«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը սկսում է Բերձորի (Լաչինի) միջանցքով․ «Սա Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է»,- ասում է հերոսներից մեկը ֆրանսիացի օդանավակայանների աուդիտոր Ալեն Դելոնին, ով պետք է ուսումնասիրեր Ստեփանակերտի օդանավակայանը՝ պարզելու՝ վերաբացման համար այն համապատասխանու՞մ է միջազգային նորմերին, թե՝ ոչ։ Արցախում միջազգային նորմերի կիրառմանը կողմ էին միաձայն, խնդիրը միայն այդ նույն նորմերի կիրառման բացակայությունն էր այլ ձևաչափերում։
«Պատկերացնում եք Ստեփանակերտ-Մոսկվա, Ստեփանակերտ-Փարիզ թռիչքը ի՜նչ հնարավորություն է մեզ համար։ Մեզ այդպես կճանաչի աշխարհը, Արցախի ինքնորոշման հարցը կարող է լուծվել նաև այս օդանավակայանի գործարկմամբ»։
Դելոնը հատուկ ուշադրությամբ էր վերաբերում բոլոր հարցերին, օդանավակայանի գործարկման գաղափարը հավանական էր նաև իր համար, բայց դժվար էր «վերևում» բացասական պատասխան սպասողին հակառակն ապացուցելը։ Մի քանի օր Արցախում ապրելով՝ ֆրանսիացին զարմանում է՝ ինչպե՞ս են մարդիկ այստեղ ապրում՝ ադրբեջանցիներին սահմանակից, որոնք ամեն պահ խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Դելոնը հասցնում է արցախյան 75 «գրադուսանոց» օղին համտեսել, տեսնել նորածին տղաների բարուրից արդեն զինվորագրելը, պատերազմում հայր կորցրած տղայի՝ տուն պահելու ջանքերը տեսնել՝ «ինչպե՞ս են այսպես ապրումը» մտքում։
«Շնորհավոր լինի տղայիդ ծնունդը, Սեյրան ջան։ Հորավ, մորավ մծանա մեր զինվորը»։
Ֆիլմում պատկերված է նաև պատերազմում տղային կորցրած մորը, որ նկարի հետ խոսում, նկարից է կարոտն առնում, խոստանում՝ թոռանը ծերքին տակեն պահե, աբուռավ մըծըցնե։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆլիմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում՝ «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմում պատկերված են տեսարաններ ոչ միայն Բերձորից, այլև ներկայումս արդեն բռնազավթված տարածքներից։ Ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանը չկարողացավ ներկա գտնվել։ Նա հարցազրույցներից մեկում նշել է, որ փորձել է ոչ քաղաքական ֆիլմ նկարել ու Արցախը այլ կողմից ներկայացնել, բայց ինչպես ինքն է ասում, վերջին պատերազմը փոխել է ֆիլմի ընկալումները․ չքաղաքականացնել չի ստացվում։ Փարիզ-Ստեփանակերտ-Երևան փառատոնի շրջանակում այսօր նաև ֆրանսիահայ գրողների հետ գրքի քննարկում է անցկացվել՝ առցանց եղանակով: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արուս Գասպարյանն է ներկայացնում․
«Գրքերի հայերեն ու ֆրանսերեն տարբերակները նախօրոք տրամադրվել են ուսանողներին: Ծանոթանալով գրականությանը՝ նրանք մասնակցել են առցանց հանդիպմանը, իսկ ֆիլմերը ընտրված են տարիքային տարբեր խմբերի համար. 11, 13 ու 15-ից բարձր»:
Այսօր փառատոնի վերջին օրն է: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ևս երկու ֆիլմի ցուցադրություն․ կինոռեժիսոր Նիկոլա Բարիի «Տիմպլեբախի երեխաներ» և Սլիվեն Տեսսոնի «Ձյան հովազը» ֆիլմերը: