Նոյեմբերի 21, 2024

Ասկերանի շրջանի տարբեր համայնքներում կազմակերպվել են ժամանցային միջառումներ

By Լանա Համբարձումյան Հունիսի 01, 2023

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ասկերանի շրջանի վարչակազմը և «Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ-ը շրջանի համայնքներում կազմակերպել են ժամանցային միջոցառումներ: ՀԿ նախագահ Սնեժանա Թամրազյանի խոսքով շատ քիչ բան է պետք երեխաներին ուրախացնելու համար, իսկ մեծերը հնարավորություն ունեն տարատեսակ միջոցներ օգտագործել դա անելու համար, միայն թե` ցանկություն լինի: Մեզ հետ զրուցում Սնեժանան պատմում է միջոցառումների մասին.

«Որպեսզի փոքր ինչ ուրախացնենք մեր փոքրիկներին, որոշեցինք հնարավորությունների սահմաններում կազմակերպել ժամանցային միջոցառումներ Ասկերանի շրջանի տարբեր համայնքներում: Այցելեցինք սահմանամերձ Նախիջևանիկ և Խնապատ գյուղերի փոքրիկներին: Նրանց ուրախացրինք մուլտհերոսների շոու ծրագրով, քաղցր հյուրասիրությամբ, որը կազմակերպվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օժանդակությամբ: Երեկոյան նախապատրաստել ենք նման միջոցառում Ասկերան քաղաքի փոքրիկների համար»:

Սահմանամերձ համայնքում նման միջոցառումներ կազմակերպելը դրական ազդեցություն է թողնում երեխաների վրա, ասում է ծնող Էլվինա Մարգարյանը և մեզ հետ զրույցում կիսվում իր տպավորություններով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներից շատերը, տրանսպորտի հետ կապված, հնարավորություն չունեն այցելել նման միջոցառումների, համայնքներում դրանց կազմակերպելը տոն է դարձնում Երեխաների օրը: Նրանք կտրվում են առօրյա հոգսերից, որովհետև ծնողի հետ միասին երեխան նույնպես ներգրավվում է ծնողի ապրումներին: Կցանկանայի, որ նմանատիպ միջոցառումները հաճախակի կազմակերպվեն համայնքներում: Շնորհակալություն եմ հայտնում, որպես ծնող»:

Թող Արցախի բոլոր փոքրիկները լինեն պաշտպանված և իրենց մանկությունը վայելեն խաղաղ երկնքի տակ:

Last modified on Ուրբաթ, 02 Հունիսի 2023 12:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ