Նոյեմբերի 24, 2024

Արամ վեհափառը եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է․ ակնկալիքներ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 07, 2022

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի կողմից ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը   միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948 թվականին Ամստերդամում և իր կազմի մեջ ներառում է 350 քրիստոնեական եկեղեցիներ ավելի քան 100 երկրներից։ Խորհուրդը ներկայացնում է մոտ 400 մլն քրիստոնյա համայնք։ Կազմակերպությունն անվանում են նաև քրիստոնեական ՄԱԿ։   44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված  տարածքների հայ հոգևոր ժառանգության պահպանման համար այս կառույցին նույնպես նամակ է գրվել։ 

Նման կազմակերպության նախագահի պաշտոնում հայ հոգևոր առաջնորդի ընտրությունը ի՞նչ կարող է տալ մեզ՝ մի ազգի ու պետության, որի՝ համաշխարհային նշանակության քրիստոնեական արժեքների հսկայական մասն այսօր թշնամու ձեռքում է  և վանդալիզմի ու ոչնչացման վտանգի տակ։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես  եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախ» լրատվականին   ասել է, որ Մայր աթոռը 44-օրյա պատերազմից հետո, ի թիվս այլ կառույցների, ահազանգել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդին, դիմել նամակով, կոչ անելով փրկել, տեր կանգնել հայկական քրիստոնեական հոգևոր ժառանգությանը՝ ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ 

«Մայր աթոռը բազմիցս դիմել է օկուպացված տարածքներում գտնվող մեր հոգևոր ժառանգության ճակատագրի հետ կապված հարցերով, քանի որ այն, ինչ տեսանք պատերազմից հետո, հարիր չէ մարդկությանը և քաղաքակիրթ ժողովուրդներին, որ նրանք աչքի առաջ ոչնչացվում են։ Եվ այդ լռության համար  ենք ասում․ դժվար չէ տեսնել, թե ինչ է կատարվում»։

Դժվար չէ, քանի որ օկուպանտները չեն էլ թաքցնում վանդալիզմը՝ հաճախ իրենց կողմից իրականացվող վանդալիզմը տեսագրելով ու տարածելով։ 

«Վերջին օրինակը Դադիվանքի կողքի  մատուռի  արձանագրությամբ սրբատախտակն է,  թե ոնց են ջարդում։ Իսկ   այն, ինչ թաքցնում են, դա էլ է մի օր բացահայտվելու»։

 Իսկ Արամ առաջին վեհափառն  առաջին անգամ չէ ընտրվում այդ պաշտոնում, այլ արդեն երրորդ։ «Վեհափառն, իհարկե, տեղյակ է այն խնդիրներին, որ մտահոգում են մեզ, բազմիցս եղել է Արցախում»,-ասում է Վրթանես սրբազանը։

«Վերջին իմ հանդիպումը նրա հետ՝ Բեյրութում  նմանօրինակ թեմայով էր, իմ կողմից բարձրաձայնվել է, որ սփյուռքահայերը ակտիվորեն պիտի ներգրավվեն նման երևույթների դատապարտման գործում»։

 Արևելյան եկեղեցիները դժվարին կացության մեջ են ամբողջ աշխարհում, Հայ առաքելական եկեղեցին էլ արևելյան եկեղեցիների ընտանիքի անդամ է, և Վրթանես սրբազանի խոսքով Արամ առաջինի նախագահությամբ և նրա հոգատարությամբ, Արևելքի նրբություններին քաջածանոթ լինելու շնորհիվ բազմաթիվ հարցեր կարող են լուծվել։ Այն, որ դեր խաղում են նման պաշտոններում հայամետ կամ հակահայ դիրքորոշմամբ անձանց նշանակումներն ու ընտրությունը, մենք համոզվել ենք սեփական փորձով․ վկա նաև Մեհրիբան Ալիևայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան լինելու փաստը և այդ կառույցի ոչ բարի կամքի դրսևորումը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը նամակով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որպեսզի գործնական քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության անխնա ոչնչացմանն ուղղված վայրագությունները։ Առայսօր դրական արձագանք չկա։ Այցելելու և փաստերին տեղում ծանոթանալու հրավերները ևս անտեսվեցին։ Արցախի համապատասխան մարմինները այլ միջազգային կառույցների ևս դիմել էին․ դրական ազդակները քիչ են․ լավագույն դեպքում հարցը դատապարտելու կոչերով եզրափակվում է։ Ցավոք, երկակի ստանդարտներ աշխարհում գոյություն ունեն, և այն, որպես կանոն, թույլի շահերը չի պաշտպանում։ 

«Ցավոք գաղտնիք չէ, որ Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիների գերակշռող մասը չեն արտահայտում այն ամենը, ինչ տեղի է ունենում , լիարժեք չեն արտահայտում իրենց մտահոգությունները։ Հենց դա էլ երկակի ստանդարտ է»։

 Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ժամանակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը խոսել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող ոտնձգությունների մասին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը եւ բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։ 

«Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Աշխարհում չկա ոչ մի կառավարություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների վրա, որպեսզի այդ երիտասարդներին ազատ արձակեն։ Որտե՞ղ էինք մենք, երբ շուրջ 5000 երիտասարդ սպանվեց։ Պարզապես եզրահանգում ենք․ «Մենք դատապարտում ենք»։ Եվ ի՞նչ, հետո ի՞նչ․․․ Նախագահող, սույն կազմակերպությունը պետք է լինի բարոյական կազմակերպություն եւ հոգ տանի յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության, յուրաքանչյուր մարդու համար, ովքեր տառապում են»։

 Այո, այսօր մենք թույլ ենք, իսկ թույլի հետ միշտ չեն հաշվի նստում։ Այն, ինչ կարող ենք անել հիմա, խնդիրը բարձրաձայնելն է։ Երկակի ստանդարտներ կան, իհարկե, բայց կա նաև հույս, որ քանի կա հավատք ու դավանանք, գոնե կրոնական-հոգևոր կազմակերպությունները, որ քարոզում և պաշտպանում են համամարդկային ու բարոյական արժեքներ, ի պատիվ իրենց ու հանուն արդարության կկանգնեն ճշմարտության կողքին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ