Աշխարհի ավելի քան 140 երկրների տոնացույցում մայիսի 1-ը կարմիրով է նշված։ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը տարբեր երկրներում նշվում է տարբեր ձևի։ Խորհրդային հանրապետություններում ավանդական տոնակատարություններ էին կազմակերպվում, բոլոր աշխատավորների միավորում էր «կեցցե՜, Մայիսի 1-ը» կոչը։ Այդ օրը աշխատավորական կոլեկտիվները, գիտնականները, ուսանողները, մարզիկներն ու երիտասարդները երթով անցնում էին քաղաքների հրապարակներով ու փողոցներով՝ ևս մեկ անգամ փառաբանելով և մեծարելով արարումն ու աշխատանքը։ ԱՀ Արհմիությունների միության ներկայացուցիչ Էռնիկ Ծատրյանը մասնակցում էր մեծ շուքով կազմակերպվող հանրահավաքներին։
«Ես այդ ժամանակ աշխատում էի կենցաղսպասարկման կոմբինատում, մեզ հանձնարարում էին, մենք հավաքվում էինք երեխաների հետ, սպասում, որ մեր հերթը գա, կգնանք հրապարակ։ Բոլորը իրենց թոռների ու երեխաներ հետ հագած կապած գնում էինք սպասում, հետո պաստառներով դուրս գալիս՝ «Կեցցե՜ մայիսի մեկը՝ աշխատավորների միջազգային օրը» կանչերով դուրս էինք գալիս գնում։ Մեզ վրա լավ տպավորություն էին թողնում։ Այդ տոնը բոլոր տոներից ամենալավն ու ամենակարևորն էինք համարում»։
Ամեն տարվա մայիսի 1-ին հրապարակ դուրս գալը յուրքանչյուրի պարտավորությունն էր, որն, ինչպես զրուցակիցս է ասում, մեծ հաճույքով էին անում։ Մայիսի 1-ին հրապարակներ էին դուրս գալիս ինչպես աշխատավոր, այնպես էլ չաշխատող մարդիկ։ Աշխատանքի և աշխատավոր մարդու փառաբանումը մոտիվացիա էր նաև չաշխատող մարդկանց համար։
«Այդ օրը տարբեր գործարաններ իրենց ապրանքներն էին ցուցադրում, օրինակ, լամպերի, կոշիկների գործարանները իրենց արտադրանքը մեքենաների վրա կահավորած դուրս էին գալիս։ Մեզ համար շատ հետաքրքիր էր։ Մեր երեխաները ընդօրինակում էին մեզ։ Զգում էին, որ միացություն է, համերաշխություն է, բոլորը ուրախանում էին»։
Հայաստանում և Արցախում տոնը մեծ շուքով նշելու և ընդհանրապես չնշելու միջև այդ բեկումը տեղի ունեցավ 1980-ական թթ․ վերջին, երբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հայկական համայնքներում տեղի ունեցան հայտնի ոճրագործությունները։ Տոնը չնշելու պատճառը տրամադրությունների անկումն է։
«Խամրեց տոնը՝ իրոք։ Մարդիկ տրամադրություն չունեին, որպեսզի դուրս գային «ուռա» գոչեին և ուրախանային»։
Արցախյան ազատամարտի և վերջին 2 պատերազմների միջև ընկած՝ համեմատաբար խաղաղ ժամանակահատվածում ևս տոնը մեծ շուքով չնշվեց։ Աշխատավոր մարդիկ այսօր բավարարվում են միայն իրար շնորհավորելով։ Մայիսի մեկի համերաշխության խորհուրդի կարևորությունը դժվար է գերագնահատել, հատկապես, Հարավային Կովկասում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում։ Բայց այն խոսույթը, որն Ադրբեջանն է բանեցնում մեզ հետ իր հարաբերություներում, չի տեղավորվում և ոչ մի համերաշխության կոնցեպտում։ Բացի դրանից՝ Ադրբեջանը Արցախի շրջափակմամբ ի թիվս այլ իրավունքների, խախտում է նաև արցախցիների աշխատանքի իրավունքը։ Հազարավոր մարդիկ շրջափակման հարուցած խնդիրների պատճառով զրկվել են աշխատանքից։ Էռնիկ Ծատրյանն ասում է, որ Արհմիությունը սոցիալական, մասնավորապես սննդի տեսքով աջակցություն է տրամադրում շրջափակման ընթացքում աշխատանքը կորցրած մարդկանց՝ փորձելով փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը։ Փոխվել է տոների, այդ թվում մայիսմեկյան տոնի հանդեպ մարդկանց վերաբերմունքը, տոնելու ձևերն ու տրամադրությունները, բայց անկախ ամեն ինչից մայիսի մեկը մնում է աշխատավորների համերաշխության տոնը։ Սիրելի ունկնդիրներ՝ շնորհավոր տոնը։