Ապրիլի 20, 2024

Շուշիի կերպարվեստի թանգարանի վերածնունդը. բացվել է նոր հավաքածուի ցուցադրությունը

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 19, 2023
«Շուշի», «Անավարտ սպասում», «Աշուն», «Կեչիների պուրակ»` դահլիճում Շուշիի գույներն են, ինքնատիպությունը, դիմագիծը: Այս ցուցադրությունը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի համար վերածննդի խորհրդանիշ է: Թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով` պատերազմից հետո դժվար էր պատկերացնել, որ նման օր կգա, բայց Շուշիի ցավագին կորուստը, հուսահատվելու, թևաթափ լինելու փոխարեն, մղեց գործելու և նոր քայլերի:
 
«Մենք լծվեցինք դիմակայելու մեր առջև ծառացած մարտահրավերներին: Շուշիի մեր 4 թանգարանում մնացին բազում գեղանկարներ, հանքաքարերի մեծ հավաքածու: Դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարելի ամեն ինչ նորից սկսել, բայց համախմբվեցինք ու լծվեցինք աշխատանքի: Թանգարանների հիմնադիր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի աջակցությամբ և նախաձեռնությամբ նորից սկսեցինք գեղանկարների հավաքագրումը: Պատերազմից հետո մեզ հաջողվեց ձեռք բերել 110 գեղանկար»:
 
Այսօր ներկայացված է այդ հավաքածուի միայն մի մասը` 40 գեղանկար: Սրահը փոքր է, հարմար պայմաններ չկան` ասում է Լուսինե Գասպարյանը: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում այցելուներին դիմավորում էր Վաչագան Բարեպաշտի նկարը: Այն, ինչպես և թանգարանի ֆոնդի մեծ մասը, մնաց Շուշիում: Լուսինե Գասպարյանը պատմում է` բարերար Արմեն Դավթյանը, ով թանգարանին նվիրել էր նկարը, լսելով, որ այն մնացել է Շուշիում, ասաց` 
 
«Ես մի ուրիշ «Բարեպաշտ» կուղարկեմ: Ու այսդպես` այստեղ ցուցադրված նկարների հեղինակների մեծ մասը արդեն երկրորդ անգամ են նվիրաբերություն կատարում: Նվիրատվությունը առցանց շարունակվում է, մենք ամեն օր նոր խոստումներ ենք ստանում, բայց, բոլորիս հայտնի պատճառներով, չենք կարողանում Հայաստանից նկարներ բերել»: 
 
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը կորցրել է գրեթե ամբողջ ֆոնդը՝ շուրջ 648 գեղանկարից փրկվել է միայն 80-ը` նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 
 
«Հուսով ենք, որ այս նոր վերածնված ֆոնդը նույնպես կգնա այն շենքը, որը կոչված է լինելու Շուշիի կերպարվեստի թանգարան: Այսօրվա դաժան պայքարում մեր մշակույթը, մշակութային ինքնությունը պահպանելը, զարգացնելը բոլորիս պարտքն է, որովհետև մեր տեսլականի՝ ամբողջական Արցախի համար պայքարը ոչ միայն ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշտում է, այլև՝ մշակութային ու կրթական»: 
 
Շուշիի կերպարվերստի թանգարանը շարունակում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև ՀԱԵ Արցախի թեմի հետ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել: Լուսինե Գասպարյանի խոսքով` ցուցահանդեսներ են բացվել Ստեփանակերտի Մայր տաճարի ներքնահարկի սրահում, Հացի, Ծովատեղ և Խանցք համայնքներում: Իսկ թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը կշարունակվի շուրջ 2 ամիս:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ