Նոյեմբերի 24, 2024

Խրամորթի 25-րդ հոբելյանական թողարկումը

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 27, 2022

Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցը այս տարի ավարտել է 6 աշակերտ։ Օրը կարևոր էր ոչ միայն նրանց, այլև բոլոր խրամորթցիների համար։ Շուրջ երկու ամիս տուն ու տեղից կտրված խրամորթցիները այսօր ուրախ առիթով են հավաքվել։ Դպրոցի միջանցքը բեմ է դարձել՝ զարդարվել գեղեցիկ փուչիկներով։ Շրջանավարտները մի կողմից մյուսն են վազում, դիմավորում հարազատներին ու հյուրերին։ Միջոցառումը ընդամենը 2 շաբաթում են կազմակերպել։ Այդ կարճ ժամանակահատվածում հավաքվել են և պատրաստվել իրենց կյանքի ամենակարևոր օրերից մեկին՝ ասում է դպրոցի շրջանավարտ Սուսաննա Հովսեփյանը։ Նրանց համար սա ևս մի փոքրիկ հաղթանակ էր։  

«12 տարի սովորել եմ այս դպրոցում։ Ճիշտ է, այս դեպքերից հետո մի փոքր կոտրվեցինք, բայց մեր նպատակին հասանք ու Վերջին զանգը նշեցինք մեր դպրոցում։ Ցանկանում եմ ընդունվել ԱրՊՀ հոգեբանություն բաժին։ Կարծում եմ՝ պատերազմից հետո մենք ունենք հմուտ հոգեբանների կարիք»։

 Մինչև վերջին իրադարձությունները դասարանում 7 աշակերտ էին՝ 2 տղա, 5 աղջիկ։ Բայց աղջիկներից մեկը, ցավոք, չկարողացավ ներկայանալ վեջին զանգին։ Դասղեկ Անահիտ Մայիլյանը 5-րդ դասարանից է դասավանդում նրանց։ Ասում է՝ լավ ընկերներ են դարձել։ Նա իր սիրելի սաներից յուրաքանչյուրին հերոս է համարում։  

«Շատ ենք մտերմացել։ Ճիշտ է՝ շատ դժվարությամբ ենք այս ամենին հասել, քանի որ մենք մեր կրթօջախից հեռու էինք, բայց մեր շրջանավարտները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և այսօր կանգնել այստեղ»։

 Հնչեց պետական օրհներգը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքին ամենաթանկը նվիրաբերած հերոսների անմար հիշատակը։ Այնուհետև դասղեկ Անահիտ Մայիլյանը մեկ առ մեկ ներկայացրեց  իր բոլոր սաներին՝ բնութագրելով նրանց դիպուկ և գեղեցիկ։ Այնուհետև  բեմի տերը շրջանավարտներին էին: Շրջանավարտ Արթուր Բաղդասարյանը համադասարանցիներին մաղթում է հաջողություններ՝ կյանքի բոլոր փուլերում։ Իրենց հետ դպրոցից կտանեն ամենաջերմ հիշողությունները։  

«Ուրախ եմ, որ ավարտում ենք դպրոցը։ Ուսումս շարունակելու եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ ագրոբիզնես և ֆինանսներ բաժնում։ Կաշխատեմ լավ սովորել, վերադառնալ գյուղ և մեր գյուղը շենացնել»։

 Դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանի խոսքով՝ անցած երկու ամիսներին դպրոցական Վերջին զանգի տոնակատարությունը հարազատ կրթօջախում նշելու հույսը երբեք չի մարել։  

«Հույս ունեմ այս Վերջին զանգի զիլ ղողանջը կդառնա տունդարձի կանչ՝ մեր բոլոր խրամորթցիների համար»։

 Խրամորթի 25-րդ հոբելյանական թողարկման 6 աշակերտներին շնորհավորելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։ Նրանք շրջանավարտներին մաղթեցին բարի երթ՝ դեպի նոր կյանք և նոր սկիզբ: 

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 27 Մայիսի 2022 15:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ