Նոյեմբերի 23, 2024

Ինչո՞ւ է Բաքուն շտապում ադրբեջանականացնել Շուշին

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 09, 2022

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը միայն իրեն հատուկ ձեռագրով ամեն կերպ փորձում է վերացնել հայկական հետքն օկուպացրած տարածքներում, հատկապես՝ Շուշիում։ Մշակութային ցեղասպանությունը՝ հայկական եկեղեցիների վիմագիր արձանագրությունների ջնջում, եկեղեցիների հիմնահատակ քանդում, հայկական եկեղեցիների «աղվանականացում», իրագործվում է ամենաբարձր՝ պետական մակարդակով։ Այս քաղաքականությունն Ադրբեջանի դեպքում զարմանալի չէ, քաղաքակիրթ մարդկության լռությունն է անհասկանալի՝ ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը․

«Սա շատ վտանգավոր գործունեություն է, և այն ուղղված չէ միայն Արցախի, հայ ժողովրդի դեմ, այլ ամբողջ աշխարհի։ Սա հակամարդկային, հակահամաշխարհային մշակույթի դեմ ուղղված գործունեություն է»։

Ադրբեջանը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է իրականացնում Շուշիում, այլև ամեն կերպ փորձում է թուրքական ներկայությունն ապահովել այնտեղ։ Այս տարվա մարտի 31-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Շուշին հռչակել է 2023 թվականի «թյուրքական աշխարհի մշակութային քաղաք»։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը Շուշին թուրքացնելով։ Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ այս հարցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տեսակետից, և առանձնացում երեք կարևոր հանգամանք․

«Առաջին հերթին ես տեսնում եմ պանթյուրքիստական ծրագրերի շրջանակներում Շուշին օգտագործելու Ադրբեջանի ձգտումը։ Երկրորդ՝ Շուշին պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել մեր տարածաշրջանի կյանքում, և դա հիմնականում պայմանավորված է հայ ժողովրդի գործունեության հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է Շուշիի տարածաշրջանի նշանակությունը յուրացնել։ Եվ վերջապես, փորձելով յուրացնել Շուշին այդ երկու հանգամանքներով՝ Ադրբեջանն իր համար փորձում է ստեղծել հնարավորություն՝ Շուշիի միջոցով դառնալու կարևոր քաղաքական կենտրոն»։

Ընդ որում՝ Ադրբեջանն այս քայլերն իրականացնում է ակնհայտ շտապողականությամբ։ Սա էլ իր պատճառներեն ունի՝ նկատում է զրուցակիցս։

«Չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ի հարցը լուծված է, այնուամենայնիվ, նրանք մտավախություն ունեն, որ մի օր կսկսվի Արցախի հիմնահարցի իրական և օբյեկտիվ լուծման գործընթացը, և նրանք կկորցնեն Շուշին։ Դրա համար այդքան շտապում են Շուշիից վերացնել հայկականությունը»։

Նման քաղաքականություն Ադրբեջանը որդեգրել է դեռևս խորհրդային տարիներին։ Պատմությունը խեղաթյուրել, կեղծել հնարավոր է, ջնջել իրականությունը ՝ անհնար։ Շուշին 19-րդ դարի Արևելյան Հայաստանի կրթամշակութային խոշոր կենտրոնն էր։ Այստեղ են հիմնվել գիտական պարբերականներ, թերթեր, հանդեսներ։ Այդ դարաշրջանի հայ մշակութային, կրթական ներուժը կենտրոնացված էր Շուշիիում և Թիֆլիսում՝ ասում է պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանն ու պատմական փաստեր վկայակոչում․

«Որքան էլ իրենց երկու-երեք  մուղամ ասողներով ցանկանան Շուշին ներկայացնեն ադրբեջանական, իբր ունեցել են կոնսերվատորիա, այնտեղ են սովորել, միևնույն է, հնարավոր չէ։ Նկարիչ Ստեփան Աղաջանյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը և բոլոր այն մեծերը, որ հայ ժողովրդին ու աշխարհին տվել է Շուշին, իրենց գոյությամբ իսկ փաստում են, որ ողջ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի ընթացքում Շուշին եղել է հայկական»։

Փաստ է և այն, որ Շուշիում 1895 թվականին Երվանդ Լալայանի կողմից առաջին անգամ հիմնված «Ազգագրական» հանդեսը ավելի հին է, քան ադրբեջանցի էթնոնիմը։ Պատմությունը վկայում է, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է 1936 թվականին։ Մինչ այդ  Շուշիիում բնակվող մահմեդականներն իրենք իրենց ադրբեջանցի չէին համարում։

«Նույնիսկ 1921 թվականի հենց իրենց՝ ադրբեջանական ԽՍՀ կողմից կատարած գյուղատնտեսական մարդահամարի կամ 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ երբ նշվում էր այս կամ այն բնակչության էթնիկական կազմը, գրվա՞ծ էր ադրբեջանցի էթնոնիմը, այդպիսի էթնոսի անուն կա՞ր․ կարո՞ղ են ապացույց բերել։ Մինչև 1936 թվականը որևէ տեղ ֆիքսվա՞ծ է ադրբեջանցի անվանումը, իհարկե՝ ո՛չ։ Սա նույնիսկ խոստովանում են ադրբեջանցի որոշ հետազոտողներ։ Եվ ասել, որ այդ շրջանում Շուշին ադրբեջանական քաղաք էր, պարզապես ծիծաղելի է»։

Գերության մեջ գտնվող Շուշին հայկական պահելու համար պետք է աշխատել, պայքարել տարբեր ճակատներում։ Լեռնիկ Հովհաննիսյանը համոզված է, որ պայքարն անպայման իր նպատակին կհասնի, եթե ճիշտ կազմակերպենք մեր անելիքները։ Եվ հազարամյակների քրիստոնեական աղոթքների բերդաքաղաքում նամազների շրջանը կմնա միայն պատմության լուսանցքում։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 09 Մայիսի 2022 10:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ