Նոյեմբերի 24, 2024

Միջազգային մրցույթում արցախցները մրցանակային տեղեր են զբաղեցրել

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 17, 2023

«Հայրենիքը սիրում է մեզ, նա ուզում է, որ մենք ապրենք: Մենք պետք է ապրենք հայրենիքում, արարենք, զարգանանք, սովորենք ու ծաղկենք: Եվ տա՛ Աստված, որ մենք չմեռնենք հայրենիքի համար, այլ ապրենք հանուն նրա»:

Անի Գրիգորյանը հենց այսպես է եզրափակել այն շարադրությունը, որն արժանացել է սուպեր գրան-պրի մրցանակի՝ Ավստրալիայում կազմակերպված ռուսական գրականության միջազգային ակադեմիայի Արսենևի անվան մրցույթին: «Ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է այն նշանակում յուրաքանչյուր մարդու համար». Անին այս հարցերի պատասխանները հստակ գիտի:

«Հայրենիքը դա մեր մայրն է, որ մեզ խնամում է, մենք սիրում ենք նրան: Հայրենիքը պետք է սիրել ու պահպանել: Իմ հայրենիքն իմ Արցախն է, իմ Ստեփանակերտը, որ Ստեփան Շահումյանի անունն է կրում, իմ հայրենիքը իմ դպրոցն է, իմ փողոցը՝ Դավիթ Բեկի անունով»:

Անին մեծ խանդավառությամբ է խոսում հայրենիքի մասին, ասում է՝ նույն խանդվառությամբ էլ շարադրությունն է գրել: Նախորդ տարի է գրել շարադրությունը, սուպեր գրան-պրի շահելու մասին էլ այսօր իմացավ, շատ ոգևորված է: Անիի շարադրության հետպատերազմյան Արցախն ավելի լուսավոր է, քան բլոկադայի Արցախը: Անին հույս ունի, որ շարադրությամբ իր ձայնը լսելի է դարձել աշխարհին, հույս ունի, որ ավելի շատ մարդ իմացավ Արցախի մասին:

«Ես շատ ուրախ էի, որ մարդիկ կարդացին իմ շարադրությունը և հասկացան նրա խորը իմաստը: Իմ հայրենիքը բլոկադայից առաջ ավելի լավն էր, որովհետև շատ ընտանիքներ են կիսված, ես իմ շարադրության մեջ գրել եմ նաև, որ հայրենիքը՝ իմ ընտանիքն է»:

Լուսավոր է նաև Անգելինա Ավանեսյանի «Հայրենիքը»: Անգելինան մրցույթին մասնակցել է «Իմ Հայրենիք» շարադրությամբ, նա նույնպես շահել է  սուպեր գրան-պրի մրցանակ: Ի տարբերություն Անիի, Անգելինան քիչ հույս ունի, որ շարադրությունն ինչ-որ նշանակություն կունենա  մեր խնդիրների մասին բարձրաձայնման  տեսանկյունից:

«Ես մեծ հույս չունեմ, որ այդ շարադրությամբ իմ ձայնը լսելի է դառնալու, որովհետև հիմա շարադրությունները քիչ են ընթեցվում: Գրում ենք, որպեսզի ինչ-որ տեղ զբաղեցնենք: Իսկ ես, իրոք, գրել եմ, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա»:

Մրցույթին մասնակից բոլոր արցախցի դպրոցականների  նկարագրած Արցախը նույնն է, շարադրություն գրելու նպատակը՝ նույնպես: Անգելինան շարադրությունը մի քանի ամիս առաջ է գրել, այդ օրերի իրականությունն այսօրվա հետ է համեմատում:

«Եթե գրելու լինեի, կգրեի 2 տարբեր շարադրություններ: Ես ներկայացրել եմ մի ուրիշ Արցախ. ավելի գեղեցիկ, ավելի աշխույժ, ավելի լուսավոր: Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է. փոխվել են մարդիկ, նրանց վերաբերմունքը, ամեն-ամեն ինչ»:

Եթե ունենայինք խաղաղ ու անհոգ երկիր, երևի թե, մեր երեխանների գրվածքներն այլ կլինեին, այդքան ընդգծված չէր լինի այն սուր կարոտը՝ ասում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի  բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը:

«Ստեղծագործող երեխան այնպիսի արտահայտչական միջոցներ է ընտրել և այպես է գրել իր ստեղծագործությունը, որ կարդացողը հասկացել է, որ սա իրոք հոգու ճիչն է, հոգու կարոտն է, որը զգում է գրողը: Որ ես ուզում եմ իմ մանկությունն ազատ ապրել  ու այս իրավիճակի մեջ չընկնել»:

 Միջազգային այս մրցույթին արցախցի դպրոցականներն առաջին անգամ են մասնակցում։ Թերեզա Ղարախանյանի գնահատմամբ՝ արդյունքը բավականին գոհացուցիչ է։ Մենք ունենք տասնյակ մասնակիցներ ու մրցանակակիրներ։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ