Նոյեմբերի 27, 2024

Համերգ՝ Արցախի ձայները ավելի լսելի դարձնելու առաքելությամբ

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 03, 2022

Հեդել, Բախ, Վիվալդի, Մոցարտ՝ համերգի առաջին մասում կատարվեցին բարոկկո երաժշտության  հայտնի նմուշներ: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը համերգային ծրագրով ներկայացրեց Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում ուսանող արցախցի երիտասարդներին։ Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի հետ նրանցից ոմանք առաջին անգամ չեն աշխատում, իսկ մյուսների համար  այն անսամբլի հետ հանդես գալու առաջին փորձառությունն էր: Ակադեմիական երգեցողություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Աղաջանյանի համար այս համերգը մեծ ձեռքբերում էր: 

«Համերգի առաջարկ ստացանք Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթից: Մեծ ոգևորությամբ ընդունեցի առաջարկը: Որովհետև մեր հարգելի դիրիժոր Սեդրակ Երկանյանն ասաց, որ միայն արցախցի ուսանողների հետ է ուզում կազմակերպել համերգը»:

 Համերգի երկրորդ մասում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, գերակշռողը  Կոմիտասն էր: Բայց դրանք ներկայացվել են  նորովի՝ Սեդրակ Երկանյանի մշակմամբ:

 Փորձերը և համերգը անցան շատ ջերմ մթնոլորտում՝ ասում է Կարինեն: Նվագախմբի հետ նրա առաջին երլույթն էր: Բայց վստահ է՝ շարունակական կլինի: 

«Ստեփանակերտի «Մռակած» պետական կամերային երգչախմբի հետ շատ ելույթներ եմ ունեցել՝ թե որպես մենակատար և թե որպես երգչախմբի անդամ: Բայց նվագախմբի հետ՝ դեռ ոչ: Մեզ համար այս համերգը նոր ճանապարհներ բացելու հնարավություն էր, ինչի համար շնորհակալ ենք Սեդրակ Երկանյանին»:

 Մասնակիցների համար դեպի մեծ բեմ ընթացքի սկիզբը դրվեց հենց այս համերգով: Կարինեն ժամանակից առաջ ընկնել չի ուզում, բայց և ասում է՝  առաջիկայում նաև Ստեփանակերտում նման համերգ կազմակերպելու ցանկություն ունեն:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ