողատակերը շատ հետաքրքիր են, և հստակ տեսանելի է այն, որ Հայաստանն օգտագործում է իրեն ոչ բարեկամական երկրների թույլ տված սխալները` բանակցային ավելի հարմար դիրքեր գրավելու համար: Միաժամանակ, մեծացել է ԱՄՆ-ի և ԵՄ ճնշումն Ադրբեջանի վրա, թե՛ հայաստանա-ադրբեջանական բանակցային գործընթացի համատեքստում, թե՛` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձևաչափի վերաբերյալ: Եւ առաջիկա շաբաթների ընթացքում, անկասկած, հետաքրքիր զարգացումներ են սպասվում արցախյան հիմնախնդրի շուրջ:

Մյուս կողմից, պետք է հիշել, որ Արցախի շրջափակումը վաբանկ էր բաքվյան բռնապետի համար, որը փորձում է խնդիրը լուծել քանի դեռ Ռուսաստանն ազդեցություն ունի Արցախում և ճնշման լծակներ` ՀՀ վրա: Եւ նման բարձր խաղադրույքի դեպքում, երբ խաղագծի վրա դրված է ամեն ինչ, իսկ Ալիևի միջազգային հեղինակությունը շարունակում է ընկնել, նա, վստահաբար, չի վարանի գնալու նաև ռազմական բախման և ցեղասպանության: Սակայն, այդ դեպքում ևս` հայկական կողմի նույնիսկ ամենաչնչին հաղթանակը բեկումնային կլինի: Այդ իսկ պատճառով` պետք է գործել առավել գրագիտորեն, ողջամիտ կառավարել ունեցած հնարավորությունները և ռեսուրսները, պատրաստ լինել ցանկացած զարգացման, և ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել ուրիշի խաղի կանոններին: Ժամանակ դեռ կա, բայց պետք չէ վատնել այն:

Last modified on Շաբաթ, 12 Օգոստոսի 2023 14:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ