Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 370730401 դեպք, մահացել է 5669189 մարդ: Արցախում ընդհանուր առմամբ վարակվել է 6758 քաղաքացի: Արցախում վարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի ապրիլին: Առաջին տարում Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1897 դեպք: 2020թ. համեմատ 2021-ին վարակվածների թիվն ավելացել է գրեթե 4 անգամ: Արդեն ունենք նաև այս տարվա ցուցանիշները. հունվարի 29-ի դրությամբ հիվանդացածների թիվը 152 է, ինչը գրեթե 7 անգամ քիչ է նախորդ ամսվա դեպքերից: Վարակի հայտնաբերումից անցել է ավելի քան 2 տարի: Այս ընթացքում հայտնաբերվել է վարակի 5 շտամ՝ ալֆա, բետտա, գամմա, դելտա և օմիկրոն: Վերջին շրջանում հայտնաբերված օմիկրոն շտամը, ոլորտի փորձագետների կարծիքով, ամենահեշտ տարածվողն է: Օմիկրոնն սկիզբ է առել Աֆրիկայից: 1-ին դեպքերի գրանցումից հետո առողջապահական հեղինակավոր կենտրոններն սկսել են ահազանգել նոր վարակի վտանգավոր լինելու մասին: Կարճ ժամանակում նոր շտամը տարածվել է աշխարհի մի շարք երկրներում: Շտամով վարակման դեպքեր գրանցվել են աշխարհի ավելի քան 100 երկրում: Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում՝ գնահատելու օմիկրոնի տարածման դինամիկան, ծանրությունը և կրկնավարակի ռիսկը: «Առողջապահության ազգային ինտիտուտի» ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը կարծում է, որ առաջիկայում շտամը վարակի նոր ալիք կբարձրացնի:
«Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում, և դա տեղի կունենա կարճ ժամանակում: Չնայած ծանր դեպքերի թիվը չի շատացել՝ վարակի դեպքերը շատ են լինելու և հետևաբար հաճախորդների քանակը, որոնք կունենան վարակի միջին ծանրության և ծանր դրսևորումներ, շատ կլինեն, և սա մեծ բեռ կլինի առողջապահական համակարգի համար»:
Հայաստանում օմիկրոնի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 8-ին: Առողջապահության համաշխարհային կոմիտեն հետևում է վիրուսի մուտացիաների դեպքերին՝ ասում է Նարինա Սարգսյանցը:
«Հատուկ ուշադրություն է դարձվում շտամներին, որոնք անհանգստություն են ներկայացնում են և շտամներին, որոնք ներկայացնում են հետաքրքրություն: Այսինքն կան 2 խմբեր, որոնց մշտական հետևում են»:
Աշխարհով մեկ «թևածող» կորոնավիրուսային հիվանդությունը տևական ժամանակ է՝ մարտահրավեր է մարդկության համար: Նոր շտամների հայտնաբերումներն էլ հույս չեն ներշնչում, որ պանդեմիան մոտենում է ավարտին: