Նոյեմբերի 22, 2024

Թաղավարդում երազանքներն իրականանում են

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 12, 2022

Թաղավարդի կարի արտադրամասը պատվերներ է ընդունում։ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մասին առաջին անգամ չէ, որ պիտի պատմենք: Շփման գծով կիսված այս գյուղը ոչ միայն պատերազմի օրերին հերոսաբար դիմադրեց թշնամու հարձակումներին, այլև դրանից հետո էլ շարունակում է նույն կերպ դիմադրել թշնամու` արդեն հոգեբանական ճնշմանը: Դիմադրել ու ապրել, մտածել վաղվա օրվա մասին, երազանք պահել ու գնալ այդ երազանքի հետևից: Այս անգամ, մենք ձեզ կպատմենք Թաղավարդի փոքրիկ կարի արտադրամասի մասին։ Այն հիմնվել է` իրականություն դարձնելու յոթանասունամյա դերձակի երազանքը: Իսկ երազանքին միս ու արյուն տվողը «Սահման» հասարակական կազմակերպությունն էր:

 Դերձակի ձեռքի տակ վարպետորեն շարժվում է կտորը, ուղորդվում են ասեղի զարկերը: Սեփական գործից բավականություն ստացող մարդու ժպիտով տիկին Երմոնիան գնահատող հայացքով բարձրացնում է հերթական զինվորական համազգեստը. ստացվել է: Նրա երազանքն իրականություն է դարձել «Սահման» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Ուրախության չափը թաքցնել ոչ ուզում է, ոչ էլ կարող է։ 

«Եկալն տեսալ հունցմ գործ անում։ Տա էն վախտնա իլալ, վեր շատ ծյունա իլալ եկած։ Ասալն հինչավ օգնինք, եշալ տեսալ վեր լոխ օգնելի պենա։ Դե, բայց ես ասալըմ լհա մին կարի մաշին կօզիմ։ Դե ուրանք էլ, էնա տեսնումք, մինին տեղը երկուսնն պերալ, հալա նհետն էլ ռեմոնտըն ըրալ։ Շատ ըմ գոհ ուրանց անա, էնքան ուրախըմ հանցըմ կուճիր խոխա ինիմ»։ 

Փոքրիկ արտադրամասը տիկին Երմոնիայի տան մոտ է կառուցված: Ասում է` այնքան լավ են վերանորոգել, որ գիշերն էլ չի ուզում տուն գնալ։ Այստեղ ամեն նորի կողքին հինն է՝ մեքենաներնն, արդուկը, թելերը, կոճակները, նրանց շարքում են նաև հիշողությունները։ 

«Վեր շկոլս պըրծալմ , պապաս 70 մանեթա տվալ ինձետի էս կարի մաշինը ինք կալյալ , մինել վեր քեցալըմ գործի նիմտալ, էս հարթուկնըմ առալ ինձետի, 1970 թվից էնըմ օգտագործում ու մինչև մհենգ համ մաշինսա գործ անում, համ էլ` հարթուկս։Սրանք ստղան վեշմին վախտ տուս չըմ ընան»։ 

Կեսդարյա աշխատանքային փորձ ունեցող դերձակն ասում է՝ հարսի զգեստներից շատ զինվորական հագուստ է կարել։ Ասում է` պատերազմների ժամանակ զինվորների շորերը կարելիս, պայման էր դնում՝ գումար չի վերցնում, բայց կռվից հետո իրենց հարսնացուների հարսի զգեստն անպայման ինքն է կարելու: Իսկ նոր արտադրամասն արդեն պատվեր ունի. նոր ուսումնական տարվա 11-րդ դասարանի աշակերտների դպրոցական համազգեստներն այստեղ են կարվելու։ Երմոնիա Քոչարյանը հարազատ գյուղի յուրաքանչյուր բնակչի հոգսերով է ապրում։ Նրան շնորհավորելու եկած հարևանները մեկը մյուսին հերթ չտալով, մեզ ծանոթացնում են կենսախինդ ու բարետես տատիկի հետ, նրան նկարագրելով ամենադրական կողմերից․ 

«-Հուվեր ,ծենա տամ էնա Երմոնը հազրը, միշտ օզմա լոխճին օգնած ինի։ - Խերավ ինի Երմոն, էն պայամաններում, վեր տուվըս գործըրալ ու միշտ պատվավս ըրալ գործըդ էս պայմաններում ընանս, հու ընանս։ - Երմոն Քոչարյանը ամբողջ Մարտունա շրջանում ճինաչված ա որպես կարի բնագավառի կառկառուն ներկայացուցիչ, Երմոն թող խաղաղություն ինի մեր հողում տուվել ավելի մեծ եռանդավ գործ անիս»։ 

Արտադրամասի բացումը կազմակերպվեց ինչպես որ հարկն է՝ աղ ու հացով, կարմիր ժապավենով: Ժապավենի կտրման արարողությունը վստահված էր տիկին Երմոնիայի թոռնուհուն և «Սահման» ՀԿ ծրագրերի ղեկավար Սոսե Մուրադյանին։ Ասում է ՝ շատ բիզնես ծրագրեր են կյանքի կոչել, բայց սա առաջինն է, որի բացումը այսպիսի մեծ շուքով են կազմակերպում։ Թե ինչու ընտրեցին տիկին Երմոնիային` պատմում է Սոսեն․ 

«Քանի որ Թաղավարդը տուժած գյուղերից մեկն է, որոշեցինք Արցախում կազմակերպության ծրագրերի մեկնարկը այստեղից տալ։ Տեսնելով տիկին Երմոնիայի աշխատասիրությունը, եռանդը, նաև հասկանալով, որ այստեղ ավելի շատ կարիք կա զինվորկական հագուստ կարելու և նա լավագույն թեկնածուն է, որ կարող է դա անել, ընտրեցինք իրեն, և այսօր ունենք կարի արտադրամաս»։ 

Սահման ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2011 թվականին Տավուշի մարզում, հետո Գեղարքունիքում: 2020թ. պատերազմից հետո այն գործում է նաև Սյունիքում և Արցախում։ Կազմակերպության նպատակներից է ՝ աջակցել Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներին, իրականացնել գյուղատնտեսական, սոցիալական, կրթական նաև մշակութային ծրագրեր` ասում է կազմակերպության համահիմնադիր Ջորջ Տաբակյանն ու ներկայացնում, թե շահառուներին ընտրելիս ինչ սկզբունքով են առաջնորդվում ։

 «Մեր կազմակերպությունը բարեգործական չէ, մենք գումար չենք տալիս, մարդիկ մեզ դիմում են ու ներկայացնում բիզնես պլանը,անցնում համապատսախան փուլերն ու ստանալով մեր հավանությունը` իրականցնում ծրագիրը։ Մեր նպատակն է օգնել ոչ թե կարիքավոր, այլ աշխատասեր մարդկանց, որոնք ուզում են սեփական ուժերով գումար աշխատել։ Մենք նրանց տալիս ենք համապատասխան տեխնիկան ու գույքը, այսինքն 80 տոկոսի չափով մենք ենք աջակցում, 20 տոկոսը շահառուն է անում։ Եվ այս ամենը անհատույց»։ 

Կարի արտադրամասի բացմանը ներկա էին նաև «Սահման» ՀԿ-ի աջակցությամբ վարսահարդարման և ավտոտեխսպասարկման սրահ բացած Գաբրիելյաների ընտանիքը։ Ամուսինը՝ Արցախը, երկու ամիս է Թաղավարդի և հարակից համայնքների մեքենաներն է վերանորոգում, իսկ կինը՝ Լուսինեն, ապահովում է համայնքի կանանց և աղջիկների մազերի խնամքը։ Նորաստեղծ ընտանիքի նորաստեղծ բիզնեսների հաջող ընթացքը Թաղավարդում խոր արմատներ գցելու գրավականն է․ 

«Լուսինե- Ես իմ ուժերավս թեթև գեղեցկության սրահըմ իլալ պեցրած, ուրանք եկալըն տեսալ վեր կարում անիմ ու ձգտում օնիմ, պերալն պետքական բոլոր պարագանեն կահույքի հետ միասին ինձ տվալ: Ու մհենգ ավելի հիշտ ու լյավըմ գործ անում։ Արցախ- Միշտ սերա իլալ դեպի էտ գործը, ուղղակի հերիքելիս չի իլալ ֆինանսըս, վեր սկսիմ ավտոտեխսպասարկման գործավ զբաղվելը։ Մհենգ ուրանց շնորհիվ հինչու հարկավերա օնիմ ու էնա արդեն կողքի շեներանելն կյամ կողքս մաշինեն սարքիմ։Շնորհակալըմ»։ 

«Սահման» կազմակերպության աջակցությունն Արցախի սահմանային գյուղերին շարունակական է լինելու՝ վստահեցնում են պատասխանատուները։ Փոքրիկ բիզնես ծրագրերն իրականում սահմանն ամուր պահելուն է ուղղված: Իսկ այն ամրանում է հենց այսպես` թշնամու դիտարկման տակ շարունակվող կյանքով, տիկին Երմոնիայի, Գաբրիելյանների ընտանիքի, նոր խաղահրապարակում խաղացող երեխանների, դաշտ ու արտում բերքահավաքով զբաղված մարդկանց լավատեսությամբ ու սեփական հողին ամուր կառչած մնալու կամքով:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022 20:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ