Յուրաքանչյուրս պատերազմի մասին մեր պատմությունն ունենք։ Դրանք որքան նման, այնքան էլ տարբեր են։ Տիկին Սուսամբարի պատմությունը սկսվում է դեռևս 1989-ից, երբ առաջին անգամ տեղահանվեցին Ադրբեջանի Բարդա քաղաքից։ Ընտանիքն սկզբում տեղափոխվեց Մարտակերտ։ Մարտակերտի գրավումից հետո կրկին ստիպված էին տեղահանվել․ այս անգամ կյանքը նրանց Աբովյան քաղաք տարավ։ 10 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձան Արցախ, հաստատվեցին Շուշի քաղաքում, որտեղ տիկին Սուսամբարը ծնվել և մեծացել էր։
«Շուշի քաղաքում վերաբնակեցվեցինք ու սկսեցինք ապրել։ Ունեցել եմ 2 տղա երեխա։ Արդեն հարմարվել էինք, կյանքը հունի մեջ էր ընկել։ Արդեն չէինք էլ զգում, որ փախստական ենք»։
Եթե շատերիս համար սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթյուններն անսովոր ու անհասկանալի էին, ապա տիկին Սուսամբարի համար ամեն ինչ պարզ էր։ Պատերազմ է։ Նորից պատերազմ է։
«Կրակոցներ էին, ամբողջ շենքը դուրս էր եկել։ Հասկանալի էր, որ պատերազմ է։ Ասացի, որ ես դուրս չեմ գալու: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ՝ երկու ձեռնափայտերով։ Մինչև հոկտեմբերի 29-ը մնացի Շուշի քաղաքում»։
Որդիներից մեկը զինծառայող էր։ Մի քանի օր տղայից նորություն չուներ։ Նոյեմբերի 8-ին տղան զանգեց․ իր հետ ամեն ինչ լավ էր։ Տիկին Սուսամբարն արդեն հանգիստ էր, սպասում էր լավ լուրերի։ Բայց չէր էլ պատկերացնում, որ նոյեմբերի 9-ի գիշերը զանգ կստանա ու կլսի ամենաանսպասելին։
«Նոյեմբերի 9-ի գիշերը ինձանից անկախ շատ խորը քնեցի։ Ժամը 3-ին ընկերուհիս՝ Լիլիթը, զանգեց։
- Ծյոծ Սուսաննա ի՞նչ ես անում։
- Քնած եմ։ Ինչքան ժամանակ է այսքան լավ չեմ քնում։
- Դե կքնես էլի։ Թուրքերը Շուշին վերցրել են։
Ասում եմ՝ սուտ ես ասում, չեմ հավատում։ Ասում է՝ հեռուստացույցը միացրու, կտեսնես։ Միացնում եմ ու համոզվում, որ իսկապես պայմանագիր է ստորագրվել, Շուշին էլ տվել են։ Բայց, միևնույն է, չեմ հավատում։ Ասում եմ՝ դե որ պայմանագիր են կնքել, պատերազմը կանգնեցրել են, ես հետ եմ գնում»։
Նոյեմբերի 13-ին տիկին Սուսամբարը վերադառնում է Արցախ։ Մինչև վերջին պահը նա այդպես էլ չհավատաց, որ Շուշին մերը չէ։ Եկավ Արցախ, բայց այդպես էլ Շուշի չբարձրացավ։
«Այսօր երանի եմ տալիս անցած տարիներին, երբ երիտասարդ էի՝ 20-25 տարեկան։ Սովետական ժամանակաշրջաններն էին՝ մայիսի 1, մայիսի 9։ Իսկ այսօր ես 64 տարեկան եմ։ Ոչ մի բան չունեմ։ Ունեմ 2 ձեռնափայտ ու 2 որդի»։
Ամեն տարի Մայիսի 9-ը մեծ շուքով էին նշում Շուշիում։ Խոսելով այդ օրերի մասին՝ տիկին Սուսամբարի դեմքին մի փոքր ժպիտ է ավելանում։
«Բոլորը հավաքվում էին, ծաղիկներով գնում էինք հուշարձանը։ Հետո քայլելով իջնում էինք տանկի մոտ։ Բոլորը ուրախ էին ու իրար էին շնորհավորում»։
«Իսկ ինչպիսի՞նն եք տեսնում Արցախի ապագան» հարցին պատասխանելուց առաջ խոր շունչ է քաշում․
«Ես որպես արցախցի չեմ հուսահատվում։ Ես արցախցու ապագան Արցախի հետ եմ տեսնում։ Ես այդ հույսով եմ ապրում»։