Ասում են՝ ջրափոսի մեջ մեկը միայն ցեխ է տեսնում, մյուսը՝ աստղազարդ երկինքը։ Սաթենիկը իր բոլոր ջրափոսերում, կամ ինչպես ինքն էր ասում «կուճիր գյոլերում», կյանքի ամենավառ գույներն էր պատկերում։ Շուշին, Երևանն ու աշխարհի տարբեր անկյուններն են ջրի արտացոլանքի մեջ։ Ընկերների խոսքով՝ Սաթիին բնութագրելիս յուրաքանչյուր բառին պետք է ավելացնել «ամենա»-ն՝ ամենալավը, ամենբարին ու ամենագեղեցիկը։ Շատ էր սիրում մաթեմատիկան, բայց ընտրեց բժիշկ- ուռուցքաբանի մասնագիտությունը՝ բուժելու և կյանքեր փրկելու համար: Ընկերուհին՝ Յանան վստահ է, որ Սաթին լավագույն բժիշկներից կլիներ։
«Նա շատ ստեղծագործ էր և սիրում էր նկարել։ Մի անգամ Երևանում քայլում էինք և տեսա, թե ինչպես է փորձում սովորական ջրի արտացոլանքի մեջ սիրուն շենքեր ու պատկերներ տեսնել։ Եվ դա իր համար դարձավ, ինչպես ինքն էր ասում, reflactions` այսինքն իր ամենօրյա «կախվածությունը»։
Ընկերներն ու հարազատները հոմոզված են՝ Սաթենիկը նույնպես ներկա է ցուցհանդեսին՝ ներկա իր լուսանկարներով։ Կարծես ինքն էր ուղեկցում ու պատմում յուրաքանչյուր «գյոլի» պատմությունը։ Քրոջ՝ Ասյայի խոսքով՝ Սաթիի այցեքարտն իր ժպիտն էր։
«Կյանքով լեցուն քրոջս գունեղ աշխարհը շատ յուրահատուկ էր։ Ինքը սիրում էր ծտերի հետ սավառնել երկնքում կամ քամիների հետ սլանալ հեռու-հեռուներ։ Նրա մանկությունը նման էր առվակի, որ ի վերուստ որոշված էր վերածվել գետի»։
Սաթենիկը ինքն իրեն կանաչ էր զգում, ինչպես Pink Floyd-ի իր սիրելի երգում՝ «Green is the color of her kind»: Վերոնիկա Պետրոսյանը Սաթենիկին ճանաչում է 7-րդ դասարանից, երբ նա տեղափոխվեց նոր դպրոց։ Այդ տարիքում մի քիչ դժվար են ընդունում նորեկներին, բայց Սաթենիկի դեպքում լրիվ այլ էր։ Ասում է՝ կարծես արև մտավ մեր դասարան։
«Միանգամից ինքը դարձավ մեր դասարանի սիրտը։ Ամեն ինչից տեղյակ էր։ Սաթիի մասին շատ երկար կարելի է խոսել։ Եվ այս ամենը, ինչ հիմա կազմակերպել ենք ոչ թե նրա հիշատակին է, այլ նրա կյանքի մի մասն է»։
«Սաթին վառ ապացույց է բոլորիս՝ «Կարևոր չէ, թե որքան երկար, կարևոր է՝ ինչպես կապրես»՝ ասում է մայրը՝ տիկին Նունեն։ Համոզված են, որ նա նույնպես կընտրեր իր ցուցահանդեսի այս ձևաչափը։ Ցուցահանդես-վաճառքը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կշարունակվի նաև առաջիկա օրերին։ Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին` քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։