Լաչինի միջանցքի արգելափակում, Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրում, օր-օրի խորացող հումանիտար և էներգետիկ ճգնաժամ և այս ամենը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմամբ ձեռք բերված պայմանավորվածություների համապատկերում. Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները վտանգավորության աստիճանի անհանգստացնող են: Ավելի քան 5 ամիս է չենք դադարում լսել էթնիկ զտման և գոյաբանական վտանգի մասին: Թե գործնականում ինչքանով են հնարավոր նման զարգացումները, ուրիշ հարց է, խնդիրն այսօր այլ է` անել ամեն բան բացառելու համար որևէ նման սցենար: Արցախում և Հայաստանում այսօր հանրահավաք է կազմակերպվել «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» խորագրով: Հավաքի մասնակիցները դրոշներով և Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու կոչերով ու պաստառներով քայլել են դեպի Հակարիի կամուրջը։ Արցախյան երթը «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն է կազմակեպել: Հայատանի մեր հայրենակիցների կողմից նման աջակցությունն անգնահատելի է և ոգեշնչող է` ասում է նախաձեռնող խմբի անդամ Արշակ Աբրահամյանը:
«Այստեղ կարելի է ասել համահայկական պայքար է ընթանում հանուն Արցախի պետականության: Գործնականում և՛ Հայաստանի Հանրապետության ազգային ուժերը, և՛ Սփյուռքը, և՛ ողջ Արցախը միասնաբար պայքարում ենք հանուն պետականության»:
Պայքարն այլընտրանք չունի. այս համոզմանն են նաև ճանապարհի մյուս կողմում հավաքված մեր հայրենակիցները: Հայաստանը պետք է լիարժեք պաշտպանի և կանգնի Արցախի կողքին: Հայաստանի ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանուր օրգանիզմի հետ է համեմատում:
«Մենք պետք է սթափվենք և այսօրվա հավաքը ինձ մեծ հույս է ներշնչում: Հայի այս տեսակը պետք է առաջնորդի պայքարը, որ մենք այս անճար վիճակից մեր ժողովրդին դուրս հանենք, ցույց տանք, որ պայքարի հնարավորություն կա: Բոլոր աղբյուրները մեր մեջ են: Առաջին գլխավոր հարցը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը վերականգնելն է: Մենք պետք է շնչենք նույն օդը, մեկտեղենք նույն հնարավորությունները, որպեսզի հարողանանք ապահովել մեր հաջողությունները»:
Գլոբալ առումով հանրահավաքների նպատակը մեկն է, ցույց տալ հայկական միասնությունը, որը մեր ուժն է և ներկայացնել Հայաստանում և Արցախում ապրող հայերի պահանջները: Արցախի ՀՅԴ երիտասարդական միության անդամ Տիրուհի Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները հավաքվել են «ո՛չ» ասելու Հայաստանին պարտադրվող զիջումներին, վերահաստատելու Արցախին և Հայաստանին տեր լինելու որոշումը, ցույց տալու մեր ապրելու և պայքարելու կամքը:
«Այսօր հավաքվել ենք «ո՛չ» ասելու բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի մաս կազմել, «ո՛չ» ասելու ազգային միասնությունը պառակտողներին և Արցախը Մայր Հայաստանից զատողներին: Եկել ենք «այո՛» ասելու մեր արժանապատվությանը, մեր կամքի ուժին, Արցախ-Հայաստանին տեր լինելու մեր պատրաստակամությանը, այս հողի վրա արարելու և պայքարելու մեր բոլոր նպատակներին»:
Արցախում և Հայաստանում կազմակերպված երթերին մասնակից մեր հայրենակիցները համոզված են` հայությունն ունի բավարար ներուժ առկա իրավիճակում բեկում մտցնելու և բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար: Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել նաև ուղերձով:
«Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի: Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը»։ Լաչինի միջանցքի երկու կողմերում այսօր հավաքված հայերին 70 կիլոմետր կամ մեկ ժամվա ճանապարհ էր բաժանում: Ավելի քան 5 ամիս բաժանող այս մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհը անանցանելի անսահմանություն է թվում: Բայց այն միասնականությունը և աջակցությունը, որն այսօր արցախցին ստացավ «անջրպետից» այն կողմ գտնվող իր հայներնակիցներից, հույս ու հավատ է ներշնչում, թույլ տալիս նորից հավատալու` փրկությունը հավաքական ուժի մեջ է: