Վեց ամիս փակ, շրջափակված ապրելու պայմաններում Արցախում մեծ թվով հումանիտար, էներգետիկ, առողջապահական, մարդասիրական խնդիրներ են առաջացել։ Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումով այդ խնդիրներն ավելի խորքային դրսևորումներ ստացան։ Ավելացան անվտանգային-հոգեբանական բաղադրիչները։ Այս օրերին Լաչինի միջանցքով մարդկանց տեղաշարժը մասնակիորեն հնարավոր է դարձել։
Այս որոշումը միանշանակ չի ընդունվել, հաշվի առնելով հանգամանքը, որ իր անկախության, անվտանգության համար Արցախի պայքարի համատեքստում այդ անցակետը ժողովրդի ու իշխանությունների սահմանած կարմիր գծերից է։ Հատկապես, որ այդ անցակետում արցախցիներն ստիպված են իրենց անձնական տվյալները տրամադրել իրենց նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն վարող, իրենց հայրենազրկող երկրին։
Արցախի Մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը դա լրջագույն խնդիր է համարում, բայց և շեշտում է, որ դրանով անցակետի տեղադրման անօրինականության փաստը չի հերքվում ու Արցախի պայքարն իր իրավունքերի համար շարունակում է մնալ օրակարգում։
Իրավագետ Ռոբերտ Հայրապետյանն այդ անցակետի տեղադրումը համարում է անօրինական, գործող պայմանավորվածություններին ու փաստաթղթերին հակասող գործողություն, իսկ միջազգային հանրության արձագանքը` անհամաչափ։ Մի կողմ դնելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինական կամ ոչ օրինական լինելը, պետք է ֆիքսել, որ բանակցողներն այդ փաստաթուղթը դիտարկում են որպես գործող փաստաթուղթ, ասում է, իսկ այդ փաստաթղթով սահմանվում է, որ՝
Բնականաբար, անցակետի տեղադրումն այստեղ ապրող մարդկանց իրավունքների կոպտագույն խախտում է, որի վրա աչք է փակում, փաստորեն, ամբողջ աշխարհը, ասում է Արցախի մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ինչ խոսք, Ադրբեջանն այդ ամենն օգտագործում է իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար, ներկայացնելով , թե արցախցիներն ազատ ելումուտ ունեն Լաչինի միջանցքով։ Դա իրականության հետ որևէ աղերս չունի, և պատահական չէ, որ Արցախի բնակիչներն անցակետը հատում են միայն Կարմիր խաչի և խաղաղապահների ուղեկցությամբ, ասում է Արցախի օմբուդսմենը։
Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, չի կատարում ոչ միայն իր կողմից ստանձնած պարտավորությունը, այլև անտեսում է Միջազգային արդարադատության դատարանի որոշումը։ Չվերացնելով անցակետը և պահանջելով արցախցիներից անձնագրերը՝ անցակետը հատելու համար, Ադրբեջանը վատթարացնում է իր վիճակը, ասում է Ռոբերտ Հայրապետյանը։
Այստեղ անելիք ունի Ռուսաստանը, ասում է նա, քանի որ հենց ՌԴ հսկողության տակ է, որ գտնվում է Լաչինի միջանցքը։ Նրանք և ՀՀ իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել։ Այդ անպատժելիությունն արձակում է Ադրբեջանի ձեռքերը։
Այն, որ Ադրբեջանի կողմից չի կատարվում անգամ Միջազգային դատարանի որոշումը, միջազգային կառույցները հեղինակազրկում են հենց իրենց, ասում է Գեղամ Ստեփանյանը։ Ավելի քան 100 օր ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը մնում է թղթի վրա և ՀՀ-ն ստիպված է նոր հայցադիմում ներկայցնել։
Ադրբեջանի այս բոլոր գործողություններն Արցախի էթնիկ զտմանն ուղղված միջոցառումներ են, ասում է Ռոբերտ Հայրապետյանը, և թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունները պետք է կիրառեն հնարավոր բոլոր գործողությունները՝ դա բացառելու համար։ Նա համաձայն չէ այն հայտարարություններին, թե հակազդելու բավարար գործիքակազմ չկա։ Իրավագետը կարծում է, որ Արցախի իշխանությունները Սահմանադրությամբ օժտված լիազորությունների շրջանակում պետք է պարտադրեն իրենց փոխարեն կամ իրենց ճակատագիրը որոշող ՀՀ իշխանություններին այդ հարցերը միջազգային ասպարեզում բարձրաձայնել։ Բացի այդ, արցախցիները կարող են միջազգային ատյաններում անհատապես բարձրացնել իրենց իրավունքների խախտման հարցը։ Դա ժամանակատար գործողություն է, ասում է նա, և դրա հիմքերն ապահովելու համար պետք է պարտադրել, որ Ադրբեջանը կատարի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը։