Թե Բերձորում, թե Աղավնոյում սպասողական վիճակ է։ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչներն իրենց անհրաժեշտ իրերը վերցնելու և բնակավայրերը լքելու համար ունեն հաշված օրեր։ Վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Քաղպաշտպանության պլանով՝ տարհանումը ենթադրում է նաև մշակութային արժեքների տեղափոխում։ Ստեղծված իրավիճակում առաջնային են համարվում անկախության շրջանի հուշարձանները։ Արցախի իշխանություններն արդեն տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն տեղափոխվել են ապահով վայրեր: Արցախի մշակույթի փոխնախար Լեռնիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ սկսվել է նաև Բերձորի և Աղավնոյի շուրջ 2 տասնյակ խաչքարերի ու հուշարձանների տեղափոխումը։
«Ուրբաթ օրն առաջին խմբաքանակն արդեն բերել ենք և կենտրոնացնում ենք մեկ վայրում, այնուհետևկորոշենք՝ ինչը որտեղ տանել։ Օրինակ՝ Սուսի պուրակի հեղինակը որոշել է նույնը կառուցել Ստեփանակերտում կամ Մարտակերտում։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմն է ցանկացել, որպեսզի Աստվածամոր Սբ․ Հովանու տաճարի շրջակայքում կամ Սբ․ Հակոբ եկեղեցու շրջակայքում այդ խաչքարերը տեղադրվեն։ Մի խոսքով՝ տարբեր լուծումներ կան, որոնք անպայման տրվելու են։ Սբ․ Համբարձում և Սբ․ Նահատակ եկեղեցիների տեղափոխումն անհնար է այս պայմաններում, տեխնիկապես անհնար է»։
Սբ․ Համբարձման և Սբ․ Նահատակաց եկեղեցիները կառուցվել են Աղավնոյի և Բերձորի ազատագրումից հետո։ Եկեղեցիներից բացի՝ կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի, 1988թ. երկրաշարժի զոհերի, ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների, նաև Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Բայց եթե մյուս հուշակոթողները հնարավոր է տեղափոխել, ապա եկեղեցիների ճակատագիրն անհայտ է։
Մշակութաբան Համլետ Պետրոսյանն այստեղ 2 տարբերակ է տեսնում, բայց երկուսն էլ լուծում չեն։
«Առաջինը՝ ընդհանրապես քանդել այդ ամենը և տեղափոխել, բայց Ադրբեջանը միանշանակ դա օգտագործելու է մեր դեմ՝ հայտարարելով, թե հայերն իրենք են քանդում։ Այդ ամենը թողնելն էլ, սակայն,նշանակում է հանձնել թշնամուն։ Ինձ մի քանի լուրեր են հասել, որ համացանցում քննարկում են, որ ադրբեջանցի որոշ օգտատերեր առաջարկում են այդ եկեղեցիները վերածել մզկիթների»։
Առհասարակ, մշակութային ժառանգությունն անհնար է գնահատել արվեստի տեսանկյունից։ Այստեղ կարևոր և երկրորդական չկան։ Բայց հատկապես Սբ․ Համբարձման եկեղեցին անկախության տարիների լավագույն ճարտարապետական քանդակային համալիրներից է՝ նկատում է զրուցակիցս՝ մշակութաբան Համլետ Պետրոսյանը։
«Սբ․ Համբարձման եկեղեցու ճարտարապետական հորինվածքը ներառում է բազմաթիվ խաչքարեր, էլ չեմ ասում արևմտյան շքեղ շքամուտքի մասին։ Մի դեպքում ստացվում է, որ եթե պետք է հանվեն ինչ-որ դետալներ, մենք միտումնավոր քանդում ենք մեր ժառանգությունը, մյուս կողմից՝ այդ ամենը թողնելը նույնպես մեծ վտանգ է պարունակում։ Ես հասկանում եմ Արցախի այն պաշտոնյաներին, ովքեր փորձում են ինչ-որ ելք գտնել»։
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը չի հուսահատվում․ բնակիչների և մշակութայինժառանգության տարհանումն այսօրվա հանգամանքներն են թելադրում։ Վստահ է՝ դա էլ ժամանակավոր է։Վերադարձնելու և վերադառնալու ենք՝ ասում է։
«Հավատում ենք, որ ամեն ինչ վերադառնալու է։ Մեր նպատակը պայքարելն ու վերականգնելն է։Հիմա՝ այս պահին, ամենաբարձր արժեքը մարդն է, մեր հայրենակիցը։ Էլի խաչքարեր կտաշենք, եկեղեցիներ կկառուցենք, բայց պատրաստ չենք՝ էլի արյուն թափվի»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով՝ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերն Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո են։ 2022-ի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել՝ լքել իրենց բնակավայրերը։