Արդեն մի քանի օր է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների աուդիոսպառնալիքներն ու մուղամները չեն լսվում՝ «Արցախ» լրատվականին ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով վերջին 4 օրը գյուղում կրակոցներ նույնպես չեն եղել։
"Խրամորթի հետ կապված հուսադրող նորություններ ունենք: Արդեն չորրորդ օրն է Խրամորթի, ինչպես նաև Ակնայի շրջանի շփման գծում արտառոց դեպքեր չեն եղել: Ռուս խաղաղապահների բանակցությունները արդյունք են տվել: Գյուղացիներն օգտվելով արևոտ եղանակից շարունակում են գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել: Իրավիճակը վերահսկվում է: Այդ հատվածում ԱՀ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն էլ շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնել»:
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ վերջին օրերին հարաբերական կայուն վիճակը պահպանվել է ոչ միայն Խրամորթի, այլ մյուս սահմանային գյուղերի՝ Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ։