Այսօր օրը տոնական է մեր գործընկեր կառույցի՝ «Արցախպրես» լրատվական գործակալության համար: Լրանում է գործակալության հիմնադրման 8-ամյակը: Գործելաոճի հիմքում նվիրումն է` Արցախն ու արցախցու առօրյան ներկայացնել այնպես, ինչպես կա։ «Արցախ» լրատվականին ասաց «Արցախպրես»-ի գլխավոր խմբագիր Տաթևիկ Պողոսյանը:
«Արցախպրես»-ը Արցախի լրատվական դաշտի առաջին օնլայն լրատվամիջոցն է, իր տեսակի մեջ` դեռևս միակը։ Դրանով այն լրացնելու եկավ եղած բացը` դառնալով Արցախը Մայր Հայաստանին և Սփյուռքին կապող հավաստի լրատվամիջոց, որը 13-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան 30 հազար այցելու է ունենում աշխարհի տարբեր ծայրերից։
Հետպատերազմական ժամանակաշրջանում փոխվել են գործակալության առաջնահերթություններն ու մոտեցումները: Այսօր գլխավոր նպատակն ապրել շարունակող Արցախն ամբողջ աշխարհին ներկայացնելն է և ոչ միայն.
«Միևնույն ժամանակ մեր նպատակն է չանտեսել թշնամու տիրապետության տակ անցած մեր բնակավայրերը, պատմական մշակութային կոթողները: Փորձում ենք ներկայացնել ապրող Արցախը»:
Գործակալության կարևոր ձեռքբերումը մեծ լսարանն է: «Արցախպրեսը» հասցրել է վստահելի տեղեկատվական աղբյուր դառնալ առաջին հերթին օպերատիվ և անաչառ աշխատանքի շնորհիվ՝ ասում է Տաթևիկ Պողոսյանը:
Վիճակագրական տվյալներից ելնելով կարող ենք այսօր փաստել, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունը որպես տեղեկատվության աղբյուր հանրության համար վստահելի է ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս: Թերևս մեծագույն ձեռքբերումը կարելի է համարել վստահելիությունը, որ վայելում է ընթերցողի կողմից:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ձեռքբերումներով չի սահմանափակվում: Առաջիկայում նոր ծրագրեր ու գաղափարներ են: Մոտ ապագայում տեքստային տարբերակին զուգահեռ գործակալությունը կներկայանա նաև տեսանյութերով՝ մեզ հետ զրույցում հայտնել է գործակալության գլխավոր խմբագիրը: