Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որ ձևավորվել է տարեսկզբին Հանրապետության նախագահի հրամանագրով, մշակել է բարեփոխումների հայեցակարգ: Այն բաղկացած է 13 հիմնական կետից:
Առաջին կարևոր փոփոխությունը, որն առաջարկում է բարեփոխումների հայեցակարգը, պետության կառավարման ձևի փոփոխությունն է:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Սոնա Համբարձումյան.
«Հայեցակարգում գլխավոր փոփոխություններից մեկը Արցախի Հանրապետության կառավարման համակարգի փոփոխությունն է։ Ներկայումս գործող Սահմանադրության համաձայն ունենք նախագահական կառավարման համակարգ, բայց նախատեսում ենք փոխել այն՝ դարձնելով կիսանախագահական կառավարման համակարգ»։
Եթե այսօր կառավարությունը կազմված է պետական նախարարից ու նախարարներից, ապա նախագահականից կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու դեպքում կառավարությունը կազմված կլինի վարչապետից ու նախարարներից՝ պարզաբանում է Համբարձումյանն ու ավելացնում՝ փոխվարչապետի կարգավիճակը հայեցակարգում նշված չէ։ Ըստ նոր հայեցակարգի՝ վարչապետին նշանակելու է նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, իսկ նախագահին ու Ազգային ժողովին ընտրելու է ժողովուրդը, եթե արտակարգ իրավիճակներ չլինեն, հակառակ դեպքում` նախագահին ընտրելու է ԱԺ-ն։
«2024 թվականին մեզ սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող Սահմանադրությամբ գործող երկու ինստիտուտների ընտրությունը պետք է միաժամանակ կատարվեն։ Մենք նոր հայեցակարգով ցանկանում ենք ընտրությունների համար տարբեր օրեր նշանակել. նախագահական ընտրությունը մեկ օր, ԱԺ ընտրությունները` մեկ այլ»։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի խոսքով՝ ընտրությունների համար տարբեր օրերի նշանակումը ապահով ընտրության մի եղանակ է։
«Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համատեղ ընտրության դեպքում մենք հայտնվելու ենք ոչ լեգիտիմ իրավիճակում, եթե հանկարծ թշնամին խոչընդոտի դրան, եթե հանկարծ որևէ ընտրություն տապալվի։ Նույն ժամանակահատվածում Նախագահի և Ազգային ժողովի լիազորություններն ավարտվելու են և անհրաժեշտ կլինի պաշտոնակատար նշանակել։ Նախագահի պաշտոնակատարը լինելու է ԱԺ նախագահը, իսկ ԱԺ-ու՞մ. Լավ, ենթադրենք, նշանակենք պաշտոնակատարի պաշտոնակատար, բայց այդ պաշտոնակատարները լուրջ որոշումներ կատարելու լիազորություններ չեն ունենա, և մենք կհայտնվենք քաղաքական խորը ճգնաժամի մեջ»։
Համբարձումյանի գնահատմամբ՝ սպասվող համապետական ընտրությունները հեշտ չեն լինելու, քանի որ պետք է ամեն ինչ համակարգված իրականացնել ու այնպես անել, որ տեղահանված բնակիչները նույնպես կարողանան մասնակցել ընտրություններին։ Համբարձումյանը խոսել է նաև Անվտանգության խորհրդի` օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրով կազմավորման մասին։
Հայեցակարգում տեղ են գտել նաև սահմանափակումներ՝ օտարերկրացիների կողմից Հանրապետությունում սեփականություն ձեռք բերելու հարցում։
«Գործող Սահմանադրությամբ կա հողի ձեռքբերման սահմանափակում, այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք չունեն հող ձեռք բերելու այստեղ, բայց նոր հայեցակարգով առաջարկում ենք սահմանափակել ոչ միայն հող ձեռք բերելու հնարավորությունը, այլև՝ անշարժ գույքը»։
Մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է նաև, հետևելով մի շարք զարգացած երկրների փորձին, կիրառել կառավարության անդամի նկատմամբ անվստահություն հայտնելու մեխանիզմը։ Ի՞նչ է դա նշանակում՝ մանրամասնում է Սոնա Համբարձումյանը։
«Դա նշանակում է, որ կառավարության անդամը, որը կլինի վարչապետ, նախարար, հնարավորություն է ստանալու կառավարության մեկ այլ անդամի պետաիրավական վարքագիծը, ինչու չէ նաև անձնական վարքագիծը հարցապնդման ենթարկել ու նախագահին առաջարկել՝ քննարկել տվյալ անդամի հետագա պաշտոնավարման հարցը։ Այսինքն հակակշիռների մոդելն ենք առաջ քաշում և այդ զսպումների միջոցով նախատեսում քաղաքական պատասխանատվության բարձրացում»։
Սրանք իրավաբանի մի քանի դիտարկումներն են առաջարկվելիք սահմանադրական բարեփոխումներից: Նախագիծն ամբոջությամբ ներկայացված է arlexis.am կայքում:
Իսկ հանրային քննարկումները դեռ կշարունակվեն: Առաջիկայում նախատեսված է քննարկում Ազգային ժողովում։