Նոյեմբերի 24, 2024

Շուշիում մնացած մշակութային արժեքները ցուցակագրվել են

By Մարգարիտա Ղուշունց Հոկտեմբերի 14, 2022

Խորհրդի հերթական՝ երրորդ նիստում հիմնականում քննարկվել են Շուշիի թանգարանների և մասնավոր հավաքածուների հաշվառման և վերահաշվառման հարցերը: Խորհրդի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ հսկայածավալ աշխատանք է սպասվում։ Այս ընթացքում կատարվել է բավականին աշխատանք և  դրանք  շարունակական բնույթ կկրեն, հատկապես մասնավոր հավաքածուների պարագայում: Ամբողջ հանրապետության տարածքից կոնկրետ թանգարանային ցուցանմուշների կորսուտը 20 885 կտոր է, ինչն ապացուցելու համար խորհուրդը երբեմն խնդիրների առաջ է կանգնում, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել դրանց լուսանկարները,  իսկ գույքամատյանները  մնացել են օկուպացված տարածքներում: Այս պահին  ցուցակագրված է Շուշիի ցուցանմուշները՝  ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:  

«Շուշիինը առանց «Պատմության» թանգարանի, առանց որոշ մասնավոր հավաքածուների , առանց Շուշիի պատկերասրահի, արդեն մոտ 2448-ը  ցուցակագրված է: Կան հավաքածուներ, որ ամբողջական են, օրինակ Նարեկացի արվեստի միությանը ամբողջական ունենք,  քանդակների պուրակի 51 քանդակների և լուսանկարների և  նրանց բնութագրությունը:Շատ կարևոր են բնութագրությունները, որպեսզի մեր աշխատանքը և այն կազմակերպությունները,որոնք ցանկություն են հայտնել մեզ օգնել այս հարցում ,  իրենք ունենան ամբողջական  պատկերացում,որպեսզի ավելի հեշտ  միջազգային անտյաններում  մեր մշակութային ժառանգության կոնկրետ այդ տարրերը ճիշտ պաշտպանվեն»:

 Լեռնիկ Հովհաննիսյանը կոչ է անում հանրությանը համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ։ Ցանկացած ինֆորմացիա կարող է օգնել փաստահավաք աշխատանքներն արագ և ավելի համակարգված կազմակերպելու համար՝ ասում է:  

«Օրինակ Հադրութի  երկրագիտական թանգարանի հետ կապված թե լուսանկարներ, թե  տարբեր ցուցանմուշներ, եթե  ունեն կխնդրեինք որպեսզի փոխանցեն մեզ: Այստեղ կարևոր է թիմային աշխատանքը:Կարծում եմ,որ պետք է օգնենք միմյանց»:

 Հաջորդ նիստին կներկայացվի   Հադրութի շրջանում թողած մշակութային ժառանգության հարցը՝ ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ խորհդրի փաստահավաք  աշխատանքնեը շարունակվում են տարբեր ուղղություններով: 

Մոտ ժամանակներս պատրաստ կլինեն  նաև անշարժ հուշարձանների և իսլամական մշակույթի հուշարձանների ցանկերը,որոնք կներկայացվեն քննարկման»:

Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը  վերջին  շրջանում  աճել է՝ ասում է խորհրդի նախագահի տեղակալը: Պետնախարար Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատում խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքը,    որն իրականացվել է խորհրդի անդամների   և պետական տարբեր մարմինների հետ համատեղ: Արդեն կան բավականին շատ հավաքագրված տվյալներ, վերլուծություններ, ամբողջական փաթեթներ՝ ասում է Արտակ Բեգլարյանը: 

«Դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Խնդիրներ ունենք նաև պատշաճ ներկայացնելու հավաքգրված տվյալները: Այս ընթացքում ոչ միայն մենք ենք աշխատում , այլ նաև  այսպես ասած «աշխատում» է ադրբեջանական կողմը, այդ թվում մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերը»:

 Նիստին ներկա էին Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը տեսակապով մասնակցել են նաև ՀՀ լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ։ Նրանք հանդես են եկել իրենց կատարած աշխատանքների ամփոփ զեկույցով և առաջարկներով: Որոշվել է հաջորդ շաբաթ կազմակերպել շնորհանդես ՝ նվիրված Շուշիի թանգարանների և մասնավոր հավաքածուների հաշվառման և վերահաշվառման արդյուքներին:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022 15:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ