«Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը սկսվեց մեկ րոպե լրությամբ: Պատերազմի 44 օրերը նկարիչ Սևադա Սարգսյանը ներկայացրել է 44 նկարի տեսքով: Որքան էլ տարօրինակ է, ցուցահանդեսի գաղափարն ու խորագիրը պատերազմի ընթացքում էր ծնվել, երբ նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներում թշնամու համար իսկական դժոխք կազմակերպվեց:
«Կար կարևոր գաղափարախոսություն, որ այն ինչը ես զգում եմ, տեսնում եմ, ուղարկել հետ՝ թիկունք, որ տեսնեն՝ ինչ է կատարվում։ Ես եղել եմ դժոխքի ձորում, նոյեմբերի 6-ին։ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հրամանատարությամբ տեղի ունեցողը դժոխքի ձոր կոչվեց թշնամու համար»։
Հեղինակն այստեղից թեթևացած է գնալու, ասում է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, որովհետև այստեղ է թողելու «դժոխքի ձոր»-ի ապրումները։
«Բոլոր նկարներում կա պատերազմ, բոլոր նկարները պատերազմոտ են, բոլոր նկարներում հետաքրքիր ձևով արտացոլվել է կյանքը՝ հույսի կյանքը, ու ես հաճելիորեն զարմացած եմ, որ պատերազմից հետո մեր վարքականոնը մնում է ստեղծագործական։ Ստեղծագործելը, արարելը և չվնասելը: Որքան ես փորփրում եմ մեր գույության իմաստների մեջ, ոգու առեղծվածների մեջ, մենք երբեք չենք եղել պատերազմների հեղինակ, մենք ստեղծագործելով ծածկել ենք պատերազմի թողած վերքերը»։
Պատերազմի 44 օրերը ընդմիշտ դրոշմվել են մեր ու հեղինակի հիշողության մեջ: Բայց այս ցուցահանդեսի միջոցով այն տեղից տեղ կշրջի ու աշխարհին կպատմի դժոխային պատերազմի մասին: Սևադա Սարգսյանը 44-օրերի ընթացքում ստեղծագործել է նաև մարտի դաշտում, ասում է «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։
Նկարների գլխավոր հերոսը թեյնիկն է, կաղնին և զինվորը:
«Կաղնին մեզ պահում էր, հանգստանում էինք դրա տակ, բայց պատերազմի ընթացքում կաղնուց պուճուրիկ ցախ էր մնացել, իսկ թեյնիկը մեզ հավաքում էր իրար շուրջ, իհարկե, մենք կրակ չէինք վառում, բայց այն իմ մարտական ընկերների միասնության խորհրդանիշն է, որովհետև շատ տղերք կային, որոնց ես միայն թեյնիկի շուրջն էի տեսնում»։
Գեղանկարիչը պատերազմի օրերին պատահական թղթերի վրա էսքիզներ էր անում, այն հույսով, որ դրանք շուտով կտավներ կդառնան:
«Օրինակ՝ մի նկար կա, որն արել եմ իմ աղջկա նոթատետրից պոկված թերթի վրա, որով փաթաթված խնձոր էր դրել ինձ հետ: Մեկ ուրիշը՝ մեր մարտական ընկերներից մեկի գրպանում եղած բլոկնոտի էջում: 24 էսքիզ էր ընդամենը, որոնք հետագայում դարձան այս ցուցահանդեսը։
«Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանադեսը ներկայացվել է նաև Երևանում ՀԲԸՄ և «Փյունիկ» հիմնադրամի հովանավորությամբ: Սևադա Սարգսյանը նշում է, որ հետագայում նկարները հնարավոր է վաճառքի հանվեն՝ ամբողջ հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով: