Արդեն 30 տարի այս օրը վաղ առավոտյան մենք ճամփա էինք ընկնում դեպի Շուշի։ Որոշները՝ ոտքով․ Շուշի գնալն ուխտագնացություն էր։ Գնում էինք ոչ միայն նշելու Եռատոնը, այլև Շուշին զգալու համար։ Լսելու նրա պատմությունները, հաղորդակցվելու, խոսելու։ Իսկ Շուշիի հետ խոսելու շատ բան կար, որ կուտակվել էր տասնամյակներով, և հորդում էր ու չէր վերջանում։ Այսօր էլ, անկախ ամեն ինչից, մեր ճամփորդությունը դեպի Շուշի կայանալու է։ Շուշին՝ հայկական լեռնաշխարհի չբացահայտված քաղաքը։
Արմինե Հայրապետյան․ պատմաբան, հուշարձանագետ․
Շուշիի պատմական արժեքն անգնահատելի է համարում, համոզված է՝ ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին։ Ցավում է, որ մենք՝ 21-րդ դար հասած հայերս, Շուշին մինչև վերջ չբացահայտեցինք, չարժևորեցինք ու չհասկացանք նրան։
« Շուշիի պատմական արժեքը, ռազմավարական տեսանկյունից, միշտ էլ մեծ է եղել։ Ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին՝ հենց այնպես չի ասված։ Շուշիում ժամանակին առավելապես իշխանության հարց է լուծվել, քան հայկական տարածք ազատագրելու հարց։ Վերջին իրադարձությունները ցույց են տվել , որ դա իրոք այդպես է։ Շուշիի մասին առաջին նյութերը 16, 17 -րդ դարերից են, բայց ի հայտ եկած հին, վաղ քրիստոնեական դամբարանները ցույց են տվել, որ քաղաքն ավելի հին է և կառուցվել է մինչ այդ գոյություն ունեցող բնակավայրի վրա։ Նրա փառքը, ծաղկուն շրջանն այդուհանդերձ տասնիներորդ դարին է պատկանում։ Այդ ժամանակ քաղաքը միանգամից զարգացավ և առաջ անցավ Անդրկովկասի մի շարք քաղաքներից։ Եվ ոտք էր ձգում Փարիզի, Թիֆլիսի հետ։ Մշակույթը, կրթությունն այնպիսի զարգացում ապրեց, որ սկսեց փոխել քաղաքի ճարտարապետական դեմքը։ Տարբեր տեղերից հայտնի գործիչներ գալիս էին այնտեղ ապրելու և աշխատելու։ Շուշիում ի հայտ եկան երկհարկանի քարե շենքեր, գեղեցիկ ճարտարապետությամբ մշակույթի և կրթության օջախներ։ Շուշին հայտնի դարձավ իր կամարակապ դռներով և փայտե պատշգամբներով։ Այդ ամենը կառուցվում էր 1853 թվականին մշակված հատակագծի հիման վրա։ Շատ հայտնի արվեստագետներ հիացմունքով էին արտահայտվում նրա մասին, շեշտելով, որ այն առանձնանում է Անդրկովկասի մյուս քաղաքներից։ Երբ դարավերջին եղան հայերի կոտորածները, տուժեց նաև Շուշիի ճարտարապետությունը։ Այն տուժեց նաև խորհրդային տարիներին։ Ադրբեջանը, ինչպես հիմա, այն ժամանակ էլ փորձում էր վերացնել հայկական հետքը Շուշիից։ 1992 թվականի ազատագրումից հետո այդուհանդերձ չորս հարյուրից ավել հայկական հուշարձաններ ենք գտել Շուշիում։ Այդ թվում ճարտարապետության եզակի գոհարներ։ Քաղաքը պիտի զարգացվեր, բարելավվեր։ Ցավոք, հավուր պատշաճի չի արվել։ Շուշիի պատմաճարտարապետական նախագիծը բարեբախտաբար կար, մինչ վերջին պատերազմը որոշակի աշխատանքներ կատարվել են։ Այսօր այդ ինքնատիպ հայկական քաղաքը գտնվում է ադրբեջանցի վանդալների վերահսկողության տակ, և նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի հայկական հետքը վերանա այնտեղ»։
Ի՞նչ է պատմում Շուշին։ Նա իրեն երբեք անվտանգ չի զգացել։
Մանուշակ Տիտանյան․ վերականգնող ճարտարապետ
Շուշին քաղաք է համարում իր մտածելակերպով, կառուցվածքով, բնույթով։ Շուշիի նույնիսկ մահմեդական թաղամասի տների բնավորությունը հայկական է՝ ասում է։ Շուշին կառուցող վարպետները հայեր են եղել հիմնականում և աշխատել են քարի հետ, ինչը հայկական, այլ ոչ մահմեդական քաղաքաշինական մշակույթի տարր է։ Քաղաքաշինական-ճարտարապետական տեսանկյունից Շուշին անկրկնելի է համարում ռելիեֆի, բնության ու ճարտարապետական ուրույն լուծումների ներդաշնակության շնորհիվ։
«Շուշին այնպիսի ռազմավարական դիրք ունի, որ չի կարող օտար աչքից հեռու լինել։ Ես միշտ իմ դժգոհությունը հայտնել եմ բոլոր ժամանակի իշխանություններից Շուշիի նկատմամբ վերաբերմունքի պահով։ Իրականում չգնահատեցինք Շուշին։ Իր ժամանակի համար Շուշին շատ տիպիկ, արևելյան քաղաք է։ Կրել է ժամանակի շունչը, այդ թվում և ճարտարապետական քաղաքականության տեսանկյունից։ Այդ թվում և կրել է Ցարական Ռուսաստանի ազդեցությունը։ Այդ ժամանակի հայկական քաղաքները այլ կերպար ունեին։ Շուշին քաղաք էր իր մտածելակերպով, կառուցվածքով, բնույթով։ Վարչական, կրթական, մշակութային քաղաք էր։ Եվ այն բոլոր կառույցները, որոնք կազմավորում էին այդ քաղաքի կյանքը, տիպիկ քաղաքային էին։ Քաղաքն ինքը շատ հետաքրքիր էր, գոտիավորված․ ներքևում մահմեդական թաղամասերն էին, հակառակ դրանց՝ հայկական թաղամասերը։ Ճարտարապետությունը հայկական է, քանի որ նույնիսկ մահմեդականների տները հայերն էին կառուցել․ դրանք քարաշեն էին, իսկ մահմեդական քաղաքաշինական մշակույթում այդ տարրը չկա։ Մահմեդականները սիրում են խուլ պատերով փողոց դուրս գալ, իսկ Շուշիի տները այդ առումով բաց են, դեպի փողոց են նայում։ Քաղաքը սալարկված էր․ հայերը ցեխով չեն քայլել․ նրանք իրենց բնակավայրերը սալահատակել են հիմնականում։ Հարուստ է հրապարակներով, որը յուրահատուկ է քաղաքային մշակույթին, այն հանրային մտածելակերպ է հաղորդում։ Շուշին ռելիեֆի վրա է, ինչը առանձնահատուկ գեղեցիկ է դարձնում նրան, ներդաշնակ բնության հետ։ Շուշին քաղաքի մարդկանց մասին էլ է պատմում, ասում է, որ նրանք կիրթ, մշակույթով զբաղվող մարդիկ են եղել։ Ռեալականը․ լուրջ կրթական կառույց է եղել, ափսոս որ չենք կարողացել վերանորոգել այն։ Դրանով կրթության նկտատմամբ մեր վերաբերմունքը ցույց կտայինք սերունդներին։ Այն, որ այնտեղ տպարաններ, մամուլ, հիվանդանոցներ ու կրթօջախներ են եղել, ասում է այն մասին, որ քաղաքը հանրային կյանք է ունեցել, հասարակական կարծիք, որը կարևորվել է։ Եվ իհարկե, պարիպները, Շուշին իրեն երբեք անվտանգ չի զգացել։ Հարուստ քաղաք է եղել, առևտրական ճանապարհի խաչմերուկում։ Դրա համար նման հզոր բերդապարիսպ է կառուցվել։ Ամեն ինչ արվեց, խորհրդային տարիներին է, որ հայակական թաղամասերը քանդվեն։ Բայց քաղաքը մի հետաքրքիր հատկություն ունի․ այն դժվար է փչացնել, քանի որ իր էությամբ և կառուցվածքով ինքը քաղաք է։ Ցավոք, մենք ոչինչ չարեցինք, որ այդ էությունը վերականգնենք»։
Շուշին, անկախ ամեն ինչից, հայկական շնչառություն ունի։
Լուսինե Գասպարյան․ արվեստաբան, Շուշիի թանգարաններ ՊՈԱԿԻ տնօրեն
Ամեն օր Ստեփանակերտից աշխատանքի էր գնում Շուշի, հայացքով բարևում Ղազանչեցոցին, ապա անցնում աշխատանքային առօրյային։ Հիմա էլ, ամեն օր մտովի Շուշիում է, պատկերասրահի նկարների հետ, իր հյուրերի հետ։
«Շուշին յուրահատուկ մշակութային քաղաք էր, այնտեղ թանգարաններ բացելը մշակութային քաղաքականության կարևորագույն քայլ։ Դա Շուշիի հայկականությունն ըստ արժանվույն ընդգծում էր։«Շուշի քաղաքի Թանգարաններ» ՊՈԱԿ֊ը չորս թանգարան ուներ՝ Կերպարվեստի թանգարան, Գաբրիելյանցի անվան Երկրաբանական թանգարան, Շուշիի պատկերասրահ, Պատմության թանգարան։ Կերպարվեստի թանգարանին կից Գործում էր Քանդակների պուրակը, որտեղ ամեն տարի սիմպոզիումներ էին կազմակերպվում։ Հազարավոր այցելուներ են ունեցել թանգարանները։ Եվ շատ արժեքավոր ցուցանմուշներ ու արվեստի գործեր։ Կերպարվեստի թանգարանը նախկին իջևանատան հիմքի վրա է կառուցվել և նույնիսկ ձիանոցը այնպես է վերափոխվել, որ ճարտարապետական տեսքը պահպանվի, և առանձնակի ներդաշնակություն կազմի Շուշիի ճարտարապետական տեսքի հետ։Այսօր Շուշին գրաված վանդալները մշակույթից են խոսում, բայց իրենք ոչնչացնում են հայկական մշակույթը»։
Շուշիի հետ մեր զրույցը կիսատ մնաց, ցավոք։ Խանգարեցին 44-օրյան ու պարտությունը, որ ունեցանք։ Շուշին նորից հեռացավ, խռովեց մեզանից։ Մեզ մնացին մեղքի զգացումը և մի կիսատ զրույց, որը մի օր անպայման շարունակություն պիտի ունենա։