Նոյեմբերի 24, 2024

Լեգենդար հրամանատարը կդառնար 65 տարեկան

By Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 25, 2022

Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի  անվան համար 5 դպրոցի դահլիճում  հաճախակի են կազմակերպում հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ: Այս անգամ այն  նվիրված էր լեգենդար հրամանատար  Ավոյի հիշատակին: Նման միջոցառումները կարևոր են հատկապես մատաղ սերնդի դաստիարակության գործում՝  ասում է  Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի դասախոս Գայանե Սարգսյանը:  Կյանքը հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման   հերոսների օրինակով  մատաղ սերունդների մեջ հայրենասիրություն սերմանելը, պատմության հերոսական էջերին ծանոթացնելը  այսօրվա հրամայականն է՝ ասում է: 

«Իր քաջությամբ , անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով  Մոնթեի կերպարը յուրահատուկ է  բոլորի համար: Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը դեռ կենդանության օրորք դարձան առակ,խրատ,առասպել»:

Ավոն  ժողովրդական մեծ սեր է վայելում Արցախում և նրա սահմաններից դուրս: 1957 թվականին Միացյալ Նահանգներում է ծնվել  Մոնթե Մելքոնյանը, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ ճամփորդել է  շուրջ 4 տասնյակ երկրներով: Ինչպես ինքն է մի առիթով ասել՝   ճամփորդություններից շատ բան է  սովորել, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո. երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիրը:  Մոնթեն առաջին անգամ Հայաստան է  այցելել  1990 թվականին: Մոտ մեկ տարի այստեղ նա զբաղվել է  գիտական աշխատանքով, հետո իմացել Շահումյանում լարված դրության մասին ու «Ավո» կեղծանվամբ եկել Արցախի հյուսիսային դարպաս: Ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։ Այն, որ Մոնթեն հայրենիքի ազատագրության նվիրյալ է դառնալու, կարծես կանխորոշված էր ի սկզզբանե, ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Արցախի Արծիվներ» ռազմամարզական  ՀԿ նախագահի բարոյահոգեբանական  դաստիարակության գծով տեղակալ Մհեր Հարությունյանը:   

«Գաղափարական ու մարտական  նման պատրաստություն անցած Մոնթեն  չէր կարող անմասն մնալ իր պատմական հայրենիքում ծավալված ազատագրական պայքարից: Նա արցախցիների պայքարը  գնահատեց որպես հայրենիքի կորսվաց բեկորների ազատագրման  բացառիկ հնարավորություն»:

Մոնթեն և՛ զինվոր էր, և՛ հրամանատար: Մոնթեն խստապահանջ էր, անզիջում՝ կարգազանցների, վախկոտների հանդեպ: Այսպես են միշտ բնութագրում նրան նրա մարտական ընկերները :   «... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքերը զգաստացման կոչ էին ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Այսօր էլ այս խոսքը չի կորցրել իր հրատապությունը՝ ասում է Մհեր Հարությունյանը:

«Այդ համոզմամբ էլ նա կապվեց Արցախին , որը դարձել էր պետականության վերականգման կիզակետը: Այն հասցեագրված է նաև գալիք սերունդներին որպես Հայսատանի միջնաբերդ Արցախ Սյունիք երկրամասը անառիկ ու անմատչելի պահելու պատգամը:»

Մոնթեն հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, բազմաթիվ դպրոցներ։ Մարտունու շրջկենտրոնը վերանվանել է  Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։ Այսօր համալսարանի ուսանողները   դասախոսների ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել հերոսի հուշարձան- կիսանդրուն:   Յուրաքանչյուր ազգ  կուզենար ունենալ Մոնթեի նման որդիներ՝ ասում է  ՇՏՀ-ի  ուսումնագիտական  աշխատանքների գծով  պրոռեկտոր Ռոզա Ավագյանը: Նման հերոսների կարիք այսօր էլ ունենք՝  ասում է :

«Աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ, ցեղ  պիտի երազեր Մոնթեի տեսակի որդի ունենալ, քանզի դա նրանց անպարտ մնալու և պատվով ապրելու բացառիկ երաշխիքներից մեկն է»։ 

Միջոցառման ողջ ընթացքում հնչել են Մոնթեի խոսքերը, ցուցադրվել նրա մասնակցությամբ տեսագրություններ , կենսագրական տվյալներ։ Համալսարանի ուսանողները  ներկայացրել են  բեմադրություն, կատարել հայրենասիրական   երգեր:  Միջոցառման ավարտին Հայաստանի և Արցախի ֆիդայինների միության անդմանները  ՇՏՀ-ի ակտիվ ուսանողներին պատվոգրեր հանձնեցին :

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2022 18:26
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ