Նոյեմբերի 21, 2024

Այգեստանում խնդիրները քիչ են, մտահոգությունները՝ շատ

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 05, 2022

 Այգեստանը Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերից է։ Երևի դա է պատճառը, որ գյուղական միջավայրի զգացողությունը կամ կոլորիտն այստեղ այնքան էլ ընդգծված չէ։ Գյուղն ավելի հայտնի է  Բալլուջա անվանմամբ։  Արցախի բոլոր  գյուղերն էլ  այգեստան են,  բայց, տեղացիների համոզմամբ, հենց Բալլուջան է   Արցախ աշխարհի իսկական այգեստանը։ Բալլուջա անվան հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ կան։  Բորիս Բարսեղյանը, ում հանդիպեցինք հենց Բալլուջայում, դրանցից մեկն  է պատմում։  

 «Մեր շենին կետեն ճյուրը առաջ վարարակ իլալ, մին խոխա քեցալա, թա դըղ լըղանա կետը քշալա տարալ։ Մարը քեցալա «բալ ջան», «բալա ջան» ծեն տվալ, տի էի մեր շենին անըմը մնացալա Բալուջա։ Մեր շենին տըղը առաջ օխտը գյուղա իլալ»։

 Քաղաքին մոտ լինելը Այգեստանին մի շարք առավելություններ է տալիս․ համայնքի երիտասարդները, օրինակ, բուհում սովորելիս մշտական բնակություն չեն հաստատում Ստեփանակերտում, քաղաքում աշխատողները նույնպես հեշտությամբ ամեն օր գնում   ու հետ են գալիս։   Համայնքում շատ խնդիրներ   չկան։ Եղածներն էլ ժամանակի ընթացքում կարգավորվելու են, կարևորը խաղաղություն լինի՝ ասում է Բորիս պապիկը։ 

«Սաղ հարցերը ենա լուծած․ մուսրավոզը կյամա մուսրը տանումբ տեն ածում։ Ճյուրը կա, գազը կա, լյուսը կա։ Լոխ լյավա, միակ թա կըռըվ չինի»։

 Այգեստանի կենտրոնական մասում շատ   խանութներ կան՝ մսի, բանջարեղենի, տեխնիկական ապրանքների։  Գործում են  նաև գեղեցկության ու մատնահարդարման սրահներ, արագ սննդի կետեր։ Ամենահարմար գներն այստեղ են՝ ասում են գյուղացիները։ Ներս ենք մտնում բանջարեղենի խանութը։   Մեզ դիմավորում է  Սուսաննա Սևյանը։    Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից է։ Պատերազմից հետո ընտանիքով Այգեստան են տեղափոխել։ 

«Մունք օզալչնք Հայաստանում մնանք, ասալնք ուզիսնք կյանք մեր վըղը, ասալնք միգուցե հնարավոր ինի, վեր կյանք, քինինք Հադրութ։ Մունք մեր Հադրութը շատնք սիրիս, ուզիս չընք իլալ օրիշ տըղ ապրինք։ Մինչև ասօր էն հույսավննք, վեր ստղաս քիննաննք Հադրութ»։

 Սուսաննան 4 երեխաների մայր է։  Ավագ որդին  շուտով բանակ է զորակոչվելու։ Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը խանութն է։ Հադրութում էլ էին առևտրով զբաղվում։ Ունեին սեփական խանութ։ 

«Մեր հյաթեն մաչին, տանըս կոխկեն մին մանգազինա իլալ՝ տրասեն կոխկեն, վեր քինիսնք իլալ բիդի Ջաբրայիլ։ Համ շատ ապրանքա իլալ, համ բոստանա իլալ, քղեյիսնք իլալ ծխեյիս։ Շենին գյուղապեարանումն էլ գործում իլլա ընեիս։ Միհենգ էս խանութը արենդավնք երկալալ, գործ ընք անըմ, դյուզա ամառային սեզոնների շատա փչանում, բայց դե հինչ անիանք։ Ամռնը 2 ամսավ փակալնք, նորից պեց ընք ըրալ։ Շատ լյավ չի, բայց մըզ յոլլայա տանում»"

 Չնայած կարոտում է Թաղասերը, համագյուղացիներին, հարազատներին ու բարեկամներին, բայց աշխատում է հարմարվել նոր միջավայրին,  մարդկանց ու  նիստուկացին։ 

«Ստըղ մարդկանց նհտ շատ լյավա, ես փիս պեն չում տսնում ուրանց անա։ Տի տըղ չիկա, վեր ասիս լոխ լյավն, մեր շենումնելն իլալ համ լյավերը համ փիսերը։ Ամեն մարդու նհտ ուրան լյուզուվավը պիտի խոսիս, պիտի հարմարվին»։

 Տիկին Սուսաննայի մտածմունքները, մտավախությունները, երազանքներն ու նպատակները Արցախի ու նրա ապագայի հետ են կապված։ Իրենց ընտանիքի կյանքն Արցախից դուրս չի պատկերացնում։ Այս փոքրիկ այգեստանում նոր կյանք են սկսել՝  նոր նպատակներով ու երազանքներով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ