Նոյեմբերի 25, 2024

Ապրել Ասկերանում, կամ՝ ուրիշի լավը մերը չէ

By Սրբուհի Վանյան Հունիսի 21, 2022
Ասկերանի շրջանից Արցախյան վերջին պատերազմի արդյունքում թշնամու վերահսկողության տակ է անցել 8 բնակավայր։ Շրջանի բնակավայրերի մի զգալի մասն էլ այսօր սահման է։ Բայց, ինչպես մինչև 44-օրյան էր, հիմա էլ ամենօրյա եկամուտը հիմնականում գյուղատնտեսական աշխատանքով վաստակող ասկերանցիները դաշտ են մտնում, վար ու ցանքս անում։ Անվտանգության լիարժեք երաշխիքներ, ճիշտ է, չկան, բայց ուտել և ընտանիքը կերակրել՝ պետք է։ Ինչպե՞ս են ապրում այսօր ասկերանցիները և շրջանում ապաստանած ավելի քան 2800 տեղահանվածները․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն է պատմում։
 
«Հիմնական խնդիրը, որ խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքերին, անվտանգության խնդիրներն են, մասնավորապես սահմանամերձ հողատարածքների մասով, որոնք մարդկանց թևաթափ են անում, չեն կարողանում լիարժեք զբաղվել իրենց գործով, հողի մշակությամբ։ Մնացած բոլոր աշխատանքները կարողանում ենք նորմալ կազմակերպել»։
 
Ասկերանի շրջանի՝ մեր վերահսկողության տակ մնացած 34 համայնքներում փորձում են կյանքը բնականոն հուն վերադարձնել։ Շրջանում ակտիվ շինարարություն է ընթանում, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքերն ընթացքի մեջ են, մշակութային ու կրթական ոլորտներում որոշակի աշխուժություն կա։ Ասկերանի շրջանում հիմա բնակչության թիվն ավելի մեծ է․ ինչպես թշնամուն անցած՝ շրջանի մյուս գյուղերի բնակիչների հաշվին, այնպես էլ Արցախի այլ շրջաններից տեղահանվածների։ 
 
«Մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով։ Վարչակազմը, համայնքի աշխատակազմը միասին իրականցնում են տարբեր աշխատանքներ, ծրագրեր՝ բնակչության բնականոն կենսապահովման, բնակարանային ապահովման, ենթակառուցվածքների բարելավման համար։ Շրջանն ընդունել է 2800 տեղահանվածների, որոնք հիմա բնակվում են շրջանի տարբեր համայնքներում»։
 
Համլետ Ապրեսյանի իրազեկմամբ, տեղահանվածների մեջ մեծ թիվ են կազմում Հադրութի շրջանի նախկին բնակիչները։ Թիվ մեկ խնդիրը, անվտանգությունից հետո, տեղահանվածներին բնակարաններով, ապա և աշխատանքով ապահովելն է։
 
«Անցած տարի ազատ տների մի մասը վերանորոգվել է, տրամադրվել մարդկանց՝ բնակության համար։ Իհարկե, նվազագույն պայմաններով, բայց առայժմ հնարավորություններն այդպիսին են։ Տեղահանվածների և այլ սոցիալական խմբերի համար Ասկերանի շրջանի տարբեր բնակավայրերում տներ, և նույնիսկ ամբողջ թաղամասեր են կառուցվում։ Փորձում ենք նաև աշխատանքով ապահովել»։
 
Ասկերանում տրամադրությունները դեռևս հետպատերազմյան են․ ծանր կորուստներից հետո մարդիկ փորձում են վերագտնել իրենց, հաղթահարել դժվարությունները, աշխատանքից հետո լիցքաթափվել՝ մասնակցելով մշակութային միջոցառումների և ուրախանալ իրենց երեխաների փոքրիկ հաղթանակներով։
 
«Դրա կարիքը, պահանջը կա։ Եվ փորձում ենք տարբեր համայնքներում, մշակութային միջոցառումներ կազմակերպել, ինչը դրական է ազդում մարդկանց տրամադրության և ապրումների վրա»։
 
Չնայած դժվարություններին ու ճնշող անորոշությանը, մեզ հանդիպած ասկերանցիներից ոչ մեկը իր ու իր երեխաների ապագան Ասկերանից դուրս չի ուզում տեսնել։ Համոզված են՝ ուրիշ տեղ ավելի լավ չէ․
 
«Հիմա ամեն տեղ է վատ,-ասում են,-իսկ ուրիշի լավը մեզ չեն տա։ Մենք պետք է ապրենք մեր երկրում` մեր տունը շենացնելով և մեր հողը պահելով։ Այն հողը, որը մեր պապերն ու նախապապերը նույնպես արյունով են պահել ու փոխանցել մեզ»։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ