Արևի բոլոր ճառագայթներն իր մեջ ամփոփող ձմերուկը ամռան սեղանների անբաժան մասն է․ բայց դուք գիտե՞ք, թե ի՞նչ ճանապարհ է անցնում ձմերուկը՝ մինչև դաշտից մեր սեղանն է հասնում, և ի՞նչ աշխատանք են կատարում ձմերուկագործներն այդ ընթացքում։ Մեզ նույնպես հետաքրքիր էր, և ձմերուկագործ Գրիգորի Բաբայանը բոլոր հետաքրքրասերների համար 7 ամսվա աշխատանքը մի քանի վայրկյանում է պատմում։
Ինչպե՞ս է աճում արևասեր ձմերուկը։
«Սկզբից 40-50 սմ խորը վար ենք արել, հետո հարթեցրել տարածքը, ջերմոցները պատրաստել, ջուրը արտիզանից բերել մեր դաշտ։ Հողը լավ խոնավեցնում ենք, սածիլները տեղադրում, բայց մինչև ձմերուկը ընկույզի չափ դառնալը չենք ջրում։ Հետո կանոնավոր ջրում ենք մինչև հասնելը»։
Գրիգորին արդեն 4 տարի է հմուտ ընկերոջ՝ Արտյոմի հետ ձմռան վերջից մինչև ամռան վերջ ձմերուկի դաշտում է անցկացնում․ առավոտյան 6-ին զարթուցիչը նրանց Ասկերանի ու Իվանյանի դաշտերի մասին է հիշեցնում։ Մինչև պատերազմը նույն գործով զբաղվում էին նաև Ակնայի դաշտերում․ «ընդըղենը օրիշ ա է իլալ, բայց էս մին դաշտենն էլ ա համըղ»՝ ասում է։
«Ասկերանում 2,3 հա դաշտ ունենք։ Շատ բերք էինք սպասում ՝ 150 տոննայի չափ, բայց չստացվեց։ Կարկուտ եկավ, սածիլները վնասվեցին, մինչև քանդեցինք վնասվածները, նորից մշակեցինք՝ շուկայական գինը իջել էր»։
Արդեն հարազատ դարձած աշխատանքն իրեն հատուկ բնավորության գծերն է թողել մշակողների վրա․դաշտում իրար լսելու համար հաճախ են բարձր խոսում կամ ձեռքերով հասկացնում՝ ի՞նչ է պետք, բայց տուն հասնելով էլ բարձր ձայնն ու ժեստերի լեզուն դաշտում չեն թողնում։ Ընտանիքի անդամներն էլ ճիշտ հասկանալու համար մեկ-մեկ դաշտ են գալիս, իբրև օգնում, ոգևորում նրանց։
«Երեք տեսակի ձմերուկ ենք մշակել «Կարիստան», «Թալիսման» և «Սակատա ռուբի»։ Երբ շաբաթօրյակ ենք կազմակերպում, ընտանիքի անդամներն էլ են գալիս, օգնում։ Իրենք շատ հավանում են գործս։ Չնայած այս տարի բերքատվությունը լավ չէր, միևնույնն է, հաջորդ տարի էլ եմ ձմերուկ մշակելու ու այնպես եմ անելու, որ այս տարվա տեղն էլ լրացնեմ»։
«Համեղ» բիզնեսը ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է։ Ասկերանի դաշտը գտնվում է թշնամու դիրքից 340 մետր հեռավորության վրա․ չգիտես՝ ամեն պահի ի՞նչ կարող է պատահել դաշտում, ի՞նչ տրամադրությամբ կարթնանա թշնամին, բայց երբ հստակ գիտես, թե ինչ է սպասում երեխադ ու ընտանիքդ քեզնից, նույն ճանապարհն ես բռնում՝ անտեսելով վախերը։ Պատերազմից հետո կրճատվել են ձմերուկի դաշտերը։ Տեղական արտադրանքը բավարում է բնակիչներին, թե՞՝ ոչ՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն է մանրամասնում։
«Նախապատերազմյան շրջանում ձմերուկի մշակմամբ հիմնականում զբաղվում էին Հադրութի հարավային հատվածում՝ Արաքսի հովտում, Ակնայի տարածքում և Քաշաթաղի հարավային թևում։ Հանրապետության ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարում էր, զգալի մասն էլ արտահանվում էին Հայաստանի Հանրապետություն։ Պատերազմից հետո դաշտերի մակերեսը զգալի չափով կրճատվել է։ Բայց ուզում եմ նշել, որ այսօր էլ բավարարում է տեղական պահանջարկը, ինչպես նաև արտահանվում է ՀՀ»։
Ձմերուկներն արտահանվելուց բացի, նաև ներմուծվում են, հատկապես այն շրջանում, երբ շուկայում համեղ «գնդակը» հազվադեպ է հանդիպում։ Ավետիսյանի խոսքով՝ ներկա պահին ձմերուկի գինը մատչելի է, կանխատեսում է նաև գնիջեցում։ Այն հարցին, թե ինչպես են փոխհատուցելու կարկուտի պատճառած վնասը՝ Ավետիսյանն է ներկայացնում։
«Տուժած հողօգտագործողների տվյալները հավաքագրել ենք․ ունենք տարածքներ, որ վնասվել են 100 տոկոսով, կան՝ մասամբ։ Քննարկում ենք՝ պարզելու՝ ի՞նչ մեխանիզմով փոխհատուցենք կրած վնասը։ Որոշում կայացնելու դեպքում բոլորը կտեղեկացվեն և իրենց հասանելիք աջակցությունը կստանան»։
Շուկայում վաճառողները հաճախ են հանդիպում գնորդների, որոնք ձմերուկ գնելու համար մոտ 10 և ավելի րոպե են ծախսում․ ձմերուկագործ Գրիգորին այդ տեսարանին հենց դաշտում է ականատես լինում։ Ասում է՝ բարձրացնում են, մի քանի անգամ նույն ձմերուկը պտտում, այս ու այն կողմ գլորում, թխկթխկացնում, հետո, որը գեղեցիկ է լինում, վերցնում, բայց ձմերուկի ներսը այդպես էլ չեն տեսնում։ Ձմերուկագործները խորհուրդ են տալիս դաշտ, շուկա դանակով գնալ․ միայն այդ դեպքում պարզ կլինի՝ կանաչի տակ ինչպիսի գույն է թաքնված։