Նոյեմբերի 23, 2024

«Փոքրիկ քայլ»-երը մեծ հաղթանակների սկիզբն են միայն

By Անի Աբաղյան Հուլիսի 16, 2022
Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում արցախցի պատանի երաժիշտների հերթական հաղթանակներից մեկն էր նշվում․ այն Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի շրջանակում էր։ Գալա-համերգին ելույթ ունեցան մոտ 2 տասնյակ պատանի երաժիշտներ։ Շեփորահար Վահագն Աբաղյանը Մեծ մրցանակի է արժանացել: Նրա ուսուցչի՝ փողային բաժնի դասատու Ալբերտ Սաֆարյանի համար աշակերտի ձեռքբերումը սպասված էր․10 տարի է Վահագնին շեփորի հետ ընկերանալու ձևն է սովորեցնում։
 
 «Սկսել ենք Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցից, իսկ արդեն անցյալ տարի Վահագն ընդունվեց Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջ։ Անցած 10 տարիներին քիչ աշխատանք չենք կատարել։ Բացի այս մրցույթ-փառատոնը, Վահագնը մասնակցել է նաև «Վերածնունդ» միջազգային մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը»։
 
 Վահագնը մասնագիտանալու համար դեռ երկար պիտի աշխատի՝ նշում է Սաֆարյանն ու հավելում՝ իմ աշակերտների մասին դեռ շատ եք լսելու։ Մրցույթ-փառատոնին մասնակցել են Արցախի 5 երաժշտական ու արվեստի դպրոցի սաներ։ Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սան Անի Հայրապետյանը նունպես Մեծ մրցանակի՝ «Grand Prize»-ի է արժանացել, բայց ինչպես Անին է ասում՝ ամենամեծ ձեռքբերումը նոր ընկերներն ու հմուտ մասնագետների խորհուրդներն են, որ ստացավ փառատոնի ընթացքում։ 
 
«Ես տարբեր մրցույթների էլ եմ մասնակցել, բայց Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իմ առաջին լուրջ ձեռքբերումն է, բացի դրանից, նոր ընկերներ եմ ձեռք բերել, նոր շրջապատ: Դա հաճելի է լինում, հատկապես, երբ ուրիշ քաղաք ես գնում»։
 
Վաղարշապատի մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2019 թվականին, նպատակը Հայաստանում գործող երաժշտական, արվեստի ուսումնական հաստատություններում սովորող սաներին բացահայտելն ու հմտություններ տալն է՝ ասում է մրցույթ-փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, դաշնակահար Արտյոմ Հարությունյանը։ Մրցույթ-փառատոնն առաջին անգամ է Արցախ եկել։ 
 
«Առաջին տարին մրցույթ-փառատոնը կազմակերպվել է մարզային մասշտաբով, այսինքն՝ Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից են միայն մասնակցել մրցույթին, երկրորդ տարին ՀՀ-ի երաժշտական ու արվեստի բոլոր կրթական հաստատություններից, իսկ այս տարի՝ նաև Արցախի: Սա մեր, թերևս, ամենալուրջ ձեռքբերումն է»:
 
 Ստեփանակերտում անցկացված նախընտրական փուլում մասնակցել է ավելի քան 40 պատանի, ինչը զարմանալի ու հաճելի էր մրցույթ-փառատոնի համահինադրի համար։ 
 
«Մրցույթին մասնակցում էր մոտ 1500-1600 պատանի, որոնցից միայն 34-ն են արժանացել Մեծ Մրցանակի՝ «Grand Prize»-ի: Նրանցից 4-ը Արցախից էին: Դա մեզ, իսկապես, ապշեցրել էր։ Ոչ թե կասկած կար՝ Արցախում տաղանդավոր երեխաների պակաս լինելու, այլ որ այս վիճակում էլ Արցախում շարունակում են երգ-երաժշտությամբ զբաղվել, այն էլ անել բարձր մակարդակով»։ 
 
Միջոցառմանը կազմկոմիտեի անդամները երաժշտական համարով անակնկալ են մատուցել ներկաներին՝ արժանանալով հանդիսականների ջերմ ընդունելությանը։ Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ հաջորդ այցը կլինի աշնանը, բայց ոչ թե համերգային ծրագրի, այլ վարպետության դասերի տեսքով:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ