Նոյեմբերի 21, 2024

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստ

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 14, 2022

Պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգությունը, ինչպես և սպասվում էր, մեծ վտանգի առաջ կանգնեց։ Օրեցօր համացանցում հայտնվում էին լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ թշնամին ոչնչացնում կամ վանդալիզմի էր ենթարկում հարյուրամյա և հազարամյա պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ։ Շուրջ երկու տարվա ընթացքում ստեղծվեցին տարբեր կազմակերպություններ ու մարմիններ, որոնց նպատակն էր արձանագրել այդ խախտումները, հրավիրել միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ու փորձել կանխել դրանք։  Բայց այս  աշխատանքները համակարգման կարիք ունեն։ Հենց այդ  նպատակով էլ  հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը»։ Պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ խորհրդի ստեղծման և գործունեության նպատակներն են  բռնազավթված տարածքներում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության, Ադրբեջանի կողմից դրանց սպառնացող վտանգների չեզոքացման, ապահայկականացմանն ուղղված գործունեությանը հակազդելու համապարփակ ծրագրերի մշակումը և իրականացումը։

«Որպեսզի համակարգված կերպով մենք կարողանանք պետական և ոչ պետական մարմինների աշխատանքն ավելի համակարգված կազմակերպենք և կարողանանք առաջին հերթին արձանագրել, մշտադիտարկման ենթարկել բոլոր հանցագործությունները, երկրորդ հերթին դրանք ավելի պրոֆեսիոնալ կերպով ցուցակագրել, նաև դրանք ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական տարբեր մեխանիզմներով»։

 Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական քայլերը՝ պետական նախարարն ընդգծում է, որ խորհրդին սպասվում է ծավալուն ու համակարգված աշխատանք։  

«Իհարկե, մեզ համար կարևոր է նաև մեր մշակութային ժառանգության հանրահռչակման գործառույթը՝ և՛ հայության շրջանում, և՛ նաև միջազգային հանրության շրջանում։ Առ այսօր տեղի ունեցած հանցագործությունների մի մասն ենք դեռ կարողացել արձանագրել։ Եվ մենք պետք է փորձենք այս դեպքերի բացահայտման շատ ավելի արդյունավետ մեխանիզմներ որոնել, գտնել և կիրառել»։

Խորհրդի կազմում է նաև փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի նախաձեռնողներից է։ Նրա խոսքով՝ կազմակերպչական աշխատանքների, կառույցի գործունեության քաղաքականության հիմնական կետերը մշակելուց հետո պետք է անցնել կոնկրետ գործողությունների։  

«Այս տեսակետից, իհարկե, որոշակի փորձ կա և կատարված աշխատանքները ողջունելի են։ Բայց իմ կարծիքով՝ մի թեթև մոռացված է միջազգային գիտական հանրույթը։ Ի վերջո, եթե մենք ունենանք շատ լուրջ հետազոտություններ, որոնք նվիրված են ոչ միայն ադրբեջանական գործողությունների, այլ վանդալիզմի մշակութային ժառանգության ընկալման ժամանակակից և տեսական մոտեցումներին, մենք ավելի ընդարձակ դաշտ կտեսնենք»։ 

Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ