Նոյեմբերի 24, 2024

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն․ Գերագույն դատարանը սահմանադրականության վերաբերյալ որոշում է ընդունել

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 22, 2022
 Արցախում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին սկսել են խոսել 2020թ. պատերազմից անմիջապես հետո։  Փոփոխությունների օրինագիծն արդեն հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից և, ըստ ընթացակարգի, այն ուղարկվել է Գերագույն դատարան՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու կամ ոչ։ Միայն դրանից հետո հնարավոր կլիներ օրինագիծը դնել հանրաքվեի։ Գործող Սահմանադրությամբ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։ Ի՞նչ է տեղի ունենալու, եթե Սահմանադրական փոփոխությունները հավանության արժանանան Արցախի ժողովրդի կողմից։ ԱՀ վաստակավոր իրավաբան, Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Վլադիմիր Հովսեփյանը Սահմանադրության համապատասխան հոդվածներն է ներկայացնում․ 
 
«Սահմանդրության 140 հոդվածի համաձայն Գերագույն դատարանն իրականացնում է սահմանդրական արդարադատություն։ 141 հոդվածի համաձայն Գերագույն դատարան կարող է դիմել նաև ԱԺ-ն, թե ինչ հարցերով, դրանց վերաբերյալ նշում կա սահմանադրության 141 հոդվածում։ Մինչև սահմանդրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը, որոշում է դրանց համապատասխանեցումը սահմանդրությանը»։
 
 Ազգային ժողովն օգտվել է իր սահմանադրական իրավունքից, Գերագույն դատարանը Սահմանադրությանը համապատասխան է գնահատել օրինագիծը, միաժամանակ արձանագրելով, որ նախագիծը ներկայացվելու է հանրաքվեի, և ժողովուրդն է որոշելու դրա ընդունման նպատակահարմարությունը: Վլադիմիր Հովսեփյանը երկար տարիներ Գերագույն դատարանի նախագահն է եղել․ իր պրակտիկայում նման հարցով Ազգային ժողովը չի դիմել․ Սահմանադրության պահանջները այլ էին․ 
 
«Այդ ժամանակ գործում էր նախկին Սահմանադրությունը, որի պահանջներն այլ էին։ Կոնկրետ Սահմանդրության հարցով ԱԺ-ն չի դիմել Գերագույն դատարան, բայց այլ՝ միջազգային փաստաթղթերի հարցով դիմել է»։
 
Մշտապես կայուն Սահմանադրություն չի լինում, ասում է , եթե հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ այն փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն ծագում է․ 
 
«2017 թվականին երբ փոփոխություններ կատարվեցին, հիմնական էությունն  այն էր, որ վարչապետի պաշտոնը վերացավ։ Ստեղծվեց պետնախարարի ինստիտուտը»։
 
 Վլադիմիր Հովսեփյանն անկեղծանում է․ 2017-ին Սահմանադրական փոփոխություններին, որով սուպերնախագահական կառավարման անցավ Արցախի հանրապետությունը, ինքը կողմ չէր․ բայց տեղի է ունեցել այն, ինչ որոշել է ժողովուրդը։ Նոր փոփոխություններով նորից ստեղծվում է վարչապետի ինստիտուտը, հանրապետությունն անցում է կատարում կիսանախագահական կառավարման։ Այս համակարգին վաստակավոր իրավաբանը կողմ է։ Կողմ է նաև նրան, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տարանջատ անցկացվեն։ Սահմանադրական բարեփոխումների թեման վերջին շրջանում քննարկվում է նաև սոցիալական մեդիայում։ Դատելով սոցցանցային գրառումներից,  քաղաքացիների վերաբերմունքը բարեփոխումների վերաբերյալ միանշանակ չէ։ Կընդունվե՞ն, թե՝ ոչ Սահմանադրական փոփոխությունները՝  ցույց կտա հանրաքվեն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ