Ապրիլի 27, 2024

Իրազեկման քայլերթ Ստեփանակերտում` Քաշաթաղի միջանցի ապաարգելափակման պահանջով

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 12, 2023

Այսօր Ստեփանակերտի կենտրոնական փողոցները մարդաշատ էին։ Պատճառը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով իրազեկման հավաք-երթն էր, նպատակը՝ միջանցքը բացելու արշավ հայտարարելը, նախաձեռնությունը՝ Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման մասնակիցներինը։ Քայլերթին ներկա է եղել մեր գործընկեր Մարգարիտա Ղուշունցը։

«Միացեք, միացում, միացեք մեզ քանի ուշ չէ, դուրս եկեք տներից»:

Այս վանկարկումներով ու իրենց միանալու կոչով Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի նախաձեռնությամբ իրազեկման հավաք-երթն սկսվել է կեսօրին։ «Վարդագույն շենք»-ի մոտից մեկնարկած երթը շարժվել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով։ Երթի կազմակերպիչների առաջնային նպատակը, ինչպես իրենք են նշում` «մարդկանց արթնացնելն» է, ասում է նախաձեռնող խմբի անդամ Վրեժ Բալասանյանը` հույսով, որ մարդիկ կլսեն իրենց կոչն ու կմիանան քայլերթին.

«Եթե հիմա կարողանում են օգտվել երթուղայիններից, կամ ռեստորաններում նստել, աշխատանքի գնալ, զբոսնել, վաղը չեն կարողանալու։ Մեր քայլերթի նպատակն է` մարդկաց հասկացնելու, որ թշնամին շատ մոտ է և, եթե Արցախն այսպես շարունակի մեկուսացված մնալ, պարզապես դադարելու ենք գոյություն ունենալ»։

Ամեն քայլափոխի մարդիկ միանում էին երթին սպասումով, որ շարքերը կավելանան։ Հադրութցի 65-ամյա Լաուրա տատիկը դստեր ուղեկցությամբ էր քայլում։ Չնայած դժվարությամբ է տեղաժարշվում, բայց չէր կարող անմասն մնալ, ասում է։ Դուստրը՝ տիկին Նորան ավելացնում է՝ միայն երեխաներիս ապագայի համար եմ այստեղ։

«Եկել եմ մեր եխաների, մեր Արցախի համար»։

«Երթին միացել եմ, որպեսզի կարողանանք կողմնորոշվել՝ օգնենք գտնել հարցերի լուծումներ, որ նոր կորուստներ չունենանք»:

Մարդիկ, ովքեր միանում էին երթին իրենց պատրաստակամությունն էին հայտնում՝ անհարժեշտության դեպքում քայլել մինչև Հակարիի կամուրջը։ Ստեփանակերտի բնակիչ Էրիկ Սարգսյանը երթի առաջին մասնակիցներից է, ասում է ՝ արդեն պահը հասունացել է, սպասելու ժամանակ չունենք։ Քայլերթին միանալու իր նպատակը համընդհանուր է, ասում է։ Սպասելիքները` մեծ.

«Նպատակս` ապաշրջափակված, անկախ Արցախ տեսնելն է։ Եթե միասնական ու միակամ լինենք կհասնենք մեր նպատակին։ Ամեն քայլափոխի մարդիկ են միանում մեզ, շատ ոգևորիչ է»։

Քայլերթն ավարտվեց Կառավարության շենքի մոտ։ Կազմակերպիչների խոսքով՝ այսօրվա երթը արդյունավետ էր: Նրանց հետ հանդիպման դուրս եկավ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ում համոզմամբ՝ իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ համաժողովրդական շարժումն է։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ